Նշւեց «Սօսէ Մայրիկ» հանգստեան տան հիմնադրման 40 ամեակը

Թւականիս Նոյեմբերի 16-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը տօնեց իր հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» հանգստեան տան հիմնադրման 40-ամեակը:

Ձեռնարկին ներկայ էին Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Վերապատւելի Սերգէյ Շահւերդեանը, ազգային և կրօնական մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, «Սօսէ Մայրիկ» ծերանոցի բնակիչներն ու աշխատակազմը և ընկերութեանս անդամուհիները:

Սկզբում ընկերութեանս նախագահուհի՝ տկն. Անահիտ Զարգարեանն իր բարեգալստեան խօսքը ուղղեց ներկաներին և ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց «Սօսէ Մայրիկ» Ծերանոցի գործունէութեան մասին:

Ծրագրի գեղարւեստական բաժնում երգով և արտասանութեամբ հանդէս եկան օր. Օֆիկ Մատթէոսեանը և օր. Ալենուշ Իսաղուլեանը, իսկ ներկաներից նաև իրենց ինքնակամ երգերով առաւել ճոխացրին ձեռնարկը:

Օրւայ առիթով պատրաստւած կարկանդակը կտրւեց սրբազան հօր և միութեանս վետերան անդամուհիներ՝ տիկնայք Զապել Թարվերդեանի և Այդա Եահինեանի միջոցով: Վերջում սրբազան հայրն իր հայրական խօսքն ուղղեց ներկաներին:

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Սօսէ Մայրիկ» ծերանոցի որոշ բնակիչներ, վատառողջ լինելու բերումով, անկարող էին մասնակցել վերոյիշեալ ձեռնարկին ուստի և այդ պատճառով, նոյեմների 24-ին, ծերանոցի հիմնադրման 40-ամեակի առիթով, վարչութեանս անդամուհիներն այցելեցին ու ճաշ հիւրընկալեցին «Սօսէ Մայրիկ» հանգստեան տան բնակիչներին և ուրախ ու մտերմիկ մթնոլորտում վայելեցին զւարճալի պահեր:

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւն