ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Ամէն տարի Հայոց Եկեղեցին յատուկ հանդիսաւորութեամբ նշում է իր հիմնադիր առաքեալների Ս. Թադէոսի եւ Ս. Բարթողիմէոսի տօնը, պանծացնելով նրանց յիշատակը եւ եկեղեցու հաւատացեալների գիտակցութեան մէջ վերակենդանացնում նրանց առաքելութեան եւ նահատակութեան խորհուրդը։

Արդարեւ ուրբաթ 30 նոյեմբերին, Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս մատուռում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ, որը մատոյց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան։ Մեծ թւով հաւատացեալ ուխտաւորներ ներկայ էին Ս. պատարագին։ Ներկայ էր նաև առաջնորդի օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը: Խորանի վրայ պատարագիչ Սրբազան հօր սպասարկում էին Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շամիրեանն ու բարեշնորհ Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը:

Սրբազան հայրն իր քարոզի սկզբին անդրադարձաւ Քրիստոսի առաքեալների անշահախնդիր եւ նւիրեալ աւետարանչական գործին, ասաց՝ «Առաքեալ նշանակում է ղրկւած: Մարդ, որ յատուկ առաքելութեան ու գործով է ղրկւում: Յիսուս Քրիստոսն իր առաքեալներին յատուկ պարտականութիւն և առաքելութիւն տւեց, որ գնան և աշխարհի ժողովրդներին Իրեն աշակերտ դարձնեն, այսինքն Իր Աւետարանի հետևորդները լինեն, Իր պատւիրանները գործադրողները դառնան և Իր ցոյց տւած ճանապարհից ընթանան»:

Սրբազանը շարոնակելով իր քարոզն ասաց՝ «Հայաստանում քրիստոնէական լոյսը քարոզողները եղան Ս. Թադէոս եւ Ս. Բարդողիմէոս առաքեալները։ Նրանք լցւած աւետարանական սիրով ու Քրիստոսի յարութեան հաւատքով, անվախօրէն քարոզեցին Յարուցեալ Փրկիչը, արհամարհելով ամէն տեսակ դժւարութիւն, հալածանք ու չարչարանք և եղան ժողովրդի և եկեղեցու զօրութեան ու լուսաւորութեան աղբիւր և այդպիսին էլ մնալու են»:

Իր քարոզի մի այլ մասում Սրբազան հայրը շեշտելով մեր ժողովրդի գոյատևման մասին, ասաց՝ «Մեր ժողովուրդը, ինչպէս որևէ մի քրիստոնեայ ժողովուրդ, տառապանքների միջից անցնելով, իր գոյութեանն առաւել աւիշ դրեց, իր կեանքին և առաքելութեան առաւել սնունդ տւեց և կարողացաւ յաղթել մահւան և բոլոր չարչարանքներին, 103 տարիներ առաջ ենթարկւեց ցեղասպանութեան, սակայն երեք տարիներ յետոյ հիմքը դրեց իր ազատ ու անկախ գոյութեան»: «Գիտակցւած մահը յաւիտենականութիւն է և երանի նրան, որ այդ գիտակցած մահով այս աշխարհին հրաժեշտ է տալիս, յաւիտենական կեանք երթալու համար», եզրակացրեց Սրբազանը:

Սրբազան հայրն իր քարոզի վերջում ողջունեց ներկայ ուխտաւոր ժողովրդին եւ մեծապէս գնահատեց իրենց խուռներամ մասնակցութիւնը Ս. Պատարագին:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն Աջովն Ս. Գէորգ Զօրավարին։

Լուսանկարիչ՝ Ռեբեքա Վարդանեան