Պետական հիւրերի այցը՝ «Սօսէ Մայրիկ» տարեցների տուն

Երեքշաբթի, դեկտեմբերի 4-ի առաւօտեան, «Սօսէ Մայրիկ» տարեցների տուն այցելեցին Թեհրանի կուսակալութեան քաղաքական ու կարգապահական հարցերով տեղակալ Աբդոլազիմ Ռեզային, Բարեկեցութեան (Բեհզիսթի) կազմակերպութեան Թեհրան քաղաքի տնօրէն դոկտ. Ֆազելինեժադը եւ յարակից բաժինների պատասխանատուներ:

Հիւրերին ողջոյնի խօսք ուղղելով Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանը, անդրադարձաւ 1905 թւականին հիմնադրւած ընկերութեան բարեգործական քայլերին եւ ընկերութեան վերահսկողութեան ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» եւ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գտնւող տարեցների տան ղեկավարման եւ տարւող աշխատանքներին, ինչպէս նաեւ առգոյ դժւարութիւններին: Նա ընդգծեց, որ այս տարի լրացաւ «Սօսէ Մայրիկ» տարեցների տան հիմնադրման 40-ամեակը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անունից Արմինէ Սէթխանեանը անդրադառնալով իրականացւող աշխատանքներին, յոյս յայտնեց, որ նման հանդիպումները ունեն դրական լիցքեր՝ աշխատանքները է°լ աւելի դիւրին դարձնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում բարեկեցութեան կազմակերպութեան անունից դոկտ. Ֆազելինեժադը նշելով, որ դեկտ. 3-ը համընկնում էր հաշմանդամութիւն ունեցող անհատների օրւան եւ օրեր առաջ եւս տարեցների համաշխարհային օրն էր, ուստի որպէս առաջին կենտրոն ընտրւել է «Սօսէ Մայրիկ» տարեցների տունը եւ կազմակերպութեան անունից խոստացաւ տարեցների տան ընթացիկ աշխատանքների համար 10 միլիոն թուման նւիրել:

Թեհրանի կուսակալութեան քաղաքական ու կարգապահական հարցերով տեղակալ Աբդոլազիմ Ռեզային գնահատելով տարւող աշխատանքները, կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում կատարած ներդրումներին եւ բոլոր բնագաւառներում դրսեւորած սրտցաւ մասնագիտական ու մարդկային մօտեցումներին:

Հիւրերը վերջում այցելեցին հանգստի տան տարբեր բաժիններ:

Լուրը «Ալիք»-ից