Հոգեհանգիստ 1988 թւականի երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար

Ուրբաթ, թւականիս դեկտեմբերի 7-ին, յաւարտ Ս. Պատարագին, Թեհրանի թեմի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց և այդ առիթով քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Օրւայ իր քարոզում, Սրբազան Հայրը բացատրելով 30 տարիներ առաջ Լենինական, Սպիտակ և Կիրովական քաղաքներում և իրենց շրջակայ գիւղերում պատահած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով աւելի քան 26.000 անմեղ հայորդիներ զոհ գնացին, շեշտեց՝ «Պատիւ մեր ժողովրդին, որ իր հաւատքով, հայրենիքին և կեանքին կապւած անբեկանելի հաւատքով ու կամքով և տառապելով հանդերձ, իր կեանքը շարունակեց: Շարունակեց այնպիսի վիճակով և ձևով, որ հետզհետէ նոր ծլած կեանքով սկսեց աճել ու բազմանալ»:

Առաջնորդ Սրբազանն իր քարոզի միւս բաժնում շեշտելով, որ մեր երկիրը տեղաւորւած է երկրաշարժի գօտու վրայ և անգամներ տարբեր քաղաքներն ու վանքերը երկրաշարժի ենթարկւելով լրիւօրէն քանդւել են, բայց վերակառուցւել, աւելացրեց՝ «Կործանիչ ուժը, բնական աղետի հետևանքով լինի դա կամ մարդկային գործօնի, չի կարողացել մեր ժողովրդի կամքն ընկճել և մեզ մեր կեանքից զրկել: Սա արդիւնքն է մեր ժողովրդի ապրելու, գոյատևելու, կամքի և քրիստոնէական հաւատքի»:

«Հայը, ի բնէ ստեղւած է ապրելու և գոյատևելու համար: Փառք ու պատիւ մեր ժողովրդին, որ անտանելի տառապանքների դժոխային կեանքի միջից անցնելով, կարողացել է վերստին շինել իր երկիրը» - եզրակացրեց Սրբազան Հայրը:

Հոգեհանգստեան արարողութեան ներակայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամների ներկայացուցիչները և հաւատացեալների հոծ բազմութիւն