Հարցազրոյց Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանում

Էմամ Խոմէյնիի դամբարանային համալիրի մշակութային տեղակալութեան կից «Հարիմ-է Էմամ» շաբաթաթերթը Ս. Ծննդեան տօների հետ կապւած նպատակ ունի «Իսլամական յեղափոխութիւնը եւ կրօնական փոքրամասնութիւնները» խորագրով մասնաւոր համար հրապարակել, որտեղ ներկայացւելու է Յիսուս Քրիստոսը ու նաեւ անդրադարձ է կատարւելու իրանցի քրիստոնեաների մատուցած ծառայութիւններին:

Այս կապակցութեամբ չորեքշաբթի դեկտեմբերի 5-ին, Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում տեղի ունեցաւ հարցազրոյց, որին մասնակցեցին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ Վարդան Վարդանեանը, արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի կողմից պարտադրեալ պատերազմի ճակատներ գործուղւած արհեստաւոր և նահատակ Վազգէն Աւանէսեանի հօրեղբօր որդի՝ Արամ Աւանէսեանը, նահատակ Նորիկ Բաբախանեանի եղբայր՝ Ժորժիկ Բաբախանեանը և նահատակ Վահիկ Բաղդասարեանի եղբայր՝ Սիմոն Բաղդասարեանը:

Հարցազրոյցի մասնակցողներն անդրադարձան Իրանի իսլամական յեղափոխութեան, 8-ամեայ պարտադրեալ պատերազմի եւ Իրանի վերակառուցման շրջանում իրանահայութեան դերակատարութեանը: