Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՒԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Բացւող նոր տարւայ առաջին պահին, որպէս յանձնառու քրիստոնեաներ, ակամայ մտածում ենք նոր, նոր տարի, ամանոր բառերի եւ դրանցով մեզ փոխանցւող խորհրդի մասին ու մեր դէմ ելող մեր անմիջական հարազատներին՝ ասում «Շնորհաւոր նոր տարի եւ գալիք Ս. Ծնունդ»։ Արդարեւ գեղեցիկ ու բարի մաղթանք, որով Աստծու շնորհքով օծուն նոր տարի եւ Ս. Ծնունդ ենք ցանկանում ողջ աշխարհին բայց յատկապէս ծնունդի խորհուրդով իր կեանքն ու հոգին զարդարող ու ջերմացնող աստւածաստեղծ արարածների։

Աստւած մեր գոյութեան կենտրոնական առանցքն է, մեր մարդկայնութեան որոշիչ տարրը, հետեւաբար ստեղծւած ենք իբրեւ մարդ Աստծուն հետեւելու, նրա հետ հաղորդութեան մէջ մտնելու իբրեւ իր որդիները։

Աստծուն հետեւելու, նրա հետ հաղորդութեան մէջ մտնելու համար, մարդ արարածը կոչւած է լսելու իր Տիրոջ ձայնը, հետեւելու իր պատգամների, գործադրելու իր օրէնքները եւ լսելու իր պատւէրները, որովհետեւ Տիրոջ օրէնքը անձը վերանորոգում է. պատւիրանները վստահելի են եւ իմաստնացնում են պարզամիտների, առաւել, նրանք լոյս են եւ աչքն ու միտքը լուսաւորում ու պայծառացնում։

Այսօրւայ համաշխարհայնացած աշխարհում ապրող մարդը որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի Տիրոջ պատւիրաններով վերանորոգւելու ի խնդիր առաւել լոյսի։

Աշխարհն ու աշխարհայինը կլանել են մարդ էակին, խլացրել են իր ականջներին ու պղտորել իր միտքը նրան հեռացնելով իր կոչումից, որ է անդադար փառաբանանքը Աստծուն։ Իր իսկական կոչումից հեռացած մարդ արարածի կեանքը վերածւում է խոտի, որ ամռան կիզիչ արեւին չորանում եւ փչող քամու հետ անյետ կորում, մինչ Աստծու պատւիրաններով առաջնորդւող մարդը միշտ վերանորոգման ընթացքի մէջ է անընդհատ աղաչելով, որ Աստւած նոր եւ մաքուր սիրտ դնի իր ներսիդին, որ կարողանայ իր կեանքը ապրել Աստծու կամքի համաձայն։ «Մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ, ով Աստւած, նոր եւ ուղիղ հոգի դիր իմ ներսում»(Սղ. 51։10)։

Աստւածային պատւիրաններով նորոգւած մարդ էակը կը կարողանայ ինքն իրեն հաշւեյարդարի ենթարկել, վերանորոգել ինքն իրեն եւ դառնալ ատօք հասկ նւիրաբերւելու Աստծու զոհագործութեան սեղանին։ Սաղմոսերգուն մեզ յուշում է, որ միայն ՛՛անբիծ կեանքով ապրողները, արդարութիւն գործողներն ու ճշմարտութիւնը խորհողներն ու խօսողները, պիտի կարողանան Տաճարիդ մէջ լինելու եւ Սուրբ Լեռան վրայ բնակութիւն հաստատելու՛՛(Սղ. 15։1-3), այլ խօսքով վայելելու Աստծու մշտատեւ ներկայութիւնը։

Մեր Տէրը Յիսուս Քրիստոս Գեթսեմանիի պարտէզում իր եկեղեցու համար աղօթելիս խնդրեց իր հօրից, որ ՛՛անվտանգ պահի նրանց իր անւան զօրութեամբ՛՛ եւ շարունակում «Ես չեմ խնդրում որ նրանց վերցնես աշխարհից, այլ չարից պահես նրանց»(Յհ. 17։15)։

Այսօրւայ աշխարհը լի է փորձութիւններով, տագնապներով, դժւարութիւններով, տագնապալի այս վիճակները կարող են խորտակել մարդ էակին եւ կամ էլ լինել նրա զօրութեան աղբիւրը։ Պօղոս առաքեալը խօսելով իր ցաւի ու տառապալից կեանքից ձեռք ձգած փորձառութեան մասին, գրում է. «Այդ ցաւի համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացնի ինձանից։ Բայց նա ինձ ասաց. ՛՛Իմ շնորհը բաւ է քեզ, որովհետեւ իմ զօրութիւնն ամբողջապէս յայտնւում է մարդու տկարութեան մէջ։՛՛ Ահա թէ ինչու մեծ հաճոյքով պարծենում եմ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ հաստատւի Քրիստոսի զօրութիւնը»(Բ. Կր. 12։8)։

Տօնական այս օրերին երբ մեր շուրջ տիրող տնտեսական, ընկերային, քաղաքական դժւարութիւնները տագնապեցնում են մեզ, որպէս քրիստոնեայ հաւատացեալներ պիտի նայենք մեր Փրկչին, ամրացնենք մեր հաւատքը, վստահենք իրեն եւ այն ատեն պիտի զգանք, որ մեր տկարութիւններն ու շրջապատի դժւարութիւնները մղելու են մեզ մեր ուշադրութիւնը կենտրոնացնելու կեանքի հիմնական ճշմարտութիւնների վրայ։

Տկարութեան մէջ զօրացած եւ աստւածահաճ կեանքով ապրող առողջ մարդ էակը ուրախութեամբ ձայնակցում է սաղմոսերգուին.-

Տէրը վէմս է, իմ ամրոցը, իմ փրկիչը,
Աստւածս իմ պարիսպն է, եւ ես նրան եմ ապաւինում։
Իմ վահանն է Նա, ինձ փրկող զօրութիւնը
Եւ իմ բարձր աշտարակը (Սղ. 18։2)։

Պօղոս հեթանոսաց Առաքեալը եփեսացիներին գրած իր նամակում թելադրում է իր եկեղեցու անդամներին, որ միշտ պատրաստ լինեն իրենց մէջքը ճշմարտութեամբ ամրապնդելու, զրահաւորւելու արդարութեամբ, հաւատով վահանաւորւելու եւ միմեանց համար աղօթելու, որպէսզի Ս. Հոգիի սուրով, այսինքն Աստծու խօսքով պայծառակերպւած եւ զօրացած, կարողանան դէմ դնելու աշխարհից իրենց վրայ եկող չարի հարւածներից։

Աստծու օրէնքով ու պատւիրաններով առաջնորդւելու համար հարկ է թօթափել ու մէկդի դնել երեւելի եւ աներեւոյթ մեղքերն ու մեղանչումները. մեղքը թոյլ չի տալիս լսելու հրեշտակների եւ երկնային զօրքերի հրաշալի ու կերպարանափոխիչ երգը, որով աշխարհին աւետում էին ՛՛խաղաղութեան եւ հաճութեան՛՛ հաստատումը երկրի վրայ։

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,
Խաղաղութիւ՜ն երկրի վրայ
Եւ հաճութիւ՜ն մարդկանց միջեւ»(Ղկ. 2։14)

Այսօրւայ համաշխարհայնացած աշխարհում, որտեղ համացանցային արհեստագիտութեան արագընթաց նւաճումներով, մի պահ շլացած մարդկութիւնը, կարծես փորձում է համոզել ինքն իրեն թէ արդէն իսկ գտել է իր երջանկութեան բանալին։ Սակայն սաղմոսերգուն մեզ յիշեցնում է, որ իրական երջանկութիւնը գալիս է Աստծուց իր Յայտնութեան միջից, այլ խօսքով Յիսուս Քրիստոսի մարդեղութեամբ, որ ասաց. «Ես եկայ որպէսզի կեանք ունենան, եւ կեանքը լինի առաւել լեցուն»(Յհ. 10։10)։

Քրիստոսի եկեղեցին, ընդորում եւ Հայոց եկեղեցին, Քրիստոսով գոյաւորւած ու իրենով պատւանդանւած վէմի վրայ, անցեալ երկուհազար տարիների ընթացքին եղաւ շեփորահարը աստւածային այս ճշմարտութեան։ Տիրոջ օրէնքով, այսինքն խօսքով ու պատւիրաններով առաջնորդւեց միշտ ինքն իրեն վերանորոգելով ու վերակենսաւորելով։ Պօղոս Առաքեալը ասում է «Մի ընդօրինակէք այս աշխարհի մարդկանց վարմունքները, այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով, որպէսզի իմանալով Աստծու կամքը՝ ձեր փորձառութեամբ ընտրէք լաւը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան եւ կատարեալ»(Հռ. 12։2)։ Իրական քրիստոնեայ մարդու համար յարատեւ նորոգութիւնը պիտի լինի իր կեանքի մեկնակէտն ու կիզակէտը։

Հայ ժողովուրդը իր վերջին երկու հազար տարիների կեանքը ապրեց ու ստեղծագործեց մարդացեալ Աստծուց իրեն եկած պատւէրներով ու պատգամներով։ Հայը, առաքեալի բառերով, խաչակից եղաւ իր Փրկչին եւ առանց յուսահատութեան շարունակեց իր կեանքը։ Իր շրջապատից իրեն եկած հալածանքներից, չարչարանքներից, աւերումներից ու կործանումներից ոչ միայն չնկճւեց այլ ընդհակառակը դրանք իրեն համար եղան աղբիւր զօրութեան նոր կեանքի ու նոր արշալոյսի՝ կերտւած Մայիսեան յաղթանակներով եւ պսակւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակումով ու հայոց պետականութեան սկզբնաւորումով։

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան շնորհաբեր տօները մեր եկեղեցու եւ ժողովրդի կեանքում եղել են աղբիւր վերանորոգութեան, զօրութեան, հաւատքի կենսաւորման եւ պայծառատես ու յուսավառ ապրումներով մեր նայւածքները յառելու Բեթղեհէմի երկնակամարի վրայ փայլատակող կենսաբեր Աստղին, նրա ճառագայթարձակ լոյսով քալելու մեր հայրերի աւետարանաբոյր ճամբայով։ Աստւածայայտնութեան խորհուրդը խորհուրդն է սիրոյ որով երկինքն ու երկիրը խաղաղութեան ծիածանով գիրկընդխառնւեցին եւ այդ գիրկընդխառնումից ծնունդ առաւ հաճութիւնը մարդկանց միջեւ ու մարդը զգեցաւ անմեղութեան սպիտակ պատմուճանը։

Աստւածայայտնութեան խորհուրդը մեզ կերպարանակից է անում Արարիչ Հօր, վերադարձնում է մեզ մեր անաղարտ պատկերը մեր մէջ սերմանելով սիրոյ, խաղաղութեան, արդարութեան եւ հաճութեան բարի սերմերը նոր կեանքի։

Այսօրւայ աշխարհը որեւէ մի բանից աւելի կարիքն ունի աստւածային այդ սիրոյ եւ խաղաղութեան, արդարութեան եւ հաճութեան, որպէսզի քէնն ու քինախնդրութիւնը, թշնամութիւնը, ատելութիւնն ու ոխակալութիւնը, անձնասիրութիւնն ու եսակենտրոն զգացումները միանգամ ընդմիշտ հեռանան մեզանից, որպէսզի կարողանանք անապական ու խաղաղացեալ հոգով եւ մտօք փառաբանենք Տիրոջ Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը եւ նոյն զգացումներով նաեւ միմեանց շնորհաւորենք։

Ծննդեան խորհուրդով օծուն զգացումներով ողջունում ենք մեր ժողովրդի բոլոր զաւակներին, շնորհաւորում նրանց ու մի անգամ եւս յիշեցնում բոլորին, որ դէպի ապագայ մեր երթը նպատակաուղղած լինելու է Աստծուն ի խնդիր մեր հոգեւոր փրկութեան եւ միւս կողմից էլ մեզանից խլւած մեր իրաւունքների՝ ամբողջական հայրենիքի ձեռքբերման հեռանկարով։

Աղօթում ենք աշխարհի եւ յատկապէս մեր տարածաշրջանի երկրների եւ նրանց ժողովուրդների խաղաղ եւ օրհնաբեր կեանքի համար։ Աղօթում ենք մեր եկեղեցու առաւել պայծառութեան, մեր հոգեւոր առաջնորդների համար ձայնակցելով երկնային զօրքերի ու հրեշտակների.-

Փա՜ռք Աստծուն բարձունքներում,
Խաղաղութիւն երկրի վրայ եւ
Հաճութիւն մարդկանց միջեւ. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Դեկտեմբեր 2018
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ