Թեհրանի Քաղխորհրդի աւագանու շնորհաւորական այցը՝ ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ուրբաթ յունւարի 4-ի կէսօրին, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին Թեհրանի Քաղխորհրդի աւագանուն:

ԻՌՆԱ-ի համաձայն, հանդիպման ընթացքում, հայոց թեմի առաջնորդն ողջունելով հիւրերին եւ ներկայացնելով իրանահայ համայնքի եւ ի մասնաւորի Թեհրանի հայ համայնքի անցեալն եւ ներկան, ընդգծել է. «Իրանի ժողովուրդը միասնականութեամբ թիկունքում է թողնելու բոլոր դժւարութիւնները, ի շարս տնտեսական դժւարութիւնները»: Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ Քաղխորհրդի աշխատանքներին:

Հանդիպմանը Թեհրանի Քաղխորհրդի նախագահ Մոհսէն Հաշեմին շնորհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ծնունդը, յոյս յայտնեց, որ երկրի տնտեսական վերելքի առումով արտերկրում գտնւող իրանահայերը երկիր վերադառնալով, այստեղ տնտեսական աշխատանքներ ծաւալեն: Նա նշեց. «Թեհրանի Քաղխորհուրդը պատրաստ է բոլոր ոլորտներում նպաստել հայ հայրենակիցներին»:

Հանդիպմանը Թեհրանի Քաղխորհրդի աւագանու անդամ Ահմադ Մասջէդ Ջամէին եւս ընդգծեց, որ Իրանը միշտ ապահով երկիր է եղել կրօնական եւ էթնիկ հաւաքականութիւնների համար եւ նշեց, որ համաձայն օրէնքի, սրբավայրերը, ինչպէս եկեղեցիները ձերբազատւած են հարկերից:

Յատկանշական է, որ երէկ Թեհրանի Քաղխորհրդի աւագանին աւելի շուտ եղել է Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցում: