Ամանորին եւ Ս. Ծնունդին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանի Ս.Սարգիս մայր եկեղեցում

«Միասին երգելով՝ միասին դիմաւորենք Նոր տարին եւ Ս. Ծնունդը» խորագրով, յունւարի 3-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի:

Հակառակ տեղացող ձեան ու անձրեւի, հոծ բազմութիւն էր համախմբւել եկեղեցում, ուր նախ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի խմբավարութեամբ եւ եկեղեցու դպրաց դասի մենակատարների միջոցով հնչում էր Ս. Ծննդեան տօների առիթով շարականներ, ինչու չէ նաեւ Ամանորին նւիրւած երգեր, որոնց ժողովուրդը ձայնակցում էր իրենց տրամադրւած տեքստերով:

Պատանիների միջոցով բեմականացւեց Յիսուս Քրիստոսի ծնունդը եւ եկեղեցում կազմակերպւած միջոցառման աւարտին հայոց թեմի առաջնորդը մի պատմւածքի ընդմիջից կարեւորեց միմեանց նկատմամբ փոխադարձ յարգանքի, սիրոյ եւ միմեանց օգնելու անհրաժեշտութիւնը:

Վերջում եկեղեցու շրջափակում կազմակերպւել էր բոլոր միութիւնների եւ միութիւնների յարկի տակ գործող պարախմբերի սաների միասնական աւանդական շրջպար, որին միանում էր ժողովուրդը եւ Եկեղեցական խորհրդի միջոցով եւս հիւրընկալւում էին ներկաները, իսկ Ձմեռ պապիկները փոքրիկներին նւիրում էին նւէրներ:

Ամանորի սոյն հանդիսութիւնը շարունակւեց մինչեւ ուշ գիշեր:

Լուրը «Ալիք»-ից