Հայ և Զրադաշտական Նահատակ Զինւորների Մեծարման Երեկոյ

Հինգշաբթի յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող նահատակների մեծարման (ՖԱԴԱՔ) ժողովրդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ, կայացաւ հայ և զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։

Ծրագիրը կազմակերպւել էր Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով։

Միջոցառումը կայացաւ Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանութեան (լրտեսական որջ) շէնքի Բասիրաթ դահլիճում։

Ծրագրին ներկայ էին հայ նահատակ զինւոր՝ Ալֆրէդ Գաբրիի հայրը, պատերազմի վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն և Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդ֊ի Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ տկն. Վալենտին Յարթունեանը, պրն. Շահէն Միրզայեանսը և պրն. Գասպար Ամիրխանեանը: Ներկայ էին նաև մեծ թւով մուսուլման, հայ և զրադաշտական նահատակ զինւորների ընտանիքներ և Իսլ. Խորհրդարանում զրադաշտականների պատգամաւորը։

Միջոցառման ընթացքում մեծարւեցին և գնահատագրեր ստացան նահատակ Ալբերթ Գաբրիի հայրը և պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն, իսկ քանի որ նահատակ զինւոր Վիգէն Կարապետեանի մայրը, վատառողջ էր և բացակայում էր ծրագրից, նրա գնահատագիրը ստացաւ պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Շահէն Միրզայեանսը։

Ծրագրում գնահատագիր տրւեց նաև զրադաշտական նահատակ զինւոր՝ Խադեմիի մօրը, որը իր ելոյթում մեծարելով բոլոր նահատակներին շեշտեց, որ մեր զաւակները ևս իրենց պարտքը համարեցին հայրենիքի պաշտպանութեան համար իրենց մուսուլման եղբայրների կողքին մարտնչեն և իրենց կեանքի գնով դիմակայէն թշնամուն։

Ծրագրում ելոյթ ունեցաւ նաև Իսլ. Խորհրդարանի զրադաշտների պատգամաւոր՝ դոկտ. Էսֆանդիար Էխթիարին, իսկ միջոցառումը աւարտւեց ֆիլմի ցուցադրումով։

Թ.Հ.Թ.-ի Հայ Անձնուրացների Յանձնախումբ