«Մամուլի Տարւայ» Հայրապետական Կոնդակի Ընթերցում Թեհրանի Բոլոր Եկեղեցիներում

Ուրբաթ և կիրակի, 2019-ի յունւարի 25 և 26-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի «Հայ Մամուլ»-ի տարւան նւիրւած հայրապետական մաղթանքը:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում սրբատառ կոնդակն ընթերցեց թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում այն ընթերցեց Առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպ. Բարիքեանը:

Միւս եկեղեցիներում այն ընթերցեցին եկեղեցու քահանայ հայրերը։

Իր պատգամի մէջ Վեհափառ հայրապետը կարևորում է հայ մամուլի ունեցած դերն ընդհանրապէս մարդկութեան և այս պարագային մեր ժողովրդի կեանքում և այսօրւայ մեր իրականութեան մէջ ունեցած այժմէականութիւնը:

Այնուհետև Վեհափառն իր պատգամի մէջ թելադրում է.-
- Մեր թեմակալ առաջնորդներին, ազգային իշխանութիւններին, մեր քոյր կազմակերպութիւններին ու հայ մամուլի օրգաններին՝ հանդիսութիւնների, սեմինարների, համագումարների, դասախօսութիւնների, ցուցահանդէսների կամ հրատարակութիւնների միջոցով, լուսարձակի տակ առնել հայ մամուլի եզակի կարևորութիւնը մեր ժողովրդի կեանքում:
- Հայաստանում պետական, իսկ Սփիւռքում համայնքային պատասխանատուներին, գործնական միջոցներով նեցուկ կանգնելու հայ մամուլին, շեշտելով նրան վիճակւած բազմակողմանի դերը:
- Մեր ունևոր ազգայիններին, հայ մամուլին տրւած պատահական նւիրատւութիւններից այն կողմ, յատուկ հիմնադրամներ հաստատելու՝ հայ մամուլի արդիականացման և ընդհանրապէս վերակազմակերպման սատարող ծրագրերի իրագործման:
- Խմբագիրների ու լրագրողների պատրաստութեան ու վերաորակաւորման յատուկ դասընթացներ հաստատելու, յատկապէս Սփիւռքում: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը պատրաստ է նման նախաձեռնութեան դիմելու՝ գործակցութեամբ հայ մամուլի պատասխանատուների:
- Մեր ժողովրդի բոլոր զաւակներին, հեռու մնալու կայքէջերի միջոցով հրամցւող ընհանրապէս անորակ ու անդիմագիծ մամուլից և իրենց ամուր կապւածութիւնը գործնապէս արտայայտելու տպագիր հայ մամուլի նկատմամբ, բաժանորդագրւելով և հաղորդ դառնալով նրա բովանդակութեանը: