Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը յունւարի 31-ին բազմամարդ էր, քանզի համախմբւած էին ոչ միայն իրանահայ համայնքի, այլ նաեւ Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչները, մասնակից դառնալու իրանահայ ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանի մեծարման հանդիսութեանը:

«Ալիք» հաստատութեան կողմից կեանքի կոչւած յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած հանդիսութեանը, որը ի դէպ յագեցած էր նաեւ գեղարւեստական յայտագրով, համայնքի ազգային-հասարակական եւ պետական շրջանակների ներկայացուցիչները իրենց ելոյթների ընդմիջից վեր հանեցին Լեւոն Ահարոնեանի հարուստ եւ բեղուն կենսագրութիւնից, այնպիսի տւեալներ, որոնց միջոցով ներկայացւում էր Թեհրանի հայկական համայնքի անցեալ 40 տարիների պատմական անցեալը հիմքում՝ Իրանի տնտեսական վերելքին եւ Իրան-Հայաստան յարաբերութիւններին առնչւող թեմաներ:

Յոբելեարի 50-ամեայ բազմաբեղուն կենսագրութիւնը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութիւնից յետոյ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Լեւոն Ահարոնեանը, ով վեր հանեց իր ժամանակի ատենապետութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի շրջանից այնպիսի դրւագներ, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում համայնքի պատմական կեանքում:

Միջոցառման հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանի միջոցով հրաւիրւեցին յոբելեարին իրենց խօսքը փոխանցելու նրա հետ գործակցած, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ժամանակի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Սայիդ Թաղաւին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը, վերջում եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Գեղարւեստական յայտագրում ելոյթով հանդէս եկաւ Արցախից հրաւիրւած «Գանձասար» խումբը, դաշնամուրային կատարումներով Արփինէ Իսրայէլեանը, իսկ երգչախմբային կատարումով «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ:

Աւարտին յոբելեարին յանձնւեցին յուշանւէրներ՝ «Ալիք» հաստատութեան, Թեմական խորհրդի, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, Իրան-Հայաստան Արեւտրի պալատի կողմից: Ներկաներին տրամադրւում էր «Ալիք» հաստատութեան միջոցով պատրաստւած ալբոմ-գրքոյկը, որը ներկայացնում էր 90-ամեայ յոբելեարի ազգային-հասարակական եւ բարեսիրական գործունէութիւնը:

Լուրը «Ալիք»-ից