ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԱՌԻԹՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 14 փետրւար 2019 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:

Այս առիթով, չորեքշաբթի 13 փետրւար 2019-ի երեկոյեան ժամը 4:30-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:

Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու կոչ ենք անում մեր սիրելի ծնողներին, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ չորեքշաբթի 13 փետրւար 2019-ի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:

Յայտնենք, որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ իր պատգամը փոխանցելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեան եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհուրդով:

Այս առիթով թելադրում ենք մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, հայավայել եւ քրիստոնէավայել կերպով, այնպէս ինչպէս մեր հայրերն էին այն տօնում, միաժամանակ բացատրելով տօնին հետ կապւած հրավառութեան իմաստը։