Հոգեհանգստեան Արարողութիւն

Ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ քարոզեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ 31 տարիներ առաջ ադրբեջանցիների չարանենգ յարձակմանը, որով մեծ ջարդ կազմակերպեցին Բաքւում, Սումգայիթում և Արցախի այլ քաղաքներոմ և անմեղ ժողովրդի մահւան պատճառ դարձան:

«Մեր պատմութեան մէջ թշնամիները անգամներ ջանացել են հալածել մեր ժողովրդին, սակայն հայ ժողովորւրդը հաւատարիմ մնալով իր հաւատքին, ինքնուրոյնութեան և պատմութեան, կարողացել է դիմանալ այդ բոլորին և իր ճանապարհը շարունակել որպէս հայ»-շեշտեց Սրբազան Հայրը: «Արցախը դարպաս է Հայաստանի համար և Արցախի ազատ-անկախ պահպանումը իր ամբողջականութեան խորքում, անվտանգութեամբ և խաղաղութեամբ, ամրապնդում է Հայաստանին և մեր ժողովրդին» եզրակացրեց Սրբազան Հայրը: