Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի, փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը ներկայ են եղել Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները:

Ողջունելով հիւրին, Սրբազան Հայրը հակիրճ ներկայացրել է իրանահայ համայնքի եւ ի մասնաւորի Թեհրանի հայոց թեմի վարչական կառոյցը:

Ապա անդրադառնալով Իրանի շուրջ ծաւալւող քաղաքական իրադարձութիւններին, թեմակալ առաջնորդը նշել է, որ արտաքին քաղաքական հարցերով զբաղւող Իրանի պետական այրերի ջանքերի շնորհիւ, Եւրոպան եւ մեծ պետութիւնները, բացառութեամբ՝ ԱՄՆ-ի նախագահի եւ նրա գլխաւորած վարչակազմի, կանգնած են Իրանի կողքին: Այս համատեքստում Սրբազան Հայրն յատուկ կարեւորել է ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհիի առանցքային դերակատարութիւնը եւ գործադրած ջանքերը:

Անդրադառնալով երկրի հասարակական-քաղաքական կեանքում իրանահայութեան դերակատարութեանը, թեմակալ առաջնորդն ընդգծել է, որ իրանահայութիւնն իրանական մեծ հասարակութեան անքակտելի մի մասնիկն է, որը պատրաստ է զոհաբերել իր կեանքը՝ յանուն Իրանի:

Դոկտ. Սալեհին, իր հերթին, գոհունակութիւն յայտնելով այցի կապակցութեամբ, նշել է, որ իրանահայութեան մասին խօսելիս, նախընտրում է չօգտագործել «փոքրամասնութիւն» թերմինը. «Ինչ կրօն էլ, որ դաւանենք, մենք՝ բոլորս մէկ ազգ ենք եւ Իրանին ենք պատկանում: Մեր ընդհանրութիւններն այնքան շատ են որ, բարեբախտաբար, անհրաժեշտութիւն չկայ անդրադառնալու տարբերութիւններին»,- ասել է նա:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահը նշել է, որ իր ծանօթութիւնն իրանահայութեան հետ վերադառնում է դեռեւս մանկութեան եւ պատանեկութեան տարիներին, եւ անդրադարձել է երկրի գիտահետազօտական ոլորտում իրանահայութեան ներդրմանը, յիշելով յատկապէս Իրանի ռոբոտիկ գիտութեան հիմնադիր, հանգուցեալ դոկտ. Կարօ Լուքասին:

Հնադիպմանը հիւրին ողջունել է նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պատգամաւորը յատուկ անդրադարձել է դոկտ. Սալեհիի անհատականութեանը, ընդգծելով, որ նա ոչ միայն փորձառու դիւանագէտ, այլ նաեւ առաջնակարգ գիտնական է:

«Դոկտ. Սալեհին առաջին կարգի տեսաբան է, որը ձգտում է մեր երկրի համար ապահովել խաղաղասիրական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը: Կարծում եմ, այսօր, այս ասպարէզում մեր նւաճումներն ու ձեռքբերումները հէնց նրա առաջ քաշած տեսութիւնների արդիւնքն են»,- ասել է նա:

Հանդիպման աւարտին կողմերը փոխանակւել են յուշանւէրներով եւ Սուրբ Սարգիս եկեղեցի են այցելել:

Լուրը «Ալիք»-ից