Հոգեհանգստեան Արարողութիւն

Ուրբաթ 1 մարտ 2019-ի առաւօտեան, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, ազգային բարերար, նորոգ հանգուցեալ՝ Լուիզ Մանուկեան-Սիմոնի հոգու խաղաղութեան համար։

Ս. Պատարագը մատուցեց արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը, իսկ հոգեհանգիստից առաջ, օրւայ առիթով քարոզեց արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Տէր Արիստակէսը, անդրադառնալով Լուիզ Մանուկեանի կատարած բազմաթիւ բարեգործութիւնների մասին, ասաց՝ «Հանգուցեալ Լուիզ Մանուկեան-Սիմոնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան երբեմնի նախագահ և ազգային բարերար էր: Դուստրն էր Ալէք և Մարի Մանուկեանների: Նա Հայաստանի, Արցախի և Սփիւռքի հայ կեանքում իր և իր միութեան կատարած բարեգործութիւններով մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կեանքում: Նա մեծ ներդրում ունեցաւ 1988 թւի երկրաշարժից յետոյ «Սպիտակ» քաղաքի վերականգման գործում, նաև Գէորգեան և Վազգէնեան հոգևոր ճեմարանների աշխատանքների բարելաւման աշխատանքներում: Երևանում կառուցեց 3 եկեղեցիներ»:

«Այսպիսի անձինք կարողանում են իրենց տրւած Աստւածային օրհնութիւնից նւիրաբերել իրենց ժողովրդին, հայրենիքին և եկեղեցուն, նրանց գործերի բարելաւման համար», յաւելեց քահանայ հայրը:

Արարողութեանը ներկայ էին Թեհրանի Հ.Բ.Ը. Միութեան Վարչութեան անդամները և սկաուտները: