Նւիրատւութիւն Սեդրակ Նազարեանից

Կիրակի, 10 մարտ, 2019-ի կէսօրին, գաղութիս ազգայիններից արւեստաբան պրն. Սեդրակ Նազարեանը հանդիպեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Պրն. Նազարեանը Սրբազան Հօրը փոխանցեց 500 միլ. թումանի չէք, որով կը հաստատւի «Սեդրակ և Ժենիկ Նազարեան Բարեսիրական Ֆոնդ»-ը:

Սոյն հիմնադրամը անձեռնմխելի է. նրա տարեկան տոկոսը յատկացւելու է հայ չքաւոր ընտանիքներին, չքաւոր հայ աշակերտ-ուհիներին և սաներին, ինչպէս նաև մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին և պատանիներին օժանդակող «Ակունք» կենտրոնին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ազնիւ բարերարի մարդասիրական և քրիստոնէական, ազգասիրական զգացումները և առաւել առողջութիւն ու արևշատ կեանք մաղթեց իրեն և իր ազնւափայլ տիկնոջը: