Հանդիսաւոր Ս. Պատարագ Տեառն Մերոց Յիսուսի Քրիստոսի Գալստեան Տօնի Առիթով

Թւականիս կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

Պատարագի ընթացքին նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու Հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց նոյնինքն եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում՝ առաջնորդական օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը:

Ս. Սարգիս մայր եկեղեցում, Ս. պատարագի աւարտին, Սրբազան հայրն իր քարոզի սկզբին իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար, ապա բացատրեց Ծաղկազարդի խորհրդի մասին և ասաց՝ «Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ, մի տօն է, որով սկսւում է Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը, որ պիտի աւարտւի իր հրաշափայլ յարութեամբ»: «Քրիստոսը կամաւորաբար, ակնյայտ կերպով մուտք է գործում Երուսաղէմ, ժողովրդին ասելու, որ ինքը գալիս է որպէս խաղաղութեան Իշխան ժողովրդի կեանքում խաղաութիւն, սէր և միութիւն բերելու: Դրա համար նա իշու վրայ նստած է մտնում Երուսաղէմ, քանի որ էշը խաղաղութեան խորհրդանիշ է: Երուսաղէմի ողջ ժողովուրդը դիմաւորում է իրեն և բացականչում՝ «Ովսանա՜՜՜, Օրհնեալ է Նա, ով գալիս է Տիրոջ անունով»: Այստեղ մի անգամ ևս Քրիստոս բացայայտեց Աստւածաշնչական ճշմարտութիւնները, հաստատեց, վկայեց և ժողովրդին յիշեցրեց, որ Տաճարը աղօթքի վայր է, ոչ ուրիշ բանի: Ուրեմն եկէք այսօրւանից, ողջ Աւագ շաբաթւայ ընթացքին դիմաւորենք Քրիստոսին, մասնակցենք արարողութիւններին և վերապրենք իր փառահեղ յարութեան Տօնը»:

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի Առաջնորդարանի, որտեղ մանուկներին բաժանեց Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից պատրաստւած մի փոքրիկ նւէր:

Նոյն օր երեկոյեան նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը: Արարողութեան աւարտին Թեմակալ Առաջնորդը հակիրճ կերպով բացատրեց դռնբացէքի խորհուրդը և կոչ ուղղեց ներկաներին, որ զատկւայ օրերին ներկայ գտնւեն կրօնական արարողութիւններին և վերակենսաւորելու համար իրենց քրիստոնէական հաւատքը: