Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՈՎ ԱՊՐԵԼ ԵՒ ԳՈՐԾԵԼ Ի ԽՆԴԻՐ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ

Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի հրաշափառ յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկ ու կէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

Երեւակայեցէ՛ք սիրելիներ մարդիկ իրենց տներում նստած իրենց խաղաղ կեանքն էին ապրում եւ գործում, երբ յանկարծ պետական հրահանգով խաղաղ կեանքը հայ մարդու վերածւում է փոթորկոտ ու հալածական կեանքի։

Թուրքը երկար ժամանակ է, որ ծրագրել էր բնաջնջել հայը, որպէսզի կարողանար իր փան-թուրանական ծրագիրը իրագործել մեր ժողովրդի եւ երկրի հաշւոյն։

Պատմութեան առաջին եւ անմարդկային Ցեղասպանութիւնը իրագործւեց, այսինքն մի ողջ ժողովուրդ զրկւեց իր հայրենիքից եւ Աստծուց իրեն տրւած կեանքից։ Ցեղասպանութիւնը ծրագրած եւ իրագործած ղեկավարներից մին՝ Թալաթ Փաշան յայտարարեց որ Սուլթան Ապտ էլ Համիտ երկրորդը, որ ծանօթ է Կարմիր Սուլթան անունով, երեսուն տարւայ մէջ չկարողացաւ հայոց հարցը լուծել, ես այն երեք ամսւայ մէջ լուծեցի… ։ Բայց լուծե՞ց… Ցեղասպանութիւնից ընդամենը հինգուկէս տարի ետք Ցեղասպանութիւնից ազատւած հերոսի վրիժառու գնդակով, Պերլինի փողոցներից մէկում գետին պիտի տապալւէր վերջին շունչը փչելով։

Այո՛, Ապրիլ ամիսը, որ կեանքի եւ ուրախութեան ամիս էր վերածւեց խաւարի ու մահւայ ամսւան։ Ամայացաւ մեր երկիրը, գիշատիչ թռչունների երամները սեւ ամպեր գոյացուցին Հայաստանի երկնակամարի ներքեւ։ Ցեղասպանութիւնից ազատւած մեր ժողովրդի զաւակները Դեր-Զօրում, Հալէպում, Դամասկոսում, Միջագետքում եւ այլ քաղաքներում մահւան դէմ պայքարելով կարողացան վերակենդանանալ եւ վառ յոյսով ու տեսիլքով սկսեցին շինել իրենց նոր բոյնը, որ սակայն ցուրտ էր եւ անհարազատ։

Միւս կողմից էլ մենք, ամէն տարի, իւրայատուկ զգացումներով, ընդվզումի, արդար ցասումի եւ յոյսի վառ ապրումներով յիշում ենք մեր նահատակներին, գիտակցում մեզնից խլւած հայրենիքին, մի օր նրան վերատիրանալու անխուսափելիութեան, որով մեր հաւատքն ու կամքը պայքարի ճամբուն վրայ մեզ զօրացնում ու զրահաւորում են եւ վաղւայ գալիք վարդահեղեղ արշալոյսի տեսիլքը վերածում են ամենօրեայ ապրումի։

Քրիստոնէական մեր հաւատքը մեզ վսհատութիւն է ներշնչում ու զօրացնում մեզ մեր պայքարի մէջ։ Առաքեալը այսպէս է սահմանում հաւատքը.- «Հաւատ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք եւ համոզւած լինել այն բաներին որոնք չեն երեւում»(Եբր. 11։1)։

Հաւատքով ու վառ յոյսով է, որ խոնարհւում ենք մեր սրբազան նահատակների յիշատակի առաջ եւ նոյն հաւատքով ու անվրէպ յոյսով շարունակում մեր կեանքի գոյապայքարը ի խնդիր մեր սրբազան հողերուն եւ հայրենիքին եւ նրանց կառչած մնալը դաւանանքի եւ կեանքի սկզբունքի վերածելով մեր աչքերը յառած պահենք ձիւնածածկ յաւերժական Արարատին ու Սիփանին, Վանայ ծովուն ու Նեմրուդ սարին, Ախթամարին ու Մշոյ Ս. Կարապետ վանքին։
Յիշում ենք ցեղասպանութեան զոհ գնացած մեր անմեղ ու սուրբ նահատակները ու մտաբերում իրենց չարչարալից կեանքն ու նահատակութիւնը։

Յիշում ենք ցեղասպանութիւնն ու պատկերացնում թէ այդ գարնան ու ամրան հազարաւոր դաշտեր մնացին կարօտ իրենց հնձւորներին, որոնք դառն արցունքներով իրենք ետին թողին իրենց արտերը եւ քալեցին դէպի անորոշ ու անյայտ ապագան։

Ցեղասպանութիւն ասելիս մտաբերում ենք մարդկային այն կարաւանները, որոնք ոտաբոպիկ, կիսամերկ, անօթի ու ծարաւ, մահւան ստւէրը իրենց գլխավերեւ յամրաքայլ յառաջ են գնում դէպի անյայտութիւն։

Ցեղասպանութիւն ասելիս մտահորիզոնիս առաջ տողանցում են այն որբերը ովքեր մի թաքստոցից մի այլ թաքստոց են փախչում մարդասպան ոստիկանների ձեռքը չիյնալու համար, տակաւին տողանցում են այն անմեղ աղջիկներն ու կանայք, որոնք ակամայ զոհ են դառնում բորենիների ու գազանաբարոյ ՛՛ասկեար՛՛ների եւ մղում են մահւան ու կեանքի, լինել չլինելու իրենց պայքարը։

Տխուր ու սահմռկեցուցիչ այս պատկերի դիմաց մտաբերում եմ լուսաւոր, յուսադրիչ ու հպարտառիթ այն պատկեր-տեսարանները, որոնք ներկայացնում են խիզախ ու քաջ արժանապատւութեամբ զինւած, մահը արհամարհած հայ ֆիդայիններն, հայ կամաւորները, ովքեր յանուն իրենց հայրենիքին անհաւասար մարտերում իրենց կեանքն են պատարագում յանուն ազատ եւ արժանավայել կեանքի։

Ցեղասպանութիւն ասելիս մտաբերում ենք այսօրւայ հայակեանքը, հայրենիքում եւ հայրենիքից դուրս իր մարտահրաւէրներով, տագնապներով, մտահոգութիւններով, իր ինքնութեան մղձաւանջով տառապող երիտասարդութեամբ եւ իր հայրենիքի, ամբողջական հայրենիքի տեսիլքը, երազը իրականացնելու տագնապը ամենօրեայ ապրումի վերածող զինւորագրեալ երիտասարդութեամբ։

Ցեղասպանութիւն ասելիս մտածում ենք աւերակւած մեր պատմական հայրենիքի, նրա երբեմնի շէն ու բազմամարդ քաղաքների, գիւղերի, այգիների ու պարտէզների եւ նրանց մէջ աշխատողների մասին, եկեղեցիների, երբեմնի լոյսի ու մտքի օճախներ հանդիսացող մեր վանքերի ու վանական համալիրների այլեւ հայակերտ կոթողների, խաչքարերի եւ ճարտարապետական գոհար կոթողների, որոնցից շատերը իրենց այսօրւայ աւերակ վիճակում իսկ հիացմունքի առարկայ են։

Անմահանուն Սիամանթոն իր ողջ հայրենիքը հայրենի տան խորհրդանշական կերպարի մէջ տեսնելով, բանաստեղծում է խօսքը ուղղելով իր հայրենի տան.-

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,
Որուն որմերուն ետեւ, եւ գորգերուն վրայ
Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճւէր,
Եւ կեանքս կ՛աճէր եւ հոգիս իր թեւերը կ՛առնէր…։

Ցեղասպանութիւն ասելիս ակամայ խորհում ենք մեր երիտասարդութեան մասին, երիտասարդութիւն, որ միայն գրքերից է լսել իր ժողովրդի Ցեղասպանութեան պատմութիւնը եւ որ այսօրւայ համաշխարհայնացած, արհեստագիտական եւ համացանցային իր գիտելիքներով փորձում է իր ինքնութիւնը տեղադրել այս աշխարհի կենտրոնում։ Այդ ինքնութիւնը պահանջում է տոկուն ենթահող, ամուր պատւանդան եւ անխորտակ կամք ու հաւատք։

Պատմական հայրենիքից ու նւիրական պապենական հողից հեռու մեր երիտասարդութիւնը կոչւած է նրան անցեալի կամրջող, կապող իրողութիւններով առաջնորդւել։ Լեզուի, պատմութեան, երգի ու պարի, հաւատքի ու հաւատալիքների, որպէս մեր մշակոյթի բաղկացուցիչ տարրերի պահպանումը հրամայական պահանջ է, որպէսզի կարողանանք առողջ ինքնութեամբ յառաջ գնալ։

Ցեղասպանութեան ոգեկոչումով ու յիշատակումով ակամայ հայրենիքի, պատմական հայրենիքի կարօտի եւ սիրոյ զգացումով բոցավառ հոգին հայորդու բացագանչում է.-

Ալ կը բաւէ՛, Տէ՛ր Աստւած, մեր տունն ու տեղը դարձուր մեզ,
Թշնամիս իսկ մեզ նման ուրիշի դուռ չձգի՛ս։

Ի վերջոյ Ցեղասպանութեան ոգեկոչումով մենք յիշում ենք Քրիստոսի այն խօսքը որ ասում է.«Ե՛ս եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով որ հաւատում է ինձ թէպէտ եւ մեռնի, կ՛ապրի»(Յհ. 11։25)։
Այո՛, մենք հաւատացինք հրաշափառ յարութեանը Քրիստոսի, այդ հաւատքով մեռանք, նահատակւեցինք եւ սակայն այսօր ապրում ենք ու ստեղծագործում։ Վստահաբար, Ցեղասպանութեան ողջ դառնութիւնը ապրած հայ բանաստեղծը քրիստոնէական այդ արարատանման հաւատքով պատգամում է խօսքը ուղղելով գերեվարւած Արարատին։

Տե՛ս մեր շարքերը խանդաբորբ ու արի,
Տե՛ս մեր կարօտը խոյանքով Վահագնի։
Տե՛ս մեր հոգին՝ քու ձիւներուդ պէս մաքուր,
Ու կամքը մեր, տե՛ս ժայռերուդ պէս ամուր,
Եւ հաւատա՝, կրանիդեայ ո՛վ Աստւած,
Սրբազա՛ն լեռ, հաւատա՛, թէ կը հասնի՛նք,
Մենք կը հասնի՛նք կատարիդ…

Մարկոս Աւետարանիչ յուշում է մեզ ասելով, որ հաւատացեալի համար անկարելի բան չկայ։ Այդ հաւատքով ենք ապրում եւ գործում եւ վստահաբար մի օր իրականացնելու ենք մեր երազն ու անժամանցելի իղձերը։

Այսօր մեր ժողովուրդը իր հայրենի պետականութեամբ, քաղաքական եւ եկեղեցական կազմակերպութիւններով ու կառոյց-հաստատութիւններով աշխատում է, աւելի ճիշդ պայքարում է իր իրաւունքների ճանաչման եւ ձեռքբերման համար. ի վերջոյ հաւատում ենք, որ իր իրաւունքների ձեռքբերման գիտակցութիւն ունեցող ազգը անպայմանօրէն կը վերատիրանայ անոր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ապրիլ 2019
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com