ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 20 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում ժամերգութեան նախագահեցին, պատարագեցին եւ օրւայ առիթով քարոզեցին Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը:

Իսկ թւականիս կիրակի 21 ապրիլի առաւօտեան բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. Յարութեան պատարագը: Հազարաւոր հայորդիներ իրենց կրօնի և հոգևոր պարտականութեան խոր համոզումով ու հաւատով լցրել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Նրանք եկած էին մասնակցելու եւ հաղորդւելու օրւայ սուրբ խորհրդին և միմեանց շնորհաւորելով՝ ասելու. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»:

Պատարագից յետոյ եկեղեցիների բակում բոլոր հաւատացեալները ուրախութեամբ Զատկւայ հաւկիթ կոտրելու խաղը խաղացին:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. Յարութեան հանդիսաւոր պատարագը մատուցեց եւ օրւայ առիթով իր հայրական պատգամն ու քարոզը փոխանցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում պատարագեցին եւ յաւուր պատշաճի քարոզեցին Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը

Յատկանշական է, որ Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը ներկայ էին Իրանում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանը և դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ճաղալեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի և ազգային մարմինների ներկայացուցիչները:

Նոյն օրը թէ' առաւօտեան ս. պատարագից յետոյ և թէ' երեկոյեան, առաջնորդարանի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրը Զատկական շնորհաւորանքներ ընդունեց: