Ս. Յարութեան Տօնի Յաջորդող Մեռելոցի Պատարագը Նոր Բուրաստանում

Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:

Թւականիս երկուշաբթի ապրիլի 22-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը:

Պատարագի աւարտին դրսում՝ զանգակատան ներքոյ զետեղւած յատուկ սեղանի շուրջ խմբւած հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց ամբողջ հայ ազգի հին թէ նոր, ծանօթ թէ անծանօթ, յայտ թէ անյայտ ննջեցեալների հոգեհանգստեան արարողութիւնը: Սոյն արարողութեանը, Սրբազան Հայրը յիշեց նաև մի օր առաջ, Զատկւայ տօնին, Շրի Լանկայի եկեղեցում, ահաբեկչութեան զոհ գնացած քրիստոնեայ հաւատացեալներին:

Եկեղեցական զոյգ արարողութիւններին ներկայ էին նաեւ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը եւ արժանապատիւ քահանայ հայրեր ու գնահատելի թւով բարեպաշտներ:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրն իր ընկերակիցների հետ այցելեց նահատակաց պանթէոն եւ Թեհրան Երեւան թռիչքի Աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգիստի եւ խաղաղութեան համար: