Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող և արժևորող կարևորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը և Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:
Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երևաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի և մարգարէութիւնների լոյսի տակ և ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ և նստեց Հօր աջ կողմում:
Այդ առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին շեշտեց՝ «Համբարձումը Քրիստոսի երկրաւոր կեանքի աւարտը և նոր կեանքի ու յաւիտենականութեան շարունակականութիւնն է»: Ապա բացատրելով օրւայ շարականների մասին աւելացրեց՝ «Այսօրւայ շարականները, մեր մտածումները կենտրոնացնում են Քրիստոսի յաւիտենական կեանքի մասին, որի համար Ինքը երկնքից երկիր իջաւ, Իր առաքելութիւնը կատարելուց յետոյ կրկին երկինք է համբառնում, որովհետև երկինքն ինքն աղբիւրն է ամէն տեսակ բարիքի, կեանքի և օրհնութեան»:
Մի այլ բաժնում Սրբազան Հայրն ասաց՝ «Մենք էլ այժմ աղօթենք և Առաքեալների պէս մեր հայեացքները երկինք բարձրացնենք խնդրելով Իր մշտատև օրհնութիւնը և ակնկալելով Իր Հոգիի գալուստը մեզանից իւրաքանչիւրի կեանքի մէջ, որովհետև Ս. Հոգու գալուստով Քրիստոսի եկեղեցին վերածւում է այնպիսի ուժանիւթի, որ աշխարհում ոչ ոք չի կարողանայ Նրա առաջն առնել, որովհետև Նա հոգիով միացած է իր Փրկչին»: «Համբարձման տօնը սերտօրէն առընչւած է մեր ժողովրդի կեանքի հետ: Մեր ժողովուրդը Համբարձման տօնի օրերին, մեր գրականագէտների ներկայացրած ջանգիւլումներով և երգերով տօնում է և վերյիշում իր անցեալն ու պատմութիւնը»: «Համբարձման տօնը մեզ համար թէ կրօնական և թէ ազգային իւրայատուկ իմաստ և նշանակութիւն ունի» -աւարտեց Սրբազան Հայրը:
Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին:
Պատրաստւել էին նաև ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2470-2019060103?tmpl=component&print=1#sigProId638f05cbb9