ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր սիրելի համայնքի ուշադրութեան ենք յանձնում, որ նորընտիր Թեմական խորհուրդը առաջիկայ օրերում նշանակելու է Խորհրդի ենթակայ ազգային մարմինների անձնակազմերը, ուստի խնդրում ենք համագործակցելու ցանկութիւն ունեցող հայրենակիցները մինչեւ թւականիս՝ յունիսի 20-ը աշխատանքային ժամերին դիմել ազգային առաջնորդարան, դիմումնագիր ներկայացնելու համար:

Ազգային առաջնորդարանի աշխատանքային ժամերն են՝ շաբաթ առ չորեքշաբթի առ. ժամը 8-ից 14-ը, հինգշաբթի առ. ժամը 8-ից 12-ը և հեռախօսահամարները՝ 88901634-36:

Առ ի տեղեկութիւն՝ ներկայացնում ենք իւրաքանչիւր մարմնի միջոցով տարւող աշխատանքների բնոյթը:

Կրթական խորհուրդ- Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտների առաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:

Կտակա-կալւածային մարմին- Հետեւում է ազգապատկան կալւած-ների արխիւների պահպանմանը, հետեւում է իրաւական հարցերի, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ կերպով օգտագործման խնդիրներին:

Ծխական տուրքի մարմին- Նշանակւում է ծխական տուրքի մարմին, համապատասխան գումար՝ գանձելու համար: Համայնքիս բոլոր ընտանիքները ունեցած եկամուտների համեմատութեամբ վճարում են ծխական տուրք:

Իւրաքանչիւր քաղաքամասի համար նշանակւում է առանձին ենթայանձնախումբ:

Գերեզմանատների վարչութիւն- Հետեւում է գերեզմանատների՝ Դուլաբ եւ Նոր Բուրաստան, ներքին վարչական հարցերին, գերեզմանատըներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին, ներքին մաքրութեանը եւ կարգաւոր-մանը:

Եկեղեցական խորհուրդներ- Թեհրանի իւրաքանչիւր հայոց եկեղեցի ունի իր առանձին խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան քաղաքամասի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեանը, պահպանմանը, արարողութիւնների անխափան կատարմանը, երգչախմբին, պաշտօնեաներին եւ այլ խնդիրներին:

Դատական խորհուրդ- Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առնչւող դիմումները:

Շինարարական մարմին- Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյց-ներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլն, անհրաժեշտ նկատւած նորոգութիւններ եւ այլ աշխատանքներ կատարելու գործին՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:

Կարիքաւորներին օժանդակող մարմին- Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին՝ իր բիւջէից ամսական վճարումներ կատարելով, նաեւ նրանց օգնում է բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար տալու գործում:

Ուսանողական ֆոնդեր (Շահվերդեան, Պանիրեան եւ դոկտ. Հարմիկ Դաւթեան ֆոնդ)- Մարմինն ընդունում է դիմումներ՝ ֆոնդից օգտւել ցանկացող ուսանողներից եւ ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ կատարում:

«Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմին- Մարմինը հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեանը:

Յարաբերական մարմին- Իր հաղորդագրութիւններով, տեղեկատւութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից եղած դիմումներին ու հարցումներին:

Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ- Յանձնախումբը հետևում և վերահասու է լինում պարտադրեալ պատերազմի նահատակների ընտանիքների, Անձնուրացների և Ազատորդիների խնդիրներին։ Թեմական Խորհրդիի հաստատումով, կապ է պահպանում պետական համապատասխան մարմինների հետ։

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ