Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ճանաչենք Այս Շաբթւայ Սուրբերին

Ա Տարի - Թիւ 26 - 23 Յունիս 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (12.1-8)

Մի շաբաթ օր Յիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ քաղել եւ ուտել: Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին.
- Տե՛ս, ի՛նչ են անում քո աշակերտները. մի բան, որ մեր Օրէնքն արգելում է շաբաթ օրով անել:

Յիսուսը պատասխանեց.
- Չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգացին ինքը եւ նրանք, ովքեր իր հետ էին: Աստծու տուն չմտա՞ւ եւ չկերա՞ւ առաջաւորութեան հացերը, մի բան, որ Օրէնքի համաձայն թոյլատրւած չէր ո՛չ իրեն եւ ո՛չ էլ իր հետ եղողներին, այլ միայն քահանաներին: Կամ չէ՞ք կարդացել Օրէնքում, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները սրբապղծում են շաբաթը, սակայն դա մեղք չի համարւում նրանց: Ահա ասում եմ ձեզ, որ տաճարից աւելի մեծ մէկը կայ այստեղ: Եթէ իսկապէս հասկանայիք, թէ ի՛նչ է նշանակում Աստծու այս խօսքը. ՙՈղորմութիւն եմ ուզում եւ ո՛չ զոհ՚, ապա չէիք դատապարտի անմեղներին, որովհետեւ Մարդու Որդին տէրն է շաբաթ օրւայ:

ԲԵԹՂԵՀԷՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Երբ երեք մոգերը արեւելեան աստղի առաջնորդութեամբ Երուսաղէմ գնացին, մեծն Հերովդէսի ապարանքը մտնելով հարցնում էին․ՙՈ՞ւր է հրեաների նորածին թագաւորը՚:
Այն ժամանակ ամբողջ քաղաքը Հերովդէս Թագաւորով հանդերձ խռովւեց: Արքան կանչելով աւագ քահանաներին ու օրէնքի ուսուցիչներին՝ Սուրբ Գրքերը բանալով ճշտեց Մեսիայի Ծննդեան վայրը ու մոգերին պարտականութիւն տւեց Նրան գտնելուն պէս, յաղորդեն իրեն: Մոգերը կրկինաստղի առաջնորդութեամբ գտան մանուկ Յիուսի գտնւելու վայրը` երկրպագելով նրան մատուցեցին իրենց ընծաները. ապա Աստծու հրեշտակից հրաման ստանալով` ուրիշ ճամբով իրենց երկիրը վերադարձան:

Հերովդէսը մոգերից խաբւած լինելով հրամայեց կոտորել Բեթղեհէմի երկու տարեկանից փոքր արու մանուկներին:

Ասես սա կրկնելի մի ձեռագիր էր: Նման օրինակ դէպքի մենք հանդիպում ենք հրեաների ազատարար Մովոէսի ծննդեան ժամանակներում: Փարաւոնը հրամայել էր վերացնել հրեաների արու զաւակներին: Նման օրինակ վայրագութիւն տեղի ունեցաւ նաեւ Աստծու պատւիրանին հնազանդ` հայ ազգի հետ:

Այո` ամօթապարտ Փարաւոնի եւ թշւառական Հերովդէսի ու անօրէն թուրքի յետին, չար բելիար` սատանան էր կանգնած:
Ասւում է․ՙՄատաղահասակ մանուկները իրենց անձը Տիրոջ ընծայեցին` եւ զինւորի համար աւելի արժանի ու պանծալի պսակ ի՞նչն է կարող լինել,եթէ ոչ իր հաւատքի զօրագլուխի համար քաջայաղթ մահով պսակւելը՚:

Չարն ու նրա գործակից բռնակալները չգիտակցեցին որ հալածւող Փոքրիկ արքան նոյն ինքն Կեանքն է եւ աշխարհի Փրկիչը, եւ կարող է իր նախատեսած ժամանակին, իր անձը մատնելով բոլորի տեղ, Իր համար զոհւածներին կենդանացնել:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ`

- Ըստ մեր Յայսմաւուրքների, կոտորւած մանուկների թիւն էր 1462 հոգի, ընդհանրապէս Բեթղեհէմի սահմանակից ութսունեւչորս գիւղերից:

- Ըստ յոյների եւ եթովպացիների` այս թիւը շատ աւելի բարձր է, եւ ոմանք հասցնում են մինչեւ 14.000-ի:

- Երբ Հռոմի Օգոստոս Կայսրը լսեց, թէ՝ հրեաների Հերովդէս թագաւորը հրամայած է սպանել երկու տարեկանից վար բոլոր մանուկներին, եւ նրանց հետ սպանւած է նաեւ իր որդին, ասաց. ՙԼաւ է Հերովդէսի խոզը լինել, քան` որդին: Որովհետեւ նա, որ խոզ չէր սպանում եւ չէր ուտում, Բեթղեհէմի մանուկների կոտորածի օրն իսկ սպանել տւեց իր Անտիպատրոս անդրանիկ որդուն՚:

- Յովսէփոս պատմիչ հետեւեալ ձեւով ներկայացնում է Հերովդէսի չարաչար օրհասը. ՙՀերովդէսի հիւանդութիւնը տակաւ ծանրանում էր, եւ իր գործած անօրէնութիւնների հատուցումը պահանջւում էր Աստծու կողմից: Տապախառն տենչը տոչորում էր նրան, ներքնապէս մաշեցնում էր նրան: Չէր կարողանում ուտել: Աղիքի շուրջը կազմւել էր չարակեղ վէրք եւ չարաչար տանջում էր Նրան: Ոտքերը այրւում էին, կուրծքը՝ քերթւում եւ որդնոտում: Շնչահեղձ էր լինում, եւ իր ժահի հոտից սաստիկ տառապում էին ե՛ւ ինք ե՛ւ իր շուրջինները...:

Բժիշկների թելադրութեամբ ջերմուկի մէջ մարմինը ձէթով լւա-ցին: Եւ երբ ձէթով լեցուն ամանի մէջ մտաւ, թուլցաւ եւ աչքերը դարձան...՚: Սրտմտութեամբ ու բարկութեամբ լցւել էր, եւ ա-սում էր. ՙԳիտեմ որ երբ ես մեռնեմ, հրեաները մեծ տօնախմբութիւն պիտի կատարեն: Բայց իմ վրաս սուգ բռնել պիտի տամ նրանց՝լացու կոծ անելով՚: Հերովդէս ուզում էր, որ այն բոլոր մարդիկը` որոնք բանտ են դրւել, երբ ինքը մեռնի, նրանց կոտորեն. եւ այս կերպով ամբողջ Հրէաստանը եւ բոլոր տները ակամայ պիտի լային£ Սակայն նրա ցաւերը սաստկանում էին: Ուզում է անձնասպան լինել, բայց առանց կարողանալու, չարաչար ցաւերով մեռնում է:

ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Սրբուհի Նունէ եւ Սրբուհի Մանէ կոյսերը պատկանում էին Հռիփսիմեանց կոյսերի խմբին, որոնք Դիոկղետիանոս Կայսեր հալածանքների ժամանակ թողնելով հռոմը Հայաստան էին եկել:

Սակայն Տիրոջ նախախնամութեամբ նրանք այլ կերպով պիտի փառաւորէին Աստծու անունը: Այժմ համառօտկերպով կանդրադառնանք սրբուհիների կեանքին:

ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍ.-

Սուրբ Մանէն հեռանալով Հռիփսիմեանց կոյսերի խմբից, առանձնանում է Եկեղեաց գաւառի Սեպուհ լեռը, այնտեղ մի քարայրում, աղօթքով ու ծոմապահութեամբ ճգնաւորի կեանք է վարում: Հետագայում այդ քարայրը կոչւում է` Մանէի այր:

Եկեղեցու աւանդութիւնը պատմում է, որ սրբուհու վերջին օրերին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եւս` թողնելով կաթողիկոսական հանգամանքը, յարում է ճգնողական կեանքի, ու ցանկանում է առանձնանալ նոյն այրում, բայց դեռ մուտք չգործած լսում է սրբուհու ձայնը, որ պատւիրում է երեք օրից վերադառնալ ու նրա դին ամփոփել նոյն քարայրում: Սա Տեղի է ունենում 323 թւին:

Սրբուհի ՆՈՒՆԷ ԿՈՅՍ.-

Իսկ Նունէ կոյսը (վրացական աղբիւրներում` Նինօ), հայոց Տրդատ թագաւորի հալածանքներից ազատւելով, մեկնում է Վրաստան, Մծխիթայ մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղօթական կեանքով, քարոզում եւ ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների եւ բարեգործութիւնների լուրը արքունիք հասնելով, կոյսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիւանդ թագահուն եւ քարոզում է Տիրոջ Աւետարանը: Վրաց Միհրան թագաւորը Աստծու զօրութիւնը տեսնելով դարձի է գալիս:

Սրբուհին Աւետարանը քարոզւում է նաեւ երկրի մեծամեծներին: Այս ամէնի արդիւնքում Նունէի խորհրդով պատւիրակութիւն է առաքւում Ս. Գրիգոր Լուսաւորչին եւ Տրդատ թագաւորին` խնդրելով, որ հոգեւորականներ ուղարկեն Վրաստան քրիստոնէական հաւատքի տարածման համար: Այսպիսով սուրբ Նունէն դառնում է Վրաստանի առաքելուհին: Իսկ առաջին վրաց հայրապետը լինում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի թոռը՝ Գրիգորիոս Սուրբ Հայրապետը:

Պատրաստեց` Տէր Գրիգորիս Քահանայ Ներսիսեանը

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com