ԳԻՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ՝ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ

Ա. ՏԱՐԻ, թիւ 28, 7 Յուլիս, 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (ՄՏ 12.36-45)

Այն ժամանակ Օրէնքի ուսուցիչներից եւ փարիսեցիներից ոմանք ասացին Յիսուսին.

- Վարդապե՛տ, ուզում ենք, որ մի հրաշք գործես, եւ տեսնենք:

Յիսուսը պատասխանեց նրանց.

- Աստծուն անհաւատարիմ եւ չա՛ր սերունդ. նշան է՛ք ուզում. Յովնան մարգարէի նշանից բացի ուրիշ նշան չի տրւելու ձեզ: Ինչպէս Յովնանը երեք օր՝ ցերեկ ու գիշեր, կէտ ձկան փորի մէջ մնաց, նոյնպէս էլ Մարդու Որդին երեք օր, ցերեկ ու գիշեր, երկրի ընդերքում պիտի մնայ: Դատաստանի օրը Նինւէացիները ձեր դէմ կելնեն եւ կը դատապարտեն ձեզ, որովհետեւ նրանք Յովնանի քարոզչութեամբ զղջացին իրենց մեղքերի համար: Եւ ահա Յովնանից աւելի մեծը կայ այստեղ: Դարձեալ, դատաստանի օրը Հարաւի թագուհին կելնի եւ կը դատապարտի ձեզ, որովհետեւ նա իր հեռաւոր երկրից եկաւ լսելու Սողոմոն իմաստունի ուսուցումները: Եւ ահա Սողոմոնից աւելի մեծը կայ այստեղ:

- Երբ չար ոգին դուրս է ելնում մարդուց, գնում շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ մի տեղ գտնելու համար: Եւ երբ չի գտնում, ինքն իրեն ասում է. ՙԳնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ: Ուստի վերադառնում է իր նախկին տունը եւ այն գտնում է դատարկ, մաքուր եւ կարգի բերւած: Ապա գնում եւ բերում է իրենից աւելի չար եօթ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով՝ բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան՝ իր նախկին վիճակը: Իմացէ՛ք, որ նոյն բանը պիտի պատահի նաեւ այս չար սերնդին:

ԳԻՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ՝ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ

Հայոց Ազգի հոգիների Լուսաւորիչ եւ Հաւատքի Հայր՝ Ս. Գրիգոր, ծերութեան տարիներում յատուկ հակում ցոյց տւեց առանձնական ու ճգնողական կեանքի: Բայց իր առանձնացման ընթացքում էլ չէր մոռանում իր ժողովրդին, այլ հոգեկան ու ֆիզիկական նոր ուժեր ամբարելով` կրկին դուրս էր գալիս քարոզչական շրջագայութեան` իր աշակերտներով միասին, եւ հաստատում էր բոլորին իրենց հաւատքում:

Տրդատ Հայոց Թագաւորը, նկատի ունենալով Լուսաւորչի այս պարբերական մեկուսացումները, Կեսարիայից բերել տւեց նրա որդիներին` Արիստակէսին, որ արդէն իսկ կուսակրօն կեանք էր ընտրել, եւ Վրթանէսին, որ ամուսնացել եւ երկւորեակ զաւակների հայր էր եղել: Սրանք եւս եպիսկոպոս ձեռնադրւեցին իրենց հօրից եւ օգնական նշանակւեցին նրա հայրա-պետանոցում եւ արքունիքում:

Գրիգորի կեանքի վերջին տարիներում, 325-ին գումարւեց Նիկիոյ տիեզերական ժողովը, որին հրաւիրւեց նաեւ ինքը, բայց ծերութեան պատճառով չկարողացաւ գնալ, իր տեղը ուղարկեց իր որդուն` Արիստակէսին: Երբ նա բերեց Նիկիոյ հանգանակը, Լուսաւորիչը կնքեց այն իր կողմից աւելացնելով. ՙԻսկ մենք փառաւորւեցինք՚ փառատրական վերջաբանը, որը մինչեւ օրս կրկնւում է Ս. Պատարագի ընթացքում, ՙՀաւատամք՚-ի վերջաւորութեան:

Հայոց ամբողջական դարձից, Հայրապետական գահի նորոգութեան եւ Հայոց եկեղեցին ամբողջ քառորդ դար մեծ արդիւնաւորութեամբ կառաւարելուց եւ ամրացնելուց յետոյ, Ս. Գրիգոր Լուսաւորիչն իր կեանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնութեան մէջ` Դարանաղ գաւառի Սեպուհ լեռան Մանիա այրում, որտեղ որ բնակւում էր Մանէ կոյսը:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, 325 թ.-ին խաղաղութեամբ ի Տէր է հանգչում, աւանդելով իր հոգին: Սուրբին մահը կը մնայ խորհրդալից. ոչ մէկը լուր չի ունենայ Մեծ Սուրբի մահից: Աւանդութեան համաձայն, Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիւներ, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը եւ չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակոյտի տակ: Ս. Գրիգոր Լուսաւորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցու տեսիլքով յայտ-նըւում է նշխարների տեղը: Այս գիւտից յետոյ Ս. Հայրապետի նշխարները տեղափոխւում ու ամփոփւում են Բարձր Հայքի Դարանաղ գաւառի Թորդան գիւղում: Սուրբ Վրթանէս Ա. Պարթեւ Հայրապետի կաթողիկոսութեան ժամանակ, նշխար-ները վերաթաղւել են նոյն վայրում, Լուսաւորչի տոհմական կալւածքում: Ս. Գրիգոր Լուսաւորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփւել են Թորդանում, Նրա աճիւնները պարունակող Սուրբ Աջեր եւ սրբատուփեր գոյութիւն ունեն Սուրբ Էջմիածնում, Անթիլիասում, Երուսաղէմում, Պոլսում, Յունաստանի Աթոս Կղզում, Իտալիայի Նափոլի քաղաքի մէջ եւ այլուր:

Տօնելով մեծ Սուրբի նշխարների գիւտը մի անգամ եւս յիշում ենք, որ Սուրբ Գրիգոր՝

1.- Բարի Աստծու բարութեան պատկեր եղաւ, եւ հայոց մոլո-րած հօտը քաղցրաձայն խօսքով դարձի բերեց, ճշմարիտ հովիւի հօտին մէջ հաւաքլով մեր ժողովրդի զաւակներին:
2.- Սուրբ Գրիգոր եղաւ Աստծուց ընտրւած անբիծ քահանայապետ, Աստծու Բանին ճշմարիտ քարոզիչ, ու մեր ժողովուրդը որպէս Նոր եւ Ընտրեալ մի ժողովուրդ, ընծայեց Տէր Աստծուն, եւ Վերին Սիոնի փառքին հրաւիրեց:
3.- Նա, Իր Առաքելական վարքով Արշակունիների համար եղաւ պարծանքի թագ, մի թագ որ Իր կրած չարչարանքների բազմագոյն ակերով զարդարւեց, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու վայելուչ պսակ դառնալով:
4.- Սուրբ Թադէոս Առաքեալի վիճակւած Հայրական սեփական հօտին՝ Հայ Ժողովրդին ժառանգորդ դարձաւ եւ աղօթքով խնդրւած շնորհքների շառաւիղ:
5.- Առաքելաշնորհ Մեծ Սուրբը փշաբեր արմատից, որպէս կարմրագոյն վարդ ծաղկեց, եւ Հայաստան աշխարհը անուշահոտ բոյրով լցրեց:
6.- Երկրի վրայ լուսապայծառ ծաղիկ դարձաւ, մեր հոգիներին՝ բժիշկ, Աստծու տան մէջ տնկւած քաղցրաճաշակ արմաւենի՝ պարարտ պտուղով՝ հաւատքի զաւակներով:
7.- Սուրբ Գրիգոր, Քրիստոսը խոստովանող ճշմարիտ վկայ եւ բազմաչարչար նահատակ դարձաւ, Քրիստոսի չարչարանքների պակասը իր մարմնի վրայ կրելով: Դրա Համար էլ աշխարհի բոլոր Եկեղեցիները ցնծում են:
8.- Սուրբ Գրիգորն եղաւ Աստւածանման սիրով հոգեւոր ծնող, գորովագութ հայր, որ իր մարմնի չարչարանքներով մեզ մաքրեց մեղքի աղտերից:
9.- Նա եղաւ Միածին Որդու փառքի պատկերը եւ յաղթող մարտիրոս, որովհետեւ սուրբ ոտքերի երկնագնաց թաթերին երկաթէ գամեր ընդունեց, որպէսզի մեզ Աստծու երկիւղին գամէ:
10.- Ի վերջոյ Նա իր ճգնողական վարքով եղաւ Հայոց հաւատքի ընտիր հայր, որովհետեւ իր սուրբ մարմնի սրունքները կոճղերու մէջ ոլորւելով արիւնից պարպւեցան, բայց մեզ հաւատքի վէմին վրայ հասատատեց:

Ահա այս պատճառով էլ վարքագիր Սուրբը ասում է.-

«Եւ դու, լուսաբուն հայր, Թորգոմեան տան համատարած եւ գեղեցիկ արեգակ, պարթեւազունըդ Գրիգոր, հսկող հովիւ եւ վար-դապետ ճշմարտութեան, միշտ կենդանի եղիր մեր մէջ, արթնացրու մեր զօրութիւնները քո լուսացնցուղ ճառագայթներովդ, եւ արդիւնաւորիր մեր հոգիների անդաստանի մէջ բարի բերքերը: Ծաղկեցրու բազմապիսի առաքինութիւնները եւ աստւածահաճոյ վարքը` քո արեամբդ ոռոգւած աստւածատունկ մեր դրախտի մէջ: Ջերմացրու մեր սառած սրտերը աստւածպաշտութեան եռանդով, եւ լուսազարդ գեղեցկութեամբ պայծառացրու քո սուրբ եկեղեցիդ, որտեղ հետեւե-լով քո ուղղափառ վարդապետութեանդ, սիրենք (պաշտենք) քեզ սրբութեամբ եւ արդարութեամբ` մեր կեանքի բոլոր օրերում» (Վարք Սրբոց):

Պատրաստեց` Տէր Արիստակէս Քահանայ Շահմիրեանը