ՏՕՆ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ

Ա. ՏԱՐԻ, թիւ 30, 21 Յուլիս, 2019

Այս Շաբաթ Հայ Եկեղեցին յիշատակեց Քրիստոսի 12 Առաքեալների տօնը:

Ճանաչենք նրանց մօտիկից.-

1.- ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԱԼ: Ծնւել է Բեթսայիդայում, ապրել` Կափառնայում քաղաքում: Եղել է ձկնորս: Քարոզել է Յուդայում, Անտիոքում, Հռոմում: Նահատակւել է Հռոմում` գլխիվայր խաչւելով (ենթադրաբար` 64-ին): Աւանդութեան համաձայն` Հռոմում է նահատակւել նաեւ նրա կինը: Պետրոս առաքեալից աւանդւած գրւածքներն են առաջին եւ երկրորդ Ընդհանրական թղթերը` ուղղւած հրեական սփիւռքի հաւատացեալներին: Պօղոս Առաքեաի հետ միասին համարւում են Հռոմի եկեղեցու հիմնադիրները: Նրա գերեզմանի վրայ է կառուցւել Հռոմի Ս. Պետրոս Եկեղեցին:

2.- ԱՆԴՐԷԱՍ ԱՌԱՔԵԱԼ.- Պետրոս Առաքեալի եղբայրը, նոյնպէս` ձկնորս: Սկզբում աշակերտել է Յովհաննէս Մկրտչին, ապա եղբօր հետ առաջինն է եղել որ հետեւել էՅիսուսին քարոզել է Սկիւթիայում, Յունաստանում եւ Փոքր Ասիայում: Նահատակւել է խաչի մահւամբ (ըստ որոշ աղբիւրների` Յունաստանում). ըստ աւանդութեան` նրան խաչել են լատ. X տառի ձեւով, որը յայտնի է ՙԱնդրէաս սրբի խաչ՚ անունով:

3.- ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼ ԵՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՉ.- Յովհաննէս առաքեալ Առաքեալներից ամենակրտսերն է: Նրան եւ եղբօրը` Յակոբոս առաքեալին, Յիսուսն անւանել է ՙԲաներեգես՚` ՙՈրոտացող մարդիկ՚: Ծնւել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղէմում:
Եղել է ձկնորս: Հովհաննէսը գործունէութիւն է ծաւալել Փոքր Ասիայի եկեղեցիներում եւ Եփեսոսում: 95 թւին աքսորւել է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Յայտնութեան Գրքում նկարագրած տեսիլները: Ըստ աւանդութեան` աքսորից վերադարձել է եւ վախճանւել բնական մահով` 94 կամ 95 տարեկան հասակում, մօտ 100-ին: Ասւում է, որ նա, շարունակ յորդորել է. ՙԶավակնե՜րս, սիրեցե՜ք միմեանց՚: Հեղինակն է Աւետարաններից մէկի, երեք Ընդհանրականթղթերի եւ Յայտնութեան Գրքին: Յիսուս Յովհաննէսին արժանացրել է գերագոյն շնորհի` Մարիամ Աստւածածնին նրա խնամակալութեանը յանձնելով: Մինչեւ Յիսուսին հետեւելը աշակերտել է Յովհաննէս Մկրտչին: Յովհաննէսն իր եղբօր Յակոբոսի եւ Պետրոսի հետ եղել է Երուսաղէմի առաջին եկեղեցու սիւներից մէկը:

4.- ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼ.- Յովհաննէս Առաքեալի եղբայրը: Ծնւել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղէմում: Երբ սամարացիներից ոմանք չուզեցին ընդունել Քրիստոսին, Յակոբոսն ու Յովհաննէսը խնդրեցին նրան, որ թոյլ տայ իրենց երկնքից հուր իջեցնել եւ այրել նրանց: Ըստ մեկնութիւններից մէկի` այդ պատճառով է որ Քրիստոս նրանց անւանել է ՙԲաներեգես՚` ՙՈրոտման մարդիկ (Որդիներ)՚: Միակ առաքեալն է, որի նահատակութիւնը նշւած է Գործք Առաքելոցում: Գլխատւել է Հերովդէսի հրամանով` 44 թւին, Երուսաղէմում: Յակոբոսը քարոզել է Երուսաղէմում եւ Յուդայում: Ըստ աւանդութեան` նրա մարմինը նետել են ծովը, եւ ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Յակոբոսը, որպէս պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականութիւն ունի):
Հայոց մէջ Յակոբոսը կոչւել է ՙԳլխադիր առաքեալ՚: Ըստ աւանդութեան` Յակոբոսի գլուխը յանձնւել է Յակոբոս Տեառն եղբայր կամ Կրտսեր կոչւած առաքեալին, որն էլ գլուխը թաղել է իր տան պարտէզում: Այս տան տեղում կառուցւել է Երուսաղէմի հայկական Սրբոց Յակոբեանց Մայր տաճարը, որտեղ մինչ այսօր ի ցույց է տրւում Յակոբոսի գլխի գերեզմանը, այսինքն` գլխադիրը:

5.- ՓԻԼԻՊՊՈՍ ԱՌԱՔԵԱԼ.- Ծնւել է Բեթսայիդայում: Քարոզել է Փռիւգիայում: Ըստ աւանդութեան` նահատակւել է խաչի մահւամբ` Եփեսոսում կամ Փռիւգիայի Հիերապոլիս քաղաքում:

6.- ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍ ԱՌԱՔԵԱԼ.- Ծնւել է Գալիլիայի Կանա քաղաքում: Սկզբնական անունն եղել է Նաթանայէլ: Թադէոս Առաքեալի հետ համարւում է Հայ Եկեղեցու հիմնադիրը: Նահատակւել է մորթազերծումով, 66 թւին, Վասպուրականի Աղբակ գաւառում:

7.- ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԱԼ.- Ծանօթ նաեւ Ղեբէոս կամ Յուդա (ո՛չ Իսկարիովտացին) անուններով: Բարթուղիմէոս Առաքեալից առաջ քարոզել է Հայաստանում: Նա գալիլէացի էր, Ալփէոսի (կամ Կղէոպասի) եւ Մարիամի որդին: Նահատակւել է քարկոծմամբ, Հայաստանում, Հայոց Սանատրուկ թագաւորի հրամանով, 46 թւին: Հեղինակ է (Յուդա անունով) բոլոր քրիստոնեաներին ուղղւած Ընդհանրական մէկ թղթի, որտեղ նշաւակւում է հերձւածողութիւնը:

8.- ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼ.- Ալփեան մականունով, Թադէոս Առաքեալի եղբայրը, նոյնպէս ծնւել է Գալիլիայում: Կոչւել է Յակոբոս Կրտսեր` ի տարբերութիւն Յակոբոս Աւագ Առաքեալի: Յակոբոս Ալփեանը սուրբ էր ծննդեան իսկ օրից, եւ այդ պատճառով միայն նրան է թոյլատրւել մտնել Երուսաղէմի տաճարի սրբարանը` ժողովրդի համար Աստծուն աղօթելու: Եղել է Երուսաղէմի Մայր Եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Քարոզել է Եգիպտոսում եւ Պաղեստինում, նահատակւել 63 թւին, քարոզելիս երբ վայր են նետել Երուսաղէմի տաճարի տանիքից: Յակոբոսի անունով առկայ է մէկ Ընդհանրական թուղթ: Նրա անունով է աւանդւած նաեւ Սուրբ Պատարագի սկզբնական բնագիրը:

9.- ՄԱՏԹԷՈՍ ԱՌԱՔԵԱԼ ԵՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՉ.- Նախապէս եղել է մաքսաւոր հայրենի քաղաքում` Կափառնայումում: Նրա հրէական անունն էր Ղեւի: Վերանւանւել է Մատթէոս, որը նշանակում է ՙՊարգեւ՚: Մատթէոս Առաքեալը Տիրոջ խօսքը քարոզել է պաղեստինեան հրեաներին, ապա մեկնել Աֆրիքա, քարոզել եւ ըստ աւանդութեան, մեծ չարչարանքների ենթարկւելով, նահատակւել՝ Եթովպիայում: Մատթէոս Առաքեալը հեղինակ է Նոր կտակարանեան առաջին գրքի` ՙՄատթէոսի Աւետարան՚ի:

10.- ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔԵԱԼ.- Ծնւել է Գալիլիայում: Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում եւ Հնդկաստանում, որտեղ եւ նահատակւել է` աղօթքի ժամանակ նետահարւելով: Գերեզմանը ցույց է տրւում Հնդկաստանի Մատրաս քաղաքի մօտ:

11.- ՍԻՄՈՆ ԿԱՄ ՇՄԱՒՈՆ ԱՌԱՔԵԱԼ.- Մականւել է Նախանձայոյզ կոչումով: Ծնւել է Գալիլիայի Կանա Քաղաքում: Անւանւել է նաեւ Սիմոն Կանանացի: Ըստ յոյն եկեղեցու աւանդութեան` նա էր Կանայի հարսանիքի փեսան: Հարսանիքին Աստւածամօր հետ ներկայ է եղել Յիսուսը եւ գործել առաջին հրաշքը` ջուրը վերածելով գինու: Քարոզել է Աֆրիկայում, Մեծն Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ եւ նահատակւել է խաչի մահւամբ:

12.- ՄԱՏԱԹԻԱ ԱՌԱՔԵԱԼ.- Երբ Յուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկաւորպէս մատնիչ եւ դաւաճան, ինքնասպան եղաւ ո՛չ թէ ճշմարիտ զղջումից ելնելով, այլ` չարութեան յարուցած յուսահատութիւնից, ստանալով իր անիրաւութեան վարձը: Յիսուսի Համբարձումից յետոյ եւ Հոգեգալստից առաջ աղօթական վիճակահանութեամբ Մատաթիա դաւել տասնմէկ առաքեալների շարքը` որպէս տասներկուերորդը: Նա Յուդայից էր: Հետեւելէ Քրիստոսի եւ քարոզել է Հրէաստանում եւ Եթովպիայում, որտեղ եւ նահատակւել է քարկոծմամբ:

13.- ՊՕՂՈՍ 13-ՐԴ ԱՌԱՔԵԱԼ.- Ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչւել է Տարսոնացի: Հրէական անունը` Սաւուղ (յունական ձեւով` Սօղոս): Հռոմի քաղաքացի էր, կրթութեամբ ու դաւանանքով` փարիսեցի, արհեստով` վրանագործ: Ելնելով հայրենի օրէնքի եւ աւանդոյթի հանդէպ նախանձախնդրութիւնից` հալածել է քրիստոնեաներին, նրանց մատնել աքսորի եւ սպանութեան: Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանութեանը Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է յարուցեալ Յիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքեալ: Յիսուսին որպէս Աստծու Որդի եւ Փրկիչ ընդունելուց յետոյ, Սուրբ Հոգով լցւած, քարոզել է Դամասկոսում, Երուսաղէմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփիւլիայում, Լիւստրիայում (Իկոնիա), Փռիւգիայում, Յունաստանում, Հռոմում եւ այլուր` ենթարկւելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, եւ բանտարկութեան: Հեղինակ է 14 առաքելական թղթերի: 67 կամ 68-ին, Հռոմում, Ներոն կայսեր օրօք, մարտիրոսական պսակ է ընդունել` գլխատւելով: