Եսայի Մարգարէի, Թադէոս Առաքեալի եւ Սանդուխտ Կոյսի Տօն

Ա. ՏԱՐԻ, թիւ 32, 4 Օգոստոս, 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (18.10-14)

- Զգո՛յշ եղէք, մի՛ արհամարհէք այս փոքրիկներից եւ ոչ մէկին. իմացէ՛ք որ նրանց հրեշտակները երկնքում մշտապէս տեսնում են իմ երկնաւոր Հօրը. որովհետեւ Մարդու Որդին եկաւ փրկելու կորածը:

Ի՞նչ էք կարծում. եթէ մի մարդ հարիւր ոչխարներից մէկը կորցնի, իննսունինը ոչխարները լեռան վրայ չի՞ թողնի ու չի՞ գնայ փնտռելու կորած ոչխարը: Եւ եթէ պատահի, որ գտնի, վստա՜հ եղէք, թէ աւելի՜ կուրախանայ այդ ոչխարի համար, քան իննսունինը ոչխարների համար, որոնք կորած չեն: Նմանապէս իմ Հայրը, որ երկնքում է, չի ուզում, որ այս փոքրիկներից մէկը կորչի:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝

Անցեալ շաբաթ, տօնն էր` Եսայի Մարգարէի, Թադէոս Առաքեալի եւ Սանդուխտ Կոյսի. միասին ճանաչենք նրանց.-

ՍՈՒՐԲ ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԷ

ՙԵսայի՚ անունը, եբրայերէնով` Եշայահու, նշանակում է ՙՓրկութիւն Տեառն՚ կամ ՙ Տիրոջ Փրկութիւնը՚:
Ծնւել է Քրիստոսից առաջ 7-րդ դարում եւ մահացել է Քրիս-տոսից առաջ 6-րդ դարում:
Եսայի Մարգարէն մարգարէացել է 50 տարի, Յուդայի` Ոզիա, Յովաթամ, Աքազ ու Եզեկիա թագաւորների օրով (Ես 1.1):

Եսային ամուսնացել էր եւ իր կինն էլ ՙՄարգարէուհի՚ էր (Ես 8.3): Ունէր երկու որդիներ՝ Սեար-Հասուբն ու Մահեր-Շալալ-Հաշ-Բազը, որոնք նշաններ եւ սքանչելիքներ պիտի լինէին (Ես 8.18):
Եսայի Մարգարէն յաճախ խօսում էր այն նշանների մասին, որոնք Աստծուց պիտի տրւէին: Իր որդիները այդ նշաններէն էին: Մի առիթով էլ, նոյն ինքն Եսայի Մարգարէն ծառայեց որպէս նշան. Աստուած նրան պատւիրեց երեք տարի մերկ ու ոտաբոբիկ պտտել որպէս նշան եւ նախանշան ընդդէմ Եգիպտոսի ու Եթովպիայի: Այդ նշանակում էր, որ Ասորեստանի թագաւորը գերութեան պիտի տանէր նրանց (Ես 20:1-6: Հմմտ. Ես 7:11, 14.19-20: 37.30: 38.7,22: 55.13: 66.19):

Եսայի Մարգարէն կոչւել է ՙԱւետարանիչ Մարգարէ՚: Եկեղեցու Հայրերից շատերն, Եսայի Մարգարէութեան գիրքը անւանել են ՙԱւետարան Ըստ Եսայայ՚, որովհետեւայնտեղ գտնում ենք կարեւոր մարգարէութիւններ, ինչպէս՝

- Գերութեան ու Վերականգնման մասին (Ես. 39.6-7: 8.7-8: Ա.Մն 32.21: Ես 45.1-2: 13,14,46,48: Հմմտ Բ.Տմ 1.10: Հռ 15.4: Ա.Կր 10.11: Գղ 4.25-26):
- Յիսուս Քրիստոսի մասին (Մտ 1.22, 23: Ես 7.14: Մտ 1.6,16: Ղկ 3.23,31,32: Ղկ 1.32-33: Ես 11.1-5,10: Հռ 15.12: Ղկ 4.17-21: Ես 61.1-2: Մտ 8.16-17: 12.10-21: Ես 42.1-4: 53.4-5):
- Մանրամասնութիւններ Յիսուս Քրիստոսի չարչարանքների մասին (Ա.Պտ 2.6-8: Ես 8.14-15: Յհ 12.37-38: Ես 53.1: 50.6: Մտ 26.67: 53.7: Մտ 27.12-14: Գրծ 8.28,32-35):

Եսայի Մարգարէի պարզութիւնը, մաքրութիւնը, քաղցրութիւնը, վսեմութիւնը եւ Մեսիային մասին կատաարած մարգարէութեանց ճշգրտութիւնը, Նրա անձին տալիս են մարգարէների մէջ առաջնութեան պատիւը:

ՍՈՒՐԲ ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԱԼ ԵՒ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՅՍ

Հայ Առաքելական Եկեղեցին կոչում է ՙԹԱԴԷԱԿԱՆ ԱԹՈՌ՚, այսինքն՝ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՌ:

Թադէոս Առաքեալ Հայաստանի մէջ քարոզում է կենաց բանը եւ բազմաթիւ հրաշքներ է գործում, որիպատճառով էլ շատեր դարձի են գալիս ընդունելով քրիստոնէութիւնը: Քրիստոնէութիւնը ընդունողների մէջ սակայն ուշագրաւէ լինում Սանատրուկ թագաւորի դստեր՝ Սանդուխտի՝ ո՛չ միայն դարձը, այլ նաեւ քրիստոնէական առաքինի կեանքը: Այս իսկ պատճառով, Սանատրուկ հրահանգում է սանձել քրիստոնեաների ընթացքը եւ մանաւանդ բանտարկել Սանդուխտը: Սանատրուկ իր հաւատարիմ իշխաններից մէկին ուղարկում է բանտ, իշխանուհի Սանդուխտը տարհամոզելու համար, բայց իշխանը փոխանակ համոզելու, ի՛նք գրաւում ու յափշտակւում է Ս. Հոգով ու դարձի է գալիս 50 ընկերներով ու զինակիցներով, որի համար էլ Սանատրուկ կատղած, հրահանգում է սպաննել 200 քրիստոնեաներ:

Սանատրուկ բազմաթիւ փորձերից յետոյ ձեռբակալում է նաեւ Ս. Թադէոս Առաքեալին: Իր աղջկան եւ բազմաթիւ հաւատացեալների հետ միասին ատեան է բերում նրանց: Սանատրուկ սպառնում է, կապում է, բայց կապերը արձակւում են:

Սանատրուկ երբ իմանում է, որ իր լաւագոյն իշխաններից մէկը՝ Սամուէլ իշխանն էլ հաւատալով դարձի է եկել եւ մկրտւել, անմիջապէս սպանում է նրան, մի քանի աւագանիների հետ միասին: Իր բարկութեան մէկ պահին սպանում է նաեւ Զարմանդուխտ Իշխանուհուն, որ իր ազգականներից մէկն էր: Սանատրուկ կատղած, հրամայում է սպանել նաեւ Սանդուխտը: Բազմաթիւ հրաշքներ են պատահում, որի պատճառով 2000 հոգի հաւատալով դարձի են գալիս եւ մկրտւում: Բայց Ս. Սանդուխտ կոյսը ի վերջոյ նահատակւում է կուրծքից զարնւելով:

Երեք օր յետոյ, Սանատրուկ նախ գազանների առջեւ է նետում Ս. Թադէոսը եւ ապա հնոցի մէջ: Բայց երբ Առաքեալը երկու որոգայթներից էլ անվնաս է դուրս գալիս, 433 հոգի հաւատում եւ մկրտւում են, բայց Սանատրուկի հրամանով անմիջապէս նահատակւում են: Առաքեալը գլխատման են տանում, բայց դահիճը սխալմամբ սպանում է իր եղբայրը Զեմենտոսը, որ Թադէոս Առաքեալի աղօթքով վերակենդանանում է: Այս հրաշքի ականա-տեսները, թւով 720 հոգի դարձի են գալիս, հաւատում եւ մկրտւում:

Վերջապէս Ս. Թադէոս Առաքեալ, սրով նահատակւում է: Նահատակութեան վայրում գտնւողներից 3400 հոգի դարձի են գալիս եւ մկրտւում:

Սանդուխտ Կոյսի նահատակութեան թւականը նշւում է 7 Քաղոցը իսկ Թադէոսի նահատակութիւնը 14 Քաղոցը: Բայց Յայսմաւուրքում յիշւել է Օգոստոս 20-ը: 66 թւականին հաւատացեալներ հիմնում են մի եկեղեցի առաքեալի անունով: Աւելի ուշ, Եկեղեցին կոչւում է Ս. Թադէի վանք, եւ որ եղել է Արտազի Եպիսկոպոսական Աթոռը: Վանքը մինչայժմ գործում է որպէս ուխտատեղի, Իրանի Իսլամական Հանրապետութեան ամբողջական հովանին վայելելով:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝

- Ս. Թադէոս (Թադէ) Առաքեալի վանքը գտնւում է Չալ-դրանի Ղարաքիլիսա գիւղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ. ի վրայ: Կառուցման թւականը վերագրւում է 4-6-րդ դարերին, իսկ ըստ աւանդութիւն' այն հիմնադրել է Թադէոս Առաքեալը 66 թւին: Վանքը 1814 թ. վերանորոգւել է Աբրաս Միրզայի հրամանով: Մի քանի անգամ երկրաշարժից աւերւել է եւ կրկին վերանորոգւել: 1946 թ. վերանորոգւել է Թաւրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, եւ 1954 թ. առաջին հայ ուխտաւորները' 50-60 հնգանոց խմբով, Ս. Թադէոս Առաքեալի նահատակութեան օրը ուխտագնացութիւն կազմակերպել են Թաւրիզից դէպի Ս. Թադէի վանք: Այդ ժամանակ կառուցւել է 60կմ. ճանապարհ' Ղարազիայդինից մինչեւ վանք: Վանքի գմբէթը բրգաձեւ է եւ բաղկացած է 12 մասից: Արեւելեան մասը սեւ քարից է, եւ 14-րդ դարի աւերիչ երկ-րաշարժից կանգուն մնացած միակ մասն է: Իսկ կենտրոնական եւ արեւմտեան հատւածները երկրաշարժից յետոյ կառուցապատւել են սպիտակ քարերով: Վանքի առաստաղը եւ ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատւած են արծւի եւ կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով: Զանգակատունը կառուցւած է չորս հսկայ սիւների վրայ, որոնք միացւած են կամարներով:

2008 թ. այն գրանցւել է ԵՈՒՆԷՍԿՈ-յի համաշխարհային ժառանգութեան համաշխարհային ժառանգութեան մէջ, Ս. Ստեփանոս եւ Ծործոր վանքերի հետ միասին, ՙՀայկական Եկեղեցիները Իրանում՚ անւան տակ: