ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կազմակերպած 2019 թւականի Սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանում

Հայաստանում սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման մէկամսեայ ծրագիրը գործում է 2000 թւականից` աստիճանաբար ընդլայնւելով եւ խորանալով:

Այս տարի ծրագրին մասնակցում էին շուրջ 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Աւստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայէլ, Իրան, Իրաք, Լիտւա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրայինա, Վրաստան եւ Ֆրանսիա:

Այս տարի նախատեսւած էր վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտէզի, տարրական ուսուցման, մէկօրեայ դպրոցների, հայոց լեզւի ու գրականութեան դասաւանդման, նկարչութեան եւ կիրառական արւեստի ուղղութիւններով:

Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդները ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան (ԿԳՄՍ) կազմակերպած 2019 թւականի Սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցելու հրաւէրին, թւով հինգ ուսուցչուհիների գործուղեց մասնակցելու վերոնշեալ ծրագրին: Իրանից նախապէս ներկայացրած եւ հաստատւած յայտով մասնակցեցին 5 ուսուցչուհիներ՝ որոնք վերապատրաստման համար ընտրել էին հետեւեալ ճիւղերը:

Քաթրին Նազարեան՝ մայրենի լեզւի ուսուցչուհի, նկարչութիւն եւ կիրառական արւեստ:

Վիոլետ Այւազեան՝ մանկապարտէզի դաստիարակ, ուսուցում մանկապարտէզում:

Լուսինէ Նազար՝ մայրենի լեզւի ուսուցչուհի, տարրական ուսուցում:

Անժէլ Մինասեան՝ մայրենի լեզւի ուսուցչուհի, հայոց լեզւի եւ գրականութեան դասաւանդում:

Գայիանէ Ստեփանեան՝ կրօնի ուսուցչուհի, տարրական ուսուցում:

Դասընթացների բացումը կատարւեց յուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի ներկայութեամբ՝ Խ. Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի դահլիճում:

Դասընթացները տեղի էին ունենում ամէն օր ի բաց առեալ շաբաթ-կիրակի օրերի, իսկ հանգստեան օրերին ծրագրւած էր շրջագայութիւններ, այցեր, հանդիպումներ: Մասնակիցները հանդիպել են Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար՝ Զարեհ Սինանեանի հետ, որն իր խօսքում դիմելով սփիւռքահայ ուսուցիչներին մասնաւորապէս նշել է. «Ձեր աշխատանքի կարեւորութեան, կշռի եւ անհրաժեշտութեան մասին տեսականօրէն չեմ խօսում. իմ չորս երեխաները հայեցի կրթութիւն են ստացել եւ ստանում Սփիւռքում, մինչեւ հայրենադարձւելը: Այնպէս որ, գիտեմ՝ ինչպիսի զոհողութիւնների շնորհիւ էք դա անում: Իմացէք, որ ձեր մէջքին կանգնած է մի ամբողջ պետութիւն, ԿԳՄՍ նախարարութիւնը, Վարչապետի աշխատակազմի Սփիւռքի գործերի յանձնակատարի գրասենեակը, եւ մենք լիովին գիտակցում ենք ձեր աշխատանքի կարեւորութիւնը: Անպայման ողջունէք նաեւ ձեր աշակերտների ծնողներին, քանի որ հէնց նրանք են գիտակցում հայերէնի կարեւորութիւնը Սփիւռքում»:

Նշելի է, որ դասընթացները կայացան խիստ կազմակերպւած, բարձր մակարդակով եւ մասնագէտ ու փորձառու դասախօսների դասաւանդմամբ: Բոլոր մասնակիցները գոհ ու յագեցած գնահատեցին կազմակերպւած աշխատանքը:

Չափազանց ազդու եւ տպաւորիչ էր ուսումնաշրջանը: Այն վստահօրէն իր ներազդեցութիւնն ու հետքն է թողնելու մասնակիցների աշխատանքներում:
Պէտք է նշել, որ դասընթացներում դասախօսների միջոցով յանձնարարութիւններ է տրւել մասնակցող ուսուցիչներին:

Դասընթացների փակումը տեղի ունեցաւ յուլիսի 26-ին, որի ընթացքում մասնակցող ուսուցիչները գնահատւեցին ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կողմից հաստատւած հաւաստագրերով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ