Իրանի 51-րդ Համահայկական խաղերի Թեհրանի ջահի օրհնութիւն

Շաբաթ օգոստոսի 31-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում, կիրակնամուտի ժամերգութիւնից յետոյ, տեղի ունեցաւ Իրանի 51-րդ Համահայկական խաղերի Թեհրանի ջահի օրհնութիւնը։

Օրւայ արարողութեան նախագահում էր թեմիս առաջնորդ գերշ, Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին ջահակիրները, մարզիկներ, ազգայիններ, Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան և Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչները, Խաղերի Գործադիր յանձնախմբի անդամները և մեծ թւով հայրենակիցներ:

Ժամերգութեան աւարտին, առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց ներկաներին, յատկապէս արարատականներին, գնահատեց Կենտրոնական Վարչութիւնը, որ տարիներից է վեր կազմակերպում է այս խաղերը, ի մի բերելով հազարաւոր երիտասարդներ, պատանի և պարմանուհիներ: Ապա անդրադառնալով ջահավառութեանը, Սրբազան Հայրը մաղթեց, որ իւրաքանչիւրի սրտում վառւի հոգևոր մի ջահ, իր կեանքը լուսաւորելու համար:

Ջահակիրներն են մարզիկներ՝ Էդնա Իսայեանը,Դրօ Տէր Ղուկասեանը և Զեփիւռ Ասատրեանը:

Արարողութեան աւարտին՝ ջահը յանձնւեց Կենտրոնական վարչութեանը, այնուհետև մարզիկ Դրօ Տ. Ղուկասեանի միջոցով ջահը հասաւ Արարատ մարզաւան ու տեղադրւեց Սուրբ Խաչ մատուռում։

Ջահը սեպտեմբերի 13-ի երեկոյեան միանալով Արարատ Կազմակերպութեան 4 մասնաճիւղերում՝ Թաւրիզում, Ուրմիայում, Գեարդաբադում և Շիրազում արդէն օրհնւած ջահերին, դառնայ մէկ ու բոցավառւի բացման հանդիսաւոր արարողութեան ընթացքին և որի ջերմութեան ներքոյ կընթանան Համահայկական խաղերը։

Այսպիսով, հինգ օրհնւած ջահեր "Սուրբ Խաչ մատուռ"-ի խորանի առջև կսպասեն միանալու և դառնալու մէկ հզօր ջահ, որպէս միասնութեան ու միասնականութեան հզօր ոգու խորհրդանիշ։

Ուրբաթ, սեպտեմբերի 13-ի երեկոյեան, ժամը 7։30-ին Արարատ մարզաւանում տեղի է ունենալու Իրանի 51-րդ Համահայկական խաղերի հանդիսաւոր բացման արարողութիւնը։

Լուսանկարները՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կայքէջից