Ս. Պատարագ՝ Սրբոց Ղևոնդեանց Քահանայից Տօնի Առիթով

Երեքշաբթի, 2 փետրւար 2016-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: 

Սոյն տօնը, տօնն է նաև քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։ 

 

Պատարագեց Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանը։ Կրօնական արարողութեանը նախագահեց և քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Սրբազան Հայրը բացատրելով Ս. Ղևոնդի տօնի մասին ասաց. «Այս օրը տօնում, ոգեկոչում և փառաւորւում է քահանայութիւնը և քահանայական առաքելութիւնը, այլ խօսքով՝ այսօր, եկեղեցու պայծառութեան լծւած իր սպասաւորների և մշակների տօնն է»:  «... Ս. Ղևոնդ երէց քահանան, Յովսէփ կաթողիկոսի, Սահակ եպիսկոպոսի, Թաթիկ եպիսկոպոսի, Արշէն և Մուշեղ քահանաների, Ապրահամ սարգաւակի և Վարդանանց ճակատամարտի անմիջական պատասխանատուների հետ Տիզբոն կանչւեցին՝ քննութեան, ապա մահւան դատապարտւեցին և նահատակութեամբ, իրենց կեանքը Աստծուն ընծայեցին:  Ղևոնդ քահանան եթէ պատերազմի դաշտ գնաց, չգնաց մարդ սպանելու, այլ գնաց իր քրիստոնէական հաւատքը և կրօնն ու հայրենիքը պաշտպանելու համար»: 

Սրբազան Հայրը շարունակեց. «Այսօր նրանց յիշատակն ենք ոգեկոչում և դրանց յիշատակի միջից ոգեկոչում ենք քահանայութեան վեհութիւնը և գաղափարը»: 

Միւս բաժնում նա աւելացրեց՝ «Հրեշտակները 4 հիմնական պարտականութիւն ունեն՝ առաջինը՝ միշտ Աստծոյ ներկայութեան մէջ և յարատև աղօթքի մէջ են, երկրորդ՝ Աստծոյ պատգամների փոխանցողներն են, երրորդ՝ պահակը և արտայայտիչն են Աստծոյ խօսքի և չորրորդ՝ պատրաստակամ են ամէն վայրկեան Աստծուն ծառայելու և Աստծոյ ծառայութեան մէջ լինելու:  Քահանաներն էլ հրեշտակների պէս այս 4 հիմնական պարտականութիւններն ունեն»: 

Ապա դիմելով քահանաներին շարոնակեց՝ «Սիրելի հոգևոր եղբայներ, հետևաբար, մեր կոչումը և պարտականութիւնը իբրև Աստծոյ հրեշտակներ և հրեշտակների ներկայացուցիչներ այս աշխարհի վրայ, ամէն բանից առաջ, մեր ժողովրդին Աստծոյ ներկայութիւնը զգացնել տալն է:  Պէտք է յուշարարը լինենք Աստծոյ օրէնքին և մեր եկեղեցու կարգ ու կանոնին:  Փորձենք լինենք այն քահանայ հայրերի նման, որոնք զոհողութեամբ, ծառայութեամբ նւիրումի և Աստծոյ օրէնքի գործադրութեամբ, օրինակները հանդիսացան մեր ժողովրդի կեանքում:   Իբրև մարդ, թերացումներ ենք ունեցել: Մեր տօնը գեղեցկագոյն առիթն է մեզ զօրացնենք և ամրացնենք և Աւետարանական վերանորոգութեամբ, վերանորոգենք մեզ, ունենալով Քրիստոսին մեր մէջ որպէս մեր Տէրը և Փրկիչը»: 

Պատարագին ներկայ էին նաև Ռոստոմ տղայոց տարրական դպրոցի աշակերտները:  Սրբազան Հայրը դիմեց աշակերտներին, ողջունեց նրանց ներկայութիւնն և աւելացրեց՝ «Վարդանանց պատերազմից յետոյ, այս խումբը վկայեցին իրենց քրիստոնէական հաւատքին և նահատակւեցին այժմու Մազանդարան նահանգում և իրենց այդ նահատակութիւնն այսօր մեր համար զօրութեան և ներշնչման աղբիւր եղած է»: 

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն մեր թեմի ի Տէր հանգած քահանաների հոգիների խաղաղութեան համար: 

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը, Հայ Ուսումնասիրաց Չարմահալ Միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, ի պատիւ քահանաների:  Ներկայ էին քահանայ հայրերն ու եկեղեցական խորհրդների ներկայացուցիչները: