Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՄԱՆՈՐԵԱՆ ՊԱՏԳԱՄ - ՆՈ՞Ր ԹԷ ՀՆԱՑԵԱ՞Լ ՆՈՐԸ

ՆՈ՞Ր ԹԷ ՀՆԱՑԵԱ՞Լ ՆՈՐԸ

Ժամանակի խորհուրդը իմաստունների, գիտունների, մտաւորականների միտքը չարչրկող երեւոյթներից մէկն է եղել պատմութեան ամենավաղ շրջաններից սկսեալ մինչեւ մեր օրերը: Ամէն տարեվերջի միմեանց շնորհաւորում ենք «Շնորհաւոր Նոր տարի» մաղթելով, բայց անդրադառնո՞ւմ ենք արդեօք այս իմաստալից բարեմաղթանքին: Իրօ՞ք նոր է տարին թէ՞ հնացեալ ու հնաբոյր: Ի՞նչն է հինը «նոր»-ի վերածում:

Չորս կողմդ նայում ես մի նոր բան տեսնելու …, սակայն նոյն երկինքը, նոյն արեւը, նոյն մարդիկ, այլ խօսքով նոյն աշխարհը, մէկ տարբերութեամբ, որ մարդիկ տարբեր գոյներով զգեստներ են հագած, պարբերական փոփոխութեամբ: Նոյնն է նաեւ բնութիւնը, որը սակայն ինքն իրեն վերանորոգում է շրջապատը չքնաղ գեղեցկութեամբ օժտելով, սակայն այդ էլ ժամանակաւոր է ու վաղանցուկ:
Հին տասնամեակը անցաւ եւ հիմա մտնում ենք նոր տասնամեակ: Չգիտենք նոր տասնամեակը ինչ է բերելու իր հետ, մենք սակայն կոչւած ենք նոր խանդով, վերանորոգ հաւատքով, ընդառաջ գնալու նորին, ի խնդիր նորոգեալ եւ պտղատու նոր տասնամեակի:

Հնին յաջորդած նորը դատապարտւած է շուտով հնանալու եւ այսպէս պատմութեան ամենավաղ ժամանակներից սկսեալ այս երեւոյթը կրկնւած է եւ շարունակում է կրկնւել: Ի՞նչ է ուրեմն ժամանակը եւ ինչպէ՞ս կարելի է սահմանել այն: Մարդ արարածը ինքն իր տրամաբանութեամբ ժամանակը բաժանել է անցեալի, ներկայի ու ապագայի, հնի եւ նորի եւ կեանքը հանգրւան առ հանգրւան կապել է վերոյիշեալ եռաշարքին: Աստւածաշունչ մատեանը աւելի գեղեցիկ կերպով ժամանակը բնորոշել է եւ այն մարդկային կեանքով բացատրել. «Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը» (Առ. 3:1): Այդ գործն է, որ պիտի գունաւորի յաւերժական ժամանակը: Ահա թէ ինչո՞ւ համար առաքեալը ասում է. «Հետեւաբար քանի դեռ ժամանակը մեր ձեռքումն է բարիք անենք բոլորին, մանաւանդ հաւատքի ճանապարհի մեր հարազատներին» (Գղ.6:10):

Եփեսացիներին գրած իր նամակում Պօղոս առաքեալը զգուշացուցիչ ազդարարութիւն է տալիս իր հետեւորդներին ասելով. «Ուրեմն ուշադրութիւն դարձրէք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրէք անմտօրէն,
այլ իմաստունների նման: Օգտագործեցէք ժամանակը, քանզի այս օրերը չար են»:(Եփ. 5:15):

Ինչպէ՞ս օգտագործել ժամանակը: Մեր եկեղեցու հայրերից մէկն ասել է. «Ժամանակը, ինձ համար, այն կտաւն է, որի վրայ մարդ իր կեանքի արւեստովը մի պատկեր է դրոշմում եւ այդ պատկերն է, որ կտաւը փրկում է կտաւութեան ինքն իրենով «չէզոք» անիմաստ գոյութիւնից եւ բնական փճացումից»:

Անանցանելի է այն ժամանակ կտաւը, որի վրայ պատկերւած է մարդու հաւատքի գործը, մտքի ստեղծագործութիւնն ու կեանքի կնիքը, այլ խօսքով առաքեալի բառերով, երբ ժամանակը «գունազարդում» ենք աստւածահաճ գործերով, անանցանելի բարիքներով, որոնցով ընկերութեան կեանքը պայծառանում է, այն դառնում է անանցանելի եւ յաւերժաբոյր:

Առաքեալը յուշում է մեզ. «Օգտագործեցէք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփ. 5:15): Այո՛, դիտենք մեր շրջապատը, ամէն տեղ պատերազմ, անորոշութիւն, հեւքոտ վազք մէկը միւսից առաջ անցնելու համար, պարզապէս յագուրդ տալու իրենց փառասիրութեան, արծաթսիրութեան, աշխարհակայական անկուշտ ախորժակներին:
Մարդ էակը դարձել է թշնամի իր նմանին, իր շրջապատին. խաւարացեալ մտքով դիտում է իր կեանքը եւ խելակորոյս թափառում, ոստոստում ծառից ծառ յագեցնելու համար իր անյագ զգացումներն ու ապրումները:

Քրիստոնէութեան մեծագոյն պարգեւը մարդկութեան եղաւ «Աշխարհը յաւիտենական լոյսով լուսաւորելը», որով նա ամբողջական գիտակցութիւնը ունեցաւ իր կոչումին, առաքելութեան, որով եւ ժամանակի նւաճումին: Լոյսը խաւարը փարատում է, եւ մարդուն առաջնորդում է ապահով ճանապարհով: Լոյսը մարդուն մօտեցնում է աստւածային ճշմարտութիւններին, որոնցով պայծառացած մարդ էակը առաջնորդւում է Աստծու կամքի համաձայն հեռու մնալով աշխարհային ցանկութիւններից: Պօղոս առաքեալը Գաղատացիներին գրած իր նամակում բացատրելուց յետոյ քրիստոնէավայել կեանքի ընթացքը յաւելում է. «Արդ, եթէ դուք առաջնորդւէք Սուրբ Հոգով, նշանակում է այլեւս ենթակայ չէք օրէնքին, եւ ապա թւում է մարդկային այն գործերը, որոնք խաթարում են քրիստոնեայի կեանքը, ինչպէս «շնութիւն, պոռնկութիւն, անբարոյութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւն, երկպառակութիւն, բաժանումներ, չարակամութիւն, սպանութիւն, հարբեցողութիւն, անառակութիւն ու սրանց նման ուրիշ բաներ» (Գղ. 5:18-21): Այնուհետեւ առաքեալը նախազգուշացնում եւ թելադրում է առաջնորդւել Ս. Հոգով, քանի որ Սուրբ Հուգու «արդիւնքներ են (պտուղները) սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն, ազնւութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկա-լութիւն» (Գղ. 5:22-23):

Առաքելական վերոյիշեալ յորդորները ժամանակ կոչւած իրականութեան երկու երեւոյթներն են՝ ժամանակը բարիով անժամանակի վերածել եւ կամ էլ այն աշխարհիկ ցանկութիւններով ժամանակաւոր իրականութեան վերածել: Որքան գեղեցիկ են Սաղմոսերգուի բառերը. «Արդարեւ, մարդու կեանքը խոտի է նման, ծաղկում է այնպէս, ինչպէս վայրի ծաղիկը. երբ խորշակը փչում է նրա վրայ, այլեւս դադարում է գոյութիւն ունենալուց, նրա տեղն անգամ չես իմանայ. Սակայն Տիրոջ հոգածութիւնն անվախճան է, իր արդար վարմունքը մշտական է իրենից ակնածողների հանդէպ. նրանց հանդէպ, որոնք հաւատարիմ են իր ուխտին եւ չեն մոռանում գործադրել իր հրահանգ-ները» (102:15-18):

Տօնական այս օրերին, երբ ապրում ենք խորհուրդը Նոր տարւայ եւ մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան, արժէ մտածել Սաղմոսերգուի խօսքերի վրայ, մեր
կեանքը խոտից վերածելու մշտադալար պտղատու այգու, որպէսզի կարողանանք անմահաբոյր ու կենսայորդ պտուղներով մեր նմաններին հասնելու:

Այսօրւայ ալեկոծեալ ու փոթորկեալ աշխարհը, որտեղ պատերազմները անապահովութեան այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ արարածին դրել են մեծ մարտահրաւէրների առաջ: Մեր ժողովուրդն էլ հայրենիքում եւ յատկապէս սփիւռքեան իրականութեան մէջ կանգնած է մեծ մարտահրաւէրների, մտահոգութիւնների եւ անորոշութեան դիմաց: Սփիւռքեան մեր գաղութները, յատկապէս Միջին Արեւելքի երկրներում մեծ դժւարութիւնների առաջ են կանգնած: Տնտեսական եւ անապահովական տագնապներն ու կեանքի անորոշութիւնը ցնցում են մեր գաղութների կեանքը:

Տօնական օրերից մեզ եկող զօրութեամբ կոչւած ենք վերանորոգել, կենսաւորել մեր հաւատքը եւ մեզանից հեռու վանենք յուսահատութիւնը եւ վառ յոյսով կառչենք մեր ազգային եւ հոգեւոր արժէքներին: Պօղոս առաքեալը թելադրում է չընդօրինակել այս աշխարհի մարդկանց վարմունքը «այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով» (Հռ. 12:2):

Նորոգութեամբ մարդ նոր մարդ է դառնում, նոր արարած եւ կը կարողանայ իր նմանին, իր հայրենակցին մէջ ինքն իրեն տեսնել եւ ըստ այնմ իմաստաւորել իր կեանքը:

Ամանորի եւ Աստւածայայտնութեան խորհուրդը ուրիշ բան չէ, եթէ ոչ սիրոյ, խաղաղութեան, հաճութեան, եղբայրասիրութեան կեանքով ապրել եւ յանուն մարդկային մեր կոչումին ու ազգային մեր արժէքներին, պահանջատիրական մեր պայքարին ուխտել հաւատարիմ մնալ մեր հայրերի մեզ թողած ժառանգին, որ է մեր լեզուն, հաւատքը, մշակոյթը իբրեւ պատւանդանը մեր լինելութեան:

Մենք պատմութեան ընթացքին շատ տագնապներ, հալածանքներ, աւերումներ ու ջարդ ենք տեսել, սակայն կեանքից ու կեանքը իմաստաւորող արժէքներից չենք հրաժարւել, որովհետեւ միշտ վառ յոյսով նայել ենք ապագային եւ կերտել նոր կեանք:

Այս խորհրդով ու մտածումներով աղօթում ենք աշխարհի խաղաղութեան եւ մարդկանց միջեւ հաճութեան հաստատման: Աղօթում ենք մեր պատմական երկրի, Արցախի եւ նրանց ղեկավարութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր հոգեւոր եւ աշխարհական ղեկավարութեան, մեր եկեղեցու՝ իր նւիրապետական Աթոռներով եւ ողջ ժողովրդին:

Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս, Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեհրան

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com