Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՊԱՏԳԱՄ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.

Գոհութիւն եւ փառք Ամենակալ Աստծուն, որ մեզ ազգովին պահեց ու պահպանեց եւ հասցրեց այս երանական պահին, երբ միասնաբար հաւաքւած ենք իր սուրբ Տաճարի կամարների ներքեւ տօնելու Ամանորը եւ փառաբանելու իր անունը։

Նոր տասնամեակ ենք դիմաւորում։ Երկրորդ տասնամեակը անցաւ իր ետին թողնելով տխուր եւ ուրախ յուշեր։ Նոր տասնամեակի սեմին հարկ է վճռել եւ ուխտել նորոգ հաւատքով եւ անկոտրում ու զօրաւոր կամքով ապրել յառաջիկայ տասնամեակի իւրաքանչիւր տարին, ամիսը եւ օրը։

Գոհութիւն ենք յայտնում Աստծուն, որովհետեւ գիտակցում ենք մեր արարած լինելու եւ իր Արարիչ լինելու, որովհետեւ գոհութիւն յայտնել նշանակում է գիտակցել որ մենք իր պատկերով ենք ստեղծւել եւ չենք նմանւել որեւէ մէկ, այլ բանի։ Աստծու պատկերով ստեղծւած լինելու գիտակցութիւնը պէտք է մեզի ուղեկցի մեր ողջ կեանքում։

Պօղոս առաքեալը Եփեսացիներին գրած իր նամակում գրում է «Նմանւեցէ՛ք Աստծուն, որպէս նրա սիրելի որդիներ եւ շարժեցէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոսը սիրեց մեզ եւ մեզ փրկելու համար ինքն իրեն ընծայեց Աստծուն, որպէս անուշահոտ ընծայ եւ զոհ» (Եփ. 5։1-2)։

Նմանւել Աստծուն նշանակում է ամէն վայրկեան աշխատել կատարելութեան հասնելու, քանի որ Աստւած ինք կատարելութիւն է։ Առաքեալը թելադրում է ոչ միայն նմանւել Աստծուն, այլեւ ՛՛շարժել սիրով ՛՛ այլ խօսքով միմեանց սիրել եւ սիրով գործել։ Յովհաննէս առաքեալը գրում է, «Սիրելիներ, սիրենք միմեանց, որովհետեւ սէրն Աստծու պարգեւն է. ով սիրում է, նա ծնւած է Աստծուց եւ ճանաչում է Աստծուն»(Յհ. 4։7)։

Ամանորի եւ գալիք Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները յուշում են մեզ, որ կոչւած ենք մեր նայւածքները յառելու մեր Փրկչին, որի ծննդեան գիշերը Բեթղեհէմի երկնակամարը ողողւեց աստւածային լոյսով եւ Արեւելքից եկած երեք մոգերը առաջնորդեց իրական, ու վաւերական Լոյսին՝ մանուկ Քրիստոսին։ Յիշենք Քրիստոսի խօսքը.- «Ես եմ աշխարհի լոյսը։ Ով որ ինձ հետեւի, խաւարի մէջ չի քայլի, այլ կունենայ այն լոյսը, որ առաջնորդում է դէպի կեանք» (Յհ. 8։12)։

Սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, այս օրերին աշխարհը կարծես թէ խաւարամած է եւ գորշ ամպերով ծածկւած։ Մարդիկ հառացած են իրարից եւ իրենց Արարչից եւ դրա համար կանգնած են անորոշութեան առաջ։ Նոր տարին ոսկեայ առիթ է մեզանից իւրաքանչիւրի համար վերատեսելու մեր կեանքը. փորձենք խաւարը վանել մեզանից, քանի որ խաւարի գործերը չար են եւ սիրով մօտենանք Աստծուն, որովհետեւ Աստւած սէր է եւ սիրով ապրողը ինքնավստահ հաւատարմութեամբ ընդունում է Աստծուն եւ հեռու է մնում կեղծիքից, ստից, նախանձից, մեծամտութիւնից, փառասիրութիւնից եւ բոլոր այն ախտերից, որոնք մարդու կեանքը ապականում են։

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան խորհուրդով օծուն այս օրերին իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ լինենք զգաստ եւ ապրենք ու գործենք խոհեմութեամբ եւ իմաստութեամբ։ Կեանքի տնտեսական, ընկերային, քաղաքական տագնապները մնայուն չեն եւ չեն կարող լինել, տագնապների դէմ յանդիման կանգնած վերատեսենք մեր կեանքն ու գործերը, մտածենք մեր նմանների մասին, մտաբերենք որ որպէս համայնք մեր եկեղեցիների, դպրոցների, ընկերային, մարզական, մշակութային ու բարեսիրական մեր հաստատութիւնների պահպանումն մեզանից իւրաքանչիւրի եւ մեր բոլորի պարտականութիւնը, որովհետեւ վերոյիշեալ հաստատութիւնները օրրան են մեր լեզւի, հաւատքի ու հոգեւոր եւ մշակութային արժէքներին։ Մեր անկար եւ կարօտեալ ընտանիքների հասնելը մեր քրիստոնէական եւ մարդկային աւագ պարտականութիւնն է։

Մեր ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքին դիմագրաւած է բազմազան ու բազմաթիւ տագնապներ եւ սակայն չի ընկճւել, այլ միշտ իր քրիստոնէական կենսայորդ հաւատքով կուրծք է տւել այդ բոլորին եւ կարողացել յաղթական դուրս գալ։

Այսօր էլ սիրելիներ, յուսահատութիւնը մեր բառարանից ընդմիշտ հանել ենք եւ հաւատարմօրէն ապրում ենք կառչած ապագային եւ մեր ազգային արժէքներին։

Պօղոս առաքեալ Հռոմէացիներին գրած իր նամակում թելադրում է նորոգւել նոր մտածումներով եւ գործելակերպով։ Նորոգւենք սիրելիներ նոր մտածումներով, խոհերով եւ եղբայրանանք միմեանց հետ ու տէր կանգնենք մեր նւիրական արժէքներին ի խնդիր իրական ու վաւերական նորոգիչ կեանքի։

Աղօթենք աշխարհի խաղաղութեան, մեր պատմական հայրենիքի Հայաստանի եւ Արցախի, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր հոգեւոր աշխարհական ղեկավարութեան համար։ Աղօթենք մեր ազգի եւ եկեղեցու առաւել պայծառութեան եւ իմաստուն կեանքի համար. վերջապէս աղօթենք իրանահայ մեր ժողովրդի եւ իր թեմերի եւ թեմերի ազգային իշխանութիւնների եւ ժողովրդի համար եւ աղօթաբոյր շրթներով բոլորին ասենք.

Շնորհաւոր Նոր Տարի եւ գալիք Ս. Ծնունդ. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Յունւար 2020
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ