ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

Սկսւող Նոր Տարւայ, տասնամեակի առաջին օրերին, երբ ամէն մարդ նոր ու վառ յոյսերով, մտորումներով վայելում էր տօնական օրերի առթած ուրախութիւնն ու զւարճութիւնը, յանկարծ ոճրածին մի արարքով Իրանի Իսլամական Հանրապետութեան Յեղափոխական բանակի ամենաքաջ ու խիզախ, հերոս, արի ու վեհանձն, այլեւ գիտուն զաւակներից մին՝ զօրավար Ղասեմ Սոլէյմանին նահատակւում է իր ընկերներով, զոհ երթալով Ամերիկեան անմարդկային եւ դատապարտելի յարձակման։

Նահատակւում էր զօրավար Ղասեմ Սոլէյմանին, որ իբրեւ քաջ ու արի հերոս ու մարդու իրաւունքների պաշտպան անսակարկ նւիրումով մարտնչում էր յանուն խաղաղութեան եւ արդարութեան հաստատման։ Նա որքան քաջ էր ու արի, նոյնքան բարի, բարեսէր ու մարդասէր նւիրեալ պատերազմիկ զօրավար էր, որ իր ողջ կեանքը նւիրաբերել էր իր երկրի խաղաղութեան եւ հայրենիքի տարածքային ամբողջականութեան պահպանման համար։

Նա պատերազմի դաշտում, թէ խաղաղութեան ժամանակ ամենուրէք էր, արհամարհելով ամէն տեսակ վտանգ։ 2011 թւականից սկսեալ երբ Սիրիա իր քաջարի եւ հաւատարիմ բանակով ահաբեկչական ուժերի դէմ կռիւ էր մղում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եղբայրական օժանդակութիւն ցուցաբերեց, նման այլ բարեսէր պետութիւնների ու կազմակերպութիւնների։

Զօրավար Ղասեմ Սոլէյմանին իր զօրայինների հետ Հալէպ էր ի պաշտպանութիւն անմեղ քաղաքացիների եւ յատկապէս քրիստոնէական ու հայկական շրջաններում բնակւող քաղաքացիներին։

Այդ օրերին պետական ուժերի կողքին կը կռւէին նաեւ հայ երիտասարդներ, որոնք առիթը ունեցան ճանաչելու եւ զինակից լինելու զօրավար Ղասեմ Սոլէյմանիի։ Կռւող հայ երիտասարդները երախտագիտութեամբ յիշում են Զօրավար Սոլէյմանին որ իր հերոսական կեցւածքով, զինւորական հմտութեամբ բայց մանաւանդ իմաստութեամբ կարողացաւ չեզոքացնել թշնամու յարձակումները եւ այնուհետ նաեւ Հալէպ քաղաքը ազատագրել ընդդիմադիր եւ ահաբեկիչ ուժերից։

Զօրավար Ղասեմ Սոլէյմանիի անարգ սպանութեան առիթով Հալէպի հայ երիտասարդները իրենց դիմատետրի վրայ ափսոսանքով ողբացին ու ողբում են հերոսի նահատակութիւնը եւ դատապարտում անարգ ու անմարդկային ոճիրը, որի զոհ գնաց Զօրավարը ինք եւ իր ընկերակիցները։

Մի հայ զինւոր իր դիմատետրի էջի վրայ գրում է, ինչպէս չտխրել ի լուր զօրավար Ղասեմի նահատակութեան, երբ նա Հալէպում եւ Հալէպից դուրս, Լաթաքիայի շրջապատի լեռների վրայ առիւծանման կռիւ էր մղում ահաբեկիչների դէմ, ազատագրելով պաշարեալներն ու ահաբեկիչների թակարդը ինկած բանակայիններն ու անմեղ զանգւածները։

Մարդկային պատմութիւնը վկայում է, որ ժողովուրդներ, երկիրներ գոյատեւում են շնորհիւ իրենց արիասիրտ, տեսլապաշտ ու նւիրեալ զաւակներին։ Մենք որպէս հին ժողովուրդ հպարտանում ենք մեր հերոս թագաւորների, զօրավարների, իշխանների եւ հոգեւոր պետերի սխրագործութիւններով։ Բոլոր նրանք ովքեր իրենց կեանքը նոյնացուցած են իրենց ժողովուրդի գաղափարական աշխարհի, հոգեւոր արժէքների հետ նրանք անմահութեան ժառանգորդ են եւ անմահ։ Նա ով հաւատքով ապրում, գործում եւ ինչու չէ նաեւ իր հայրենիքի ու ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան է նւիրւում նա անմահ է։ Այս խոր հաւատքով ապրած եւ գործող հերոսների կեանքը եղել է պատւանդան եւ գոյութեան ամրակուռ խարիսխ։

Իրանի անցեալի եւ ներկայի պատմութիւնն էլ վկայում է հերոսների, նահատակների գոյութեան, եւ ահա արդի պատմութեան մեծագոյն հերոսներից է Զօրավար Ղասեմ Սոլէյմանին, որ պատերազմի դաշտին ընկած իր զինակիցների ու ընկերների կեանքը ազատելու համար անսակարգ նւիրումով յառաջ էր նետւում գերագոյն անձանզոհութեան օրինակ տալով իր շրջապատին։ Այսպիսին էր Զօրավար Ղասեմ Սոլէյմանին, որովհետեւ որպէս բարեպաշտ հաւատացեալ, հաւատացած է Քուրանի այն խօսքին որ ասում է, «մի համարէք Աստծու ճանապարհին սպանւածները՝ մեռեալներ, նրանք կենդանի են եւ Աստծու ողորմածութեան արժանի»։

Քիչ է թիւը այն պատերազմող զօրավարների, որոնք իրենց քաջութեան ու հերոսութեան խառներ են նոյնքան ազնւութիւն, խոնարհութիւն ու համեստութիւն այլեւ կեանքի եւ կրօնական գիտութիւն։
Զօրավար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութիւնը հանդիսանում է լուսաւոր ու պայծառ մի էջ Իրանի Իսլամական Յեղափոխութեան արդի պատմութեան, ինչպէս նաեւ գեղեցիկ ու դաստիարակիչ պատմութիւն գալիք սերունդների համար։ Նահատակութեամբ նա անմահացաւ, որովհետեւ նահատակների մահը անմահութիւն է. ի վերջոյ նահատակները կազմում են մի ազգի ամենաազնիւ տարրերը։

Որքան յուզիչ եւ դաստիարակիչ է հետեւեալ վկայութիւնը.-

Ամիսներ առաջ երբ Երեւանում շրջանային մի ժողովի ընթացքին, որին մասնակցում էին Սիրիայից, Լիբանանից, Իրանից եւ այլ երկրներից երիտասարդներ, Հալէպի երիտասարդները մօտենում են Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Դկտ. Կարէն Խանլարեանին եւ հարց են տալիս թէ ինք ճանաչել է զօրավար Ղասեմ Սոլէյմանիին։

-Մօտիկից չեմ ճանաչել, բայց լսել եմ նրա բարի եւ քաջ համբաւի մասին, ասում է պատգամաւորը։
-Խնդրում ենք ձեզանից, ասում են տղաքը, Թեհրան վերադարձին հաճեցէք մեր կողմից զօրավարի երկու այտերից համբուրեցէք եւ ասացէք, որ մենք շատ ենք կարօտել իրեն յաւելելով, որ ինք մեզ համար մի ժայռ էր, որին յենած էինք ամբողջ կռւի ժամանակ։

Թեհրան վերադարձին յարգելի պատգամաւորը յատուկ կերպով հանդիպել է զօրավարին եւ իրեն փոխանցել Հալէպի տղոց փափագը. զօրավարը յուզումնախառն ապրումներով կրկին ողջագուրւում է պատգամաւորի հետ եւ յուզումով յիշում այդ օրերը։
Այո՛, տասնեակ հազարաւորներ յուզումնախառն ապրումներով կարօտել են զօրավարին եւ այդ կարօտով իր յիշատակը վառ են պահում։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

12 Յունւար 2020
Թեհրան