Թ. Հ. թեմի առաջնորդը ընդունեց Իրանի ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների եւ հայերէն ռադիոժամի տնօրինութեանը եւ աշխատակազմին

Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով յունւարի 8-ին, առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների Կովկասի եւ միջին Ասիայի տնօրէն Բորհան Հեշմաթին, Հայերէն ռադիոժամի տնօրէն Ալի Ռեզա Հասանեանը եւ ռադիոժամի աշխատակիցները: Հիւրերը նախ այցելեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին, որից յետոյ, ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին ընդունեց Թ. Հ. թեմի առաջնորդը:

Սրբազան Հայրը կարեւորելով իւրաքանչիւր երկրի զանգւածային լրատըւամիջոցների դերը, ընդգծեց. «Գիտեմ, որ լրատւական միջոցները, որեւէ երկրի եւ կամ հասարակութեան ամենակարեւոր հաստատութիւնն է, եւ ընդհանրապէս, ասւում է, որ այն չորրորդ իշխանութիւնն է: Մեր երկրում, այստեղ ես հետեւում եմ թէ լուրերին, եւ թէ յայտագրերին եւ իսկապէս ծրագրերից հիանում եմ բազմազանութեան եւ այլազանութեան առումով»:

Սրբազան Հայրը անդրադառնալով նահատակ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանը ընդգըծեց. «Նահատակները ազգի ներշընչման աղբիւր են եւ ուղեցոյց են լինում ժողովրդի ու սերունդների համար: Ես վստահ եմ, որ նահատակ Ղասեմ Սոլէյմանին եւ իր նման հերոսները, իրանեան պատմութեան ամենալուսաւոր դէմքերն են հանդիսանում»: Հանդիպմանը, Բորհան Հեշմաթին շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդը ընդգծեց, որ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների կրօնական հաստատութիւնների հետ սերտ կապերը կարեւոր դեր են խաղում երկխօսութեան համար եւ գնահատեց, որ Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ նահատակ Ղասեմ Սոլէյմանիի վեհ անհատականութեան մասին: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել նման վեհութիւնների ուղին:

Հանդիպման ընթացքում հայերէն ռադիոժամի տնօրէն Ալի Ռեզա Հասանեանը շնորհաւորելով Սրբազան Հօրը, առողջութիւն մաղթեց նրան եւ ընդգծեց, որ ռադիոժամի աշխատակիցները փորձում են ինչքան հնարաւոր է արագ եւ ստոյգ փոխանցել լուրերը եւ Սրբազան Հօր հետ յաճախ են լինում հարցազրոյցներ կապւած զանազան իրադարձութիւններին եւ յոյս յայտնեց, որ է՛լ աւելի խորանան նման կապերը: Վերջում հայերէն ռադիոժամի աշխատակիցների անունից Սրբազան Հօրը շնորհաւորեց ռադիոժամի աշխատակցուհի Շողիկ Քեշիշեանը:

Լուրը՝ Ալիքից