Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետը՝ Ազգաին Առաջնորդարանում


Չորեքշաբթի 15 յունւարի 2020 թ.-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ռէզա Աբասին նոյն շրջանի 2-րդ մասնաբաժնի քաղաքապետ՝ պրն. Զիեարիին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց այցելուներին, որոնք եկած էին Ս. Ծննդեան տօների առիթով իրենց բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ Առաջնորդարանի դիւանապետը:

Յայտնենք, որ Դուլաբ Գերեզմանատունը գտնւում է վերոնշեալ քաղաքապետարանի շրջանում ու վերջին ամիսներին ընդլայնւել են փոխյարաբերութիւնները եւ համագործակցութիւնները, որի արդիւնքում մաքրազարդւել է գերեզմանատան տարածքը:

Համնդիպման սկզբում յիշատակւեց եւ մեծարւեց նահատակ Ղասեմ Սոլէյմանին ու ակնարկներ արւեց նրա իրականացրած գործունէութեան կարեւորութեան մասին, որը ուղղակի անդրադարձ է ունեցել երկրի բարգաւաճմանը, նշելով, որ երբէք մոռացութեան չի մատնւում նման մեծ հերոսների յիշատակը:

Հանդիպման ընթացքում խօսւեց երկկողմ յարաբերութիւնների շարունակական լինելու ինչպէս նաեւ ընդհանրական հարցերի շուրջ:

Սրբազան Հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց հիւրերի ներկայութեան, շնորհաւորանքների եւ համագործակցութեան համար: Թեմակալ առաջնորդը, իր խօսքերում յայտնեց «Մենք աղօթում ենք, որ Աստւած իմասնութիւն տայ բոլորին, որպէսզի խաղաղութեամբ մենք մեր կեանքը շարունակենք քանի, որ խաղաղութիւնը առաջնորդում է ստեղծագործութեան»:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անունից շնորհակալութեան ու երախտի քի խօսքերով հանդէս եկաւ խորհրդի անդամ՝ պրն. Աշոտ Սինանին ու համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց իրանի հայ համայնքի մասին:

Քաղաքապետ՝ դոկտ. Ռէզա Աբասին իր արտայայտութիւններում նշեց, որ եկած է Թեհրանի ընդհանուր քաղաքապետ՝ դոկտ. Հանաչիի յանձնարարութեամբ ու նրա կողմից նաեւ փոխանցեց շնորհաւորանքներ, մատնանշելով, որ սոյն շրջանում յատուկ ուշադրութիւն է դարձւելու մշակութային ժառանգութեան կապւող վայրերի պահպանման եւ բարելաւման աշխատանքներին ու արդէն իսկ յատուկ նպաստ գումար է յատկացւել այդ աշխատանքի համար:

Հանդիպման աւարտին կողմերը յաջողութիւններ մաղթեցին միմեանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ