ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

2020 թւականի փետրւարի 18_ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավաններին։

Այս տարի այս սուրբ տօնը համընկել է փետրւարեան ապստամբութեան տարեդարձին, որ հայ ժողովուրդը մի անգամ եւս ընդվզեց Յազկերտի նման բռնակալի`սովետական բռնապետութեան դէմ։ Այսօր եւս հնչում է Սուրբ Ղեւոնդի կոչը իւրաքանչիւր հայորդու ականջին` Եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատւենք, այլ անաւարտ Աւարայրի դաշտի պինդ սրտով եւ հաստատուն հաւատով յօժարակամ յարձակւենք այն թշնամիների վրայ,որ վեր են կացել գալիս են մեզ վրայ: Մեր յոյսը կրկնակի է երեւում մեզ,եթէ մեռնենք՝ կապրենք եւ եթէ մեռցնենք՝միեւնոյն կեանքն է կանգնած մեր առաջ:

Ղեւոնդեանց քահանայից անւան տակ ճանաչւում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից յետոյ, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Յազկերտ Բ-ի հրամանով ձերբակալւում են Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարւում Ապար աշխարհի Նիւշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկւում է ընդունել զրադաշտական կրօնը : Նրանք` մերժում են այդ առաջարկը:

454 թ. քուշանների դէմ մղած մարտերում պարսիկները պարտութիւն են կրում: Մոգերն այս պարտութեան պատճառը վերագրում են Ղևոնդեաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակւում են:

Պատմութիւնը յիշում է նրանց անունները. Յովսէփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երէց, Մուշէ քահանայ, Արշէն երէց եւ Քաջաջ սարկաւագ:

Նրանց հետ էին նաև Աբրահամ և Խորէն Երէցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տօթակէզ եղանակներին, Խորէնը մահանում է: Աբրահամը հետագայում թոյլտւութիւն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրւում է Բզնունիքի եպիսկոպոս:

Այս տարի Ղեւոնդեանց Քահանայից տօնը Թեհրանում` Նախագահութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի ոգեկոչւեց Սուրբ Գէորգ եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ` ձեռամբ Արժ. Տ. Մեսրոպ քահանայ Ռատթէոսեանի։

Պատարագին ներկայ էին քահանայ հայրերը, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ ու հաւատացեալ ժողովուրդ։

Յաւարտ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն թեմում ծառայած հանգուցեալ քահանաների հոգու հանգստեան համար։

Սրբազան հայրը յիշեալ տօնը կոչեց հայ առաքելական եկեղեցու ամենամեայ նւիրական տօներից մէկը, շեշտելով յիշեց ժամանակի Յովսէփ կաթողիկոսին եւ նրա գլխաւորութեամբ հոգեւորականների այն խմբին, որոնք աքսորւեցին Պարսկաստան, ու իրենց հաւատքի կեանքով, բազում նեղութիւնների համբերելով յաղթահարեցին չար թշնամուն՝ միշտ յիշելով Տէրունի պատգամը, որ ասում է․«Մի վախեցէք նրանցից, որ մարմին են սպասնում, բայց հոգին սպանել չեն կարող»։

Սրբազան Հայրը յիշատակելով այդ նւիրեալ խմբի քահանայական խոնարհ աստիճանը կրող ու ալեհեր Ղեւոնդ Երէցին, մատնանշեց Քրիստոնէական հաւատքին տածաց հաւատարմութեանը, որի պատճառով ամբողջ այդ խումբը մինչեւ այսօր կրում է Ղեւնդեանց քահանայից կոչումը։ Սուրբ Ղեւոնդ երէցի կեանքի օրինակը շեշտելով Սրբազան Հայրը յաւելեց, որ «Այն ինչ մարդուն արժեւորում է եկեղեցուն, կրօնին ու ազգին ու հայրենիքի նկատմամբ ունեցած յանձնառութիւնն ու նախանձախնդրութիւնն է»։

Սրբազան Հայրը յիշեց նաեւ, որ «Սուրբ Ղեւոնդ երէցը լինելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից եւ գործակիցներից մին, իր էութեան էր շաղաղել Քրիտոնէութիւնը, ազդակ՝ որ յանձն պիտի առնի ամէն հայորդի։»

Ապա դառնալով քահանայ հայրերին յորդորեց որպէս Աւետարանի սպասաւորներ հետեւելով օրւայ սրբերի օրինակին լինեն բարի հովիւներ եւ Աստծու պաշտօնեաներ ու մշակ առանց ամօթի՝ Աստծու անբիծ եւ օրինակելի սպասաւորը, որի բերանից միայն Աստծու օրհնութիւնն ու օրէնքը կը բխի։

Վերջում Սրբազան Հայրը դիմելով ժողովրդին Սուրբ Առաքեալի բառերով հրաւիրեց աղօթելու հոգեւորականաց դասի համար, որպէսզի նրանք հաստատ մնան իրենց վստահւած կոչումին։

Այդ առիթով, Սուրբ Գէորգ եկեղեցու եկեղեցական խորհուրդը մի ընդունելութիւն էր կազմակերպել Հ.Բ.Ը. Միութեան սրահում, ուր հրաւիրւել էին՝ Թեմակալ առաջնորդը, քահանայից դասը եւ Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների ներկայացուցիչները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ