Երգի եւ երաժշտական գործիքների Մշակութային փառատօնը՝ 165 աշակերտների մասնակցութեամբ

Աւելի քան 10 տարի է, որ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախումբը կազմակերպում է Մշակութային փառատօն:

2015-2016 ուսումնական տարեշրջանի Մշակութային փառատօնի երգի մրցոյթը կայացաւ չորեքշաբթի, փետրւարի 10-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում եւ երաժշտական գործիքներինը՝ ուրբաթ, փետրւարի 12-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Թեհրանի հայոց դպրոցների եւ ուրբաթօրեայ դասընթացներ յաճախող 165 աշակերտների մասնակցութեամբ:

 

Երգի փառատօնին իրենց մասնակցութիւնն էին բերել հայոց դպրոցների 62 աշակերտներ, որոնցից 41-ը տարրականի եւ 21-ը միջնակարգ օղակի աշակերտներ էին: Ձեռնարկը կայացաւ չորեքշաբթի, երեկոյեան ժամը 4-ից մինչեւ 8:30-ը, որտեղ ելոյթներով հանդէս եկան նախ տարրական եւ ապա միջնակարգ դպրոցների աշակերտները, որը աւարտւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախմբի չորս երգերի կատարմամբ:

Ձեռնարկի աւարտին բոլոր մասնակիցներին տրւեցին գնահատագրեր իրաւարար կազմի անդամներ՝ Արփի Սիմրոջեանի, Թենի Յակոբեանի, Մելանի Աւանէսեանի, Մեղեդի Նազարեանի եւ Էդիկ Թամրազեանի ձեռամբ:

Ձեռնարկին ներկայ էին Կրթական խորհրդի անդամներ՝ Մելինէ Բադալը եւ Մանաւազ Խաչատրեանը:

Երաժշտական գործիքների մրցոյթը բաժանւած էր երեք բաժինների: Ուրբաթ, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կ. յ. ժամը 2-ը տեղի ունեցան տարրական օղակի 54 աշակերտների ելոյթները, կ. յ. ժամը 3-5-ը միջնակարգ օղակի 22 աշակերտների եւ 5-8-ը է ստրադային բնոյթ ունեցող ելոյթները, որոնց մաս էին կազմում նաեւ գիթառի կատարումներ թւով՝ 27 հոգի: Ելոյթներին ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը եւ Կրթական խորհրդի անդամներ Ժասմէն Մինասեանը եւ Մանաւանզ Խաչատրեանը: 

Երաժշտական գործիքների բնագաւառում եւս գնահատագրեր տրւեցին բոլոր մասնակիցներին իրաւարար կազմի անդամներ՝ Լուիզա Աւետիսեանի, Մելանի Աւանէսեանի, Սեւան Աբեդիի, Ռուբէն Արզումանեանի, Կարէն Մեհրաբեանի, Արմէն Ասատրեանի, Արմէն Աբրահամեանի եւ Հայկազ Աբրահամեանի ձեռամբ:

Աշակերտական ասմունքի փառատօնը կայանալու է առաջիկայ ուրբաթ, փետրւարի 19-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, առաւօտեանը ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8-ը: