Սրբազան Հօր Պատգամը Տօն Աւետման Ս. Աստւածածնի Առիթով

Շատ սիրելի եւ թանկագին մայրեր

Ապրիլի 7-ը մեր եկեղեցւոյ տօնացոյցում Աւետման օր գրւած է։ Այսինքն Աստծոյ Գաբրիէլ հրեշտակը ուղարկւած Աստծուց գալիս է եւ շնորհալի կոյս Մարիամին Աւետում է, որ ինքը պիտի յղիանայ եւ որդի պիտի ունենայ։
Աւետման օր է այսօր եւ օրւան խորհուրդը ուրիշ բան չէ, եթէ ոչ մայրութեան, անարատ մայրութեան խորհուրդը բովանդակում է իր մէջ։

Ես ուզում եմ ձեզի կարդալ Աւետարանական այն հատւածը, որտեղ Գաբրիէլ հրեշտակը գալիս է եւ Աւետիս է տալիս Ս. կոյս Մարիամին։

Եղիսաբէթի յղիութեան վեցերորդ ամսին, Աստւած Գաբրիէլ հրեշտակին ուղարկեց Գալիլիայի Նազարէթ քաղաքը, մի կոյսի մօտ, որ նշանւած էր Դաւթի սերնդից՝ Յովսէփ անունով մի մարդու հետ։ Կոյսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը գալով Մարիամի մօտ ասաց. §Ուրախացիր շնորհալի կոյս, որովհետեւ Աստւած քեզ հետ է¦։ Այս խօսքի վրայ Մարիամը խռովւեց։ Նա մտածում էր թէ ի՞նչ է նշանակում այս ողջոյնը։ Սակայն հրեշտակն ասաց նրան. §Մի վախենար Մարիամ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին։ Ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդին կը կոչւի։ Տէր Աստւած նրան կը տայ իր հօր՝ Դաւթի գահը եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի սերունդների վրայ, նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ¦։ Մարիամն ասաց հրեշտակին. §Ինչպէ՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ¦։ Հրեշտակը պատասխանեց. §Ս. Հոգին վրադ կը գայ եւ Բարձրեալին զօրութիւնը կը հանգչի քեզ վրայ, որովհետեւ քեզանից ծնւելիք զաւակը Սուրբ է եւ Աստծոյ որդի պիտի կոչւի։ Ահա քո ազգական Եղիսաբէթը էլ, չնայած որ ծեր եւ ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է ինչ յղի է։ Իմացիր որ Աստծոյ համար անկարելի բան չկայ¦։ Մարիամն ասաց. §Ես Աստծոյ աղախինն եմ։ Թող քո ասածը լինի¦։ Ապա հրեշտակը գնաց Մարիամի մօտից։

Որքան գեղեցիկ, ներշնչող եւ պարզ պատմութիւն է այս սիրելիներ, որտեղ Մարիամին հաւատքը կը դրսեւորւի, իր անարատութեամբ եւ միեւնոյն ժամանակ՝ իր մայրանալու խոստումը Աստծուց ընդունում է, որպէս Աստծոյ կողմէ իրեն թելադրւած կոչ։
Այսօր մեր եկեղեցին, յատկապէս Իրանահայ մեր զանգւածի մօտ եւ մեր գաղութին մէջ նշւում է, որպէս Մայրերի տօն եւ իսկապէս Աւետման տօնը երեւի ամենաիմաստալից ձեւով առնչւած է մայրութեան խորհրդին հետ, որովհետեւ Աստւածամայրը, մայրն է ամբողջ տիեզերքի եւ հետեւաբար իր խորհուրդը փոխանցւում է մեզի եւ մայրերին ու մայրութիւնը ապրում են իրենց կեանքին մէջ։ Դրա համար մեր հայրերը, մեր ժողովուրդի կեանքում գործող անձինք միշտ մայրութիւնը գերադասած են որեւէ մէկ բանից աւելի։ Մայրը նկատած են տան սիւնը, մայրը նկատած են տան նահապետը, մայրը նկատած են տան առաստաղը, այլ խօսքով մայրը իր մէջ բովանդակած է տունը ամբողջ։

Յովհաննէս Շիրազն ասում է՝

Մեր յոյսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մարս,
Մեր օրօրոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տէրն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան աղբիւրն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս
Մեր տան ճրագն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստւածն է մայրս։

Այո սիրելիներ, կարդանք մեր պատմութիւնը եւ կը տեսնենք, որ մեր մայրերը եղել են բոլոր այս յատկանիշներով անձնաւորութիւնները, որոնք հայ տունը ջերմացուցած են իրենց սիրով, որոնք մեր ժողովուրդի ամենատագնապալի օրերին, եղած են մխիթարութիւն եւ մխիթարանք մեր ընտանիքներին, եղած են զօրութեան աղբիւր եւ իրենց այդ զօրութեամբ, մեր ֆիդայիններին եղել են ներշնչման աղբիւր, այլ խօսքով, հայ մայրը մեր եկեղեցում եւ մեր կեանքում այդ կեանքը լինի ազատագրական պայքարի կեանք, այդ լինի գրականութեան հոգեւոր ապրումների կեանք, այդ բոլորին մէջ կը բարձրանայ մօր պատկերը, որպէս գերագոյն խորհրդանիշը այդ բոլորին։ Ինչ էլ ասենք հայ մօր մասին քիչ է։

Ես աղօթում եմ, որ մեր հայ մայրերը, յատկապէս տագնապալի այս օրերին, տուներուն իրական ճրագը լինեն, մեր տուներուն իրական մխիթարութիւնը լինեն, մեր տուներուն իրական դաստիարակը լինեն, մեր տուներուն իրական Աստծոյ խօսքը՝ իր շրջապատին փոխանցողները լինեն։ Մի խօսքով աղօթում եմ, որ հայ մայրը իր գիտակից վիճակով, իր առողջութեամբ լինի տան ներշնչարանը եւ տան այն դուռը, որից ներս մտնելով մենք բոլորս հանգիստ, խաղաղ կեանք կունենանք։ Խաղաղութիւն պարգեւող անձնաւորութիւն է մայրը տան մէջ։ Հետեւաբար տօնական այս օրերին, ես բոլորիդ սիրելի մայրեր համբուրում եմ ձեր ձեռքերը եւ աղօթում եմ, որ Աստւած ձեզ ամէն բանից հեռու պահի, փորձանքներից, նեղութիւններից եւ ձեզ Ս. Հոգու զօրութեամբ ամրացնէ, որպէսզի կարողանաք մնալ տան լոյսը, տան ճրագը եւ ինչուչէ նաեւ մեր ժողովուրդի իրական մայրը։ Մայրը, որ կը կարողանայ իր շուրջ համախմբել իր ժողովուրդի բոլոր զաւակները։
Աստւած օրհնէ Ձեզ, Ձեր տօնը շնորհաւոր եւ Աստւածային օրհնութիւն Ձեր բոլորին։ Ամէն։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Դիտեք տեսանիւթը այստեղ՝

https://www.aparat.com/v/CQLvN