Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱԶԳԻ ԵՒ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՆԱՐՀ ՍՊԱՍԱՒՈՐ՝ ՀԱՅԿ ՊՈՍԹԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Սրտի դառն կսկիծով իմացայ իմ շատ սիրելի, թանկագին հարազատի՝ Հայկ Պոսթանեանի մահը, որ տեղի ունեցաւ 12 մայիս 2020-ին իր երկրաւոր կեանքի վերջին բնակավայր՝ Լոս Անջելոսում, խոր սուգի մատնելով իր նոյնքան սիրելի տիկինը՝ Սոնան, զաւակները՝ Անին, Զօհրապն ու Մարալը, թոռնիկներն ու հարազատները։

Մահը կեանքի անբաժան իրականութիւն է, մարդ արարածը ծնւում, մեծանում, հասակ է առնում, գործում եւ ի վերջոյ մահանում է. քրիստոնէական մեր հաւատքի համաձայն երկրաւոր կեանքից փոխադրւում է երկնային կեանքի։ Եկեղեցական արարողութեան ընթացքին, երգւում է Ներսէս Լամբրոնացիի հոգեւոր երգերից ամենագեղեցիկներից մէկը. «Քո ծառայի այս աշխարհից մեկնումի առիթով հաւաքւածներս, արցունքով աղաչում եւ պաղատում ենք քեզ ասելով. Ուղեկից եղիր այս հանգուցեալին, որ իր կեանքը քեզ հետ ապրեց. քո հօր լուսեղէն օթեւանների մէջ հանգչեցրու մեր այս ննջեցեալին»։

Կեանքը ուխտագնացութիւն է առ Աստւած. ուխտագնացութեան ողջ շրջանին հաւատացեալը կոչւած է իր կեանքը ապրելու Աստծու կամքի համաձայն, որպէսզի արժանանայ «Տիրոջ օթեւանների մէջ հանգչելու» վարձքին։ Այլ խօսքով, որպէսզի արժանանայ Աստծու մշտատեւ ներկայութեան։

Հայկ Պոսթանեանը Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ ազատւած երկրորդ սերունդին էր պատկանում։ Իր կեանքի իննսուն տարիները արժեւորեց ու իմաստաւորեց այնպիսի առաքինութիւններով, որոնցով հիւսւեց իր փառքը այս աշխարհում, մի բան որ ոչ մէկ ատեն դրա յետեւից չէր, որովհետեւ միշտ կրկնում էր, որ փառքը Աստծուն է, մենք այդ փառքի ստւերներն ենք։

24 տարեկան երիտասարդ վարդապետ էի, 1970-ի հոկտեմբերին երբ գործուղղւեցի Պասրա (Իրաք) հոգեւոր ծառայութեան։ Պասրահայութեան մէկ կարեւոր մասը վասպուրականցիներ էին Ցեղասպանութիւնից ազատւած. կար նաեւ մի փոքրիկ խումբ, որ 18-րդ դարու սկիզբը Նոր Ջուղայից իջել էին Պասրա եւ Պաղտատ եւ դարերով պահել էին իրենց հաւատքն ու լեզուն եւ ճանաչւում էին որպէս տեղացի հայեր։

Երիտասարդական խանդով ծառայում էի իմ ժողովրդին, որին շուտով մեծ սիրով եւ յարգանքով կապւեցի։ Իմ ծառայութեան առաջին շրջանին բախտը ունեցայ ծանօթանալու պաղտատաբնակ Հայկ Պոսթանեանին, որի քենեկալն ու քենին Պասրա էին մնում եւ իր քենեկալին հայրը՝ քեռի Պօղոսն ալ մօտս էր մնում։ Մի օր քեռի Պօղոս յատուկ ուրախութեամբ ասաց, որ մեծ տղուս քենեկալը՝ Հայկը Պաղտատից Պասրա է եկել եւ փափագ է յայտնել ինծի հանդիպելու. «Հայկը շատ լաւ մարդ է, ըսաւ քեռի Պօղոսը, հայրենասէր, ընտանիքի հայր եւ ազգային հասարակական ու եկեղեցական ոլորտում անշահախնդրօրէն աշխատող է» եզրակացուց քեռի Պօղոսը։

Ծանօթացանք, երկարօրէն զրուցեցինք մեր կեանքը յուզող հարցերի մասին եւ առաջին հանդիպումից մեր միջեւ յառաջ եկաւ մի անքակտելի կապ, որ տարիների ընթացքին աւելի ամրացաւ եւ այն երբեք ստւեր չտեսաւ։

Եւ հիմա գիշերային այս պահին երբ մտաբերում եմ չորս տարիների Պասրա իմ ծառայութեան շրջանը եւ այդ ընթացքին տեղի ունեցած մեր յարաբերութիւնները մեծ յուզումով ու ալեկոծ սրտով թուղթին եմ յանձնում այս տողերը, մտաբերելով իր ժպտուն դէմքը։

Անխոնջ աշխատող, երբեք չյոգնող եւ միշտ կայտառ, թարմ ու պայծառ մտքով էր գործում Հայկը եւ իր կեանքը իմաստաւորում։

1972-ի նոյեմբերին Պաղտատի Ս. Աստւածածին հին եկեղեցին վերանորոգւած էր եւ պաշտօնական օծումը պիտի կատարւէր. օրւայ առաջնորդ երանաշնորհ Ասողիկ Արք. Ղազարեանի կողմից հրաւիրւած էի մասնակցելու կրօնական արարողութեան եւ այդ առիթով ալ արաբերէն լեզւով արտայայտւելու։

Արարողութիւնից յետոյ տուն գնացի, Հայկը եւ Սոնան արդէն ճաշի պատրաստութիւն էին տեսել. ճաշից յետոյ յանկարծ դռան զանգը հնչեց, Հայկը դուրս ելաւ եւ մի քանի րոպէից վերադարձաւ, տխուր դէմքով ու այլայլւած։
-Խէր է Հայկ, իրար անցած հարց տւի.
-Բան չկայ … հիմա կարեւոր տեղ եմ երթալու, վերադարձին կը պատմեմ։
Եւ անմիջապէս իր Վոքսվագոնով գնաց եւ երկու ժամ ետք, նեղսրտած, տխրադէմ ու շփոթւած ներս մտաւ։

Բոլորս անհամբեր էինք իմանալու թէ ի՞նչ էր պատահել։

Մեր տղաքը ձերբակալել են. Կենտրոնական Կոմիտէի բոլոր տղաքը բանտարկել են. յուզումնախառն շեշտով ասաց Հայկը։

Այնուհետ խօսեցինք ենթադրեալ հետեւանքների մասին. մի քիչ մթնոլորտը փոխելու համար ասացի. Հա՛յկ, երեւի նեղութիւնդ դրա համար է որ դուն տղոց հետ չես…։ Ոչինչ … մի նեղւիր, գաղափարական անձերի կեանքը միշտ փշոտ է ու տատասկոտ եւ նման առիթներ վաղ թէ ուշ ներկայանում են։

Մի պահ լռութիւնից յետոյ, Հայկը խորհրդապահօրէն զիս մէկ կողմ տարաւ եւ ըսաւ.-

-Հայր Սեպուհ, եթէ պէտք եղաւ կրնաս այս գիշեր Պէյրութ երթալ եւ այդտեղ պատասխանատուներին լուր տալ եղածի մասին։
-Ամենայն սիրով, առանց վարանումի պատասխանեցի.
Իրիկնամուտին Հայկը կրկին գնաց եւ մի ժամից վերադարձաւ ու յայտնեց, որ բարեբախտաբար մեր ընկերներից մէկը գնում էր, իր միջոցաւ անհրաժեշտը տնօրինեցինք։

Այս տխուր միջադէպից յետոյ Հայկի ազգային, հասարակական ու եկեղեցական կեանքը նոր թափ ստացաւ, հակառակ երկրում տիրող դժւարին պայմաններին։

Հայկը հաւատաւոր, անշահախնդիր ու նախանձախնդիր գաղափարախօսն ու հասարակական գործիչն էր. երբեք չէր սիրում իր արածների մասին խօսել. խոհուն, կատակասէր ու հաղորդական անձնաւորութիւն էր։

Իր տունը իր սրտի նման բաց էր ամենուն համար։ Ընտանեկան այդ ջերմ մթնոլորտի մէջ դաստիարակւեցին իր երեք զաւակները՝ Անին, Զօհրապն ու Մարալը, ու այս տողերը գրելիս մտաբերում եմ երեքի անմեղունակ մանկութիւնը։ Պատկերացնում եմ այդ տիպար ընտանիքը իր ամբողջութեան մէջ։ Հայկը բախտաւոր էր, որ Սոնայի նման զարգացած, բանիմաց եւ հայ կնոջ նւիրական առաքելութեան հաւատաւոր ազնւական տիկին ունէր իր կողքին։

1974 յունւարի վերջին օրերին, երանաշնորհ Տ. Տ. Վազգէն Ա. հայրապետի հրաւէրով Հայաստան Ս. Էջմիածին գացի. անմոռանալի օրեր էին։ Վերադարձին Հայկը օդակայան էր, տուն վերադարձի հազիւ փակը մտած փոքրիկ Զօրիկը տնից դուրս եկաւ եւ բարձր ձայնով ասաց.
-Ո՞ւր մնացի՛ր հայր սուրբ կարօտցայ քեզի…
Ինչպիսի անմե՛ղ ու հարազա՛տ արտայայտութիւն։

Առիթով մը Պասրայի մեր ազգայիններէն՝ պրն. Լեւոն Պօղոսեանի հետ, իր կարգին հայրենասէր ու եկեղեցասէր մի անձնաւորութիւն, Հայկենց տանն ենք. գիշերը մինչեւ ուշ ժամին խօսում, ծիծաղում էինք, դրանից յետոյ փոքրիկ Անին ու Զօրիկը կանչեցի ու սկսանք միասին խանգարել Լեւոնին քունը։ Յաջորդ առաւօտ Հայկը Անիին ասաց.- Գնա, ամօն արթնացուր…։ Լեւոն փորձեց Անին իմ կողմը ղրկել … բայց չյաջողւեց իրեն. է՜հ անմեղունակ յուշեր…։

Հայկը Պաղտատի գաղութի կեանքում իր մեծ ներդրումը ունեցող, բազմաշնորհ ժողովական էր, անշահախնդիր կուսակցական ղեկավար էր, լայնախոհ ու մտածման լայն հորիզոն ունեցող մտաւորական էր։ Յաճախ գիշերները զրուցելիս հայկական, արաբական կամ Արեւմտեան մշակոյթի մասին, հիանում էի իր յիշողութեան վրայ, Շէյքսբիրից հատւածներ էր արտասանում, նոյնպէս էլ հայ եւ արաբ բանաստեղծներից էր ասմունքում։

Բացառիկ ուշիմութեամբ եւ յիշողութեամբ օժտւած էր Հայկը եւ այդ երեւի քաջալերեց զինք, որ քառասունից յետոյ Պաղտատի համալսարանում հետեւի իրաւաբանութեան, որի ընթացքը մեծ յաջողութեամբ աւարտեց, վկայւելով որպէս փաստաբան, սակայն երբեք չգործեց իբրեւ փաստաբան։

Հայկի նկարագրի բացառիկ յատկանիշներից էր իր ազնւութիւնը, անկեղծութիւնը, համեստութիւնն ու ամենէն կարեւորը իր ճշմարտախօսութիւնը։ Որպէս ազգային-եկեղեցական դէմք ան շատ յաճախ ցաւում էր հայակեանքից ներս տիրող թիւրիմացութիւնների, անհիմն պառակտումների ի տես եւ ի լուր։

Իննսուն տարի ապրեց Հայկը. արժեքաւոր, արդիւնաւէտ ու լեցուն կեանք ապրողի համար մահը միշտ վաղահաս է։ Ես վստահ եմ որ բոլոր նրանք ովքեր ճանաչեցին Հայկը երբեք չեն մոռանալու իր խօսուն ու գոհունակ ժպիտը, բայց նաեւ լուրջ, խոհուն եւ իմաստութիւն բուրող իր դիմագիծը։

Թէեւ կամքից անկախ լքեց Պաղտատը եւ հաստատւեց նախ Լիբանան եւ ապա Միացեալ Նահանգներ, այս շրջանի փոթորկոտ կեանքը ալեկոծեց իր հոգին, սակայն ինք իր ուժեղ կամքով եւ զօրաւոր հաւատքով կրցաւ իր փոթորկոտ կեանքի նաւակը առանց մեծ ցնցումների ղեկավարել։ Այս շրջանին իր կեանքի ամենադառն ու ցաւալի պահը իր դեռ շատ երիտասարդ թոռնիկին՝ Սարգիս Արոյեանի դառնաղէտ ու ողբերգական մահն էր, դրանից առաջ էլ իր փեսային՝ Անիի ամուսնոյն ցաւալի մահը։ Երկու մահերն էլ պատահեցան Երեւանի մէջ։

Պաղտատահայ գաղութի դժւարին օրերին միշտ կողքին էր օրւայ առաջնորդին՝ Գերշ. Տ. Աւագ Արք. Ասատուրեանին։ Հայ եկեղեցու առաքելութեան հաւատացող էր եւ յատուկ սէր եւ յարգանք ունէր մեր կաթողիկոսական երկու Աթոռներին եւ անոնց գահակալների եւ ինչու չէ նաեւ պատրիարքական երկու Աթոռների եւ նրանց գահակալների։ Յատուկ յարգանք ունէր նաեւ հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդների նկատմամբ։

Հայկը իր կեանքը ապրեց քրիստոնէական հաւատքով, յոյսով ու սիրով եւ որպէս խոնարհ սպասաւոր իր ազգին եւ եկեղեցուն իր համեստ լուման նետեց մեր ժողովրդի ծառայութեան գանձանակին մէջ։

Սիրելի Հայկ,
կարող ես դու էլ անմահանուն Վահան Թէքէեանին հետ ըսել.-
Հաշուեյարդար, ի՞նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց.
Ինչ որ տըւի ուրիշին, տարօրինա՜կ, ա՛յն միայն…
Այո՛, սփիւռքիան լայնատարած գաղութներում ապրող եւ քեզ ճանաչցած հայորդիները յուզումով, ափսոսանքով բայց նաեւ հպարտութեամբ յիշելու են քեզ իբրեւ մին, որ ծնաւ մահկանացու բայց ապրեց որպէս դէպի անմահութիւն ճախրող անմահ հոգի, որ ինքզինքէն շատ բան տւաւ իր ազգին, եկեղեցուն եւ հայրենիքին։

Բարի երթ սիրելի Հայկ, հաւատում եմ, որ Սոնան, Անին, Զօհրապն ու Մարալը իրենց զաւակներով եւ մենք բոլորս, որ քո մահւան տխուր յիշատակներով ենք պարուրւած, զգում ենք եւ ապրում անխառն հպարտութեան այն զգացումը, որ թողեցիր մեզ իբրեւ մխիթարութիւն։
Ազգը այսօր հրամայական պահանջքն ունի նման խոնարհ հերոսների կեանքի օրինակին եւ ոչ թէ իմաստունակ խրատների ու ճառերի։

Մնա՛ եւ ննջիր խաղաղութեան եւ յաւիտենական լոյսերի մէջ սիրելի՛ Հայկ։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

14 Մայիս 2020
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ