ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԻՆ ԵՒ ԱՂՕԹՔԻՆ

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Քարտուղարութիւնը Մայիս ամսւայ ընթացքին կազմակերպեց առ ցանց հարցազրոյցների մի շարք քորոնաժահր համաճարակի առիթով։ Սոյն հարցազրոյցներին եւ աղօթքին իրենց մասնակցութիւնը բերին Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան (Executive committee) անդամների կողքին նաեւ Ասիայի տարբեր եկեղեցիների յայտնի աստւածաբաններ եւ բարձրաստիճան եկեղեցականներ Թայլանտից, Հարաւային Քորէայից, Սերիլանքայից, Ճաբոնից, Հոնկ Քոնգից, Հնդկաստանից, Իրանից, Ինդոնեզիայից, Քոլոմբիայից եւ այլն։

Վերոյիշեալ երկու ձեռնարկներին իր գործուն մասնակցութիւնը բերեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ իր ելոյթներում կարեւորութեամբ անդրադարձաւ քորոնաժահրի ազդեցութեան մարդկութեան կեանքի եւ այս պարագային Իրանի Իսլամական Հանրապետութեան ժողովրդի եւ իրանահայութեան կեանքի վրայ։ Սրբազան հայրը շեշտեց որ եկեղեցին անտարբեր չմնաց այս տխուր երեւոյթին դէմ յանդիման եւ դրա համար իր եկեղեցական եւ թեմական կառոյցների միջոցաւ առաջին հերթին սննդամթերք հասցրեց կարիքաւոր ընտանիքներին, դրանց կողքին երկու հարիւր ընտանիքների նիւթական օժանդակութիւն տւեց եւ դեռ շարունակում է այն ընել։

Եկեղեցիների փակման հետեւանքով ժողովրդին առցանց եւ լրատւական միջոցներով, ինչպէս Ինսթագրամ, Դիմատետր, հոգեւոր սնունդ, Աստծու խօսք հասցրեց ժողովրդին։

Երկրորդ ձեռնարկը կիրակնօրեայ աղօթքի պահն էր, որ կատարւեց կիրակի 24 մայիսին եւ որի ընթացքին մասնակցողները աղօթքով, քարոզով, հոգեւոր երգերով եւ Աստծու Խօսքի մեկնութեամբ խնդրեցին Աստծուց որ խաղաղութիւն պարգեւի աշխարհին, քորոնաժահրով վարակւածներին առողջութիւն տայ եւ աշխարհը հեռու պահի այս համաճարակից, որ ամբողջ աշխարհի կեանքը ալեկոծեց։

Սրբազան հայրը իր աղօթքից առաջ ջերմօրէն ողջունեց բոլոր հետեւողներին նրանց փոխանցելով իրանահայութեան ողջոյններն ու բարեմաղթութիւնները, այնուհետ իր աղօթքով Աստծուց խաղաղութիւն եւ հաւատքի զօրութիւն խնդրեց։

Երկու այս ձեռնարկները խոր գոհունակութեամբ ընդունւել են բոլոր նրանց կողմից ովքեր կարողացան հետեւել դրանց։


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ