Տօն՝ Եղիսէ մարգարէի

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Եղիսէ մարգարէի յիշատակը այս տարի նշում է ,Յուլիսի 9-ին:

Եղիսէ անունը նշանակում է «Աստւած փրկութիւն է»։ Նա Եղիա մարգարէի աշակերտն էր, և ապրում էր Հրէաստանում Քրիստոսից առաջ՝ 9-րդ դարում: Եղիա մարգարէն Տիրոջ հրամանով Եղիսէին դաստիրակեց իբրև իր յաջորդի: Նրա ընտրութիւնը նման է Ղեւիի՝«Մատթէոս Աւետարանչի» կոչումին։ Ինչպէս Ղեւին ընդունելով Քրիստոսի հրաւէրը, թողեց իր աշխատանքը, եւ ուրախութեամբ խրախճանք կազմակերպեց, ապա հետեւեց Քրիստոսին, այստեղ եւս Եղիսէն սիրով ընդունում է Եղիայի հրաւէրը, թողնում իր տասներկու լուծ եզերը ու գութանը,զոհում դրանցից երեքը ։ Վերջինս իր ուսուցչին հետեւում է մինչև վերջ, տեսնում է հրեղէն կառքով նրա երկինք բարձրանալը: Եղիսէն իր ուսուցչից խնդրում է իրեն տալ իր ունեցած Սուրբ Հոգու զօրութեան կրկնակի չափը:

Եղիան պատասխանում է, դա հնարաւոր է, եթէ նա տեսնի իր երկինք բարձրանալը, որը և տեսնում է Եղիսէն:Եւ երբ Եղիայի թիկնոցն վայր է ընկնում, Եղիսէն այն վերցնում, եւ այսպէս կատարւում է նրա փափագը: Մովսէս մարգարէից յետոյ հին կտակարանում Եղիսէն է ,որ մեծ թւով հրաշքներ է գործել։ Նրա մասին կարելի է կարդալ Գ Թագաւորութիւն 19, Դ Թագաւորութիւն 2-9 և 13 գլուխներում: Նա սիրել է երաժշտութիւն, որի անհրաժեշտութիւնը յաճախ է զգացւել մարգարէանալու ժամանակ (Դ Թագ.3.15):

Եղիսէն մարգարեացել է 65 տարուց աւելի, վեց իսրայէլցի թագաւորների օրօք: Նաև բարեկարգութիւններով և կազմակերպչական գործերով է զբաղւել: Արտաքին թշնամուն՝ Սսորի բանակին երկնային զօրքով կուրացրել եւ ապա Սամարիա է տարել ․ ապա շահել է նրանց բարիքով՝ և բարեկամութեամբ(ԴԹագ.6): Եղիսէն իր խորագիտութեամբ օգնել է իր երկրի թագաւորին, երկրի թշնամիների դէմ տարած պայքարում, թագաւոր է օծել տւել Յեսու զօրավարին, ով բնաջնջել է Աքաաբի կռապաշտ գերդաստանը և վերացրել ամբարիշտ թագուհի Յեզաբելին`Աքաաբի կռապաշտ կնոջը, ով բազմաթիւ նեղութիւններ էր պատճառել իսրայէլի ժողովրդին: Եղիսէի գործած հրաշքներից են Դամասկոսի թագաւորի զօրավար`Նեէման ասորու բժշկութիւնը, Յորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբիւրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի իւղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զաւակին յարութիւն տալը և այլ հրաշագործութիւններ: Նա հրաշքներ է գործել ոչ միայն կենդանութեան օրօք, այլև մահւանից յետոյ: Եղիսէի մահւանից մէկ տարի յետոյ նրա գերեզմանի մէջ, թշնամու բանակի վախից յուղարկաւորները գցում են մի երիտասարդ մեռեալի, որը դիպչելով Եղիսէի ոսկորներին յարութիւն է առնում: