«Ալիք» օրաթերթի հարցազրոյցը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքները լիբանանահայութեանը օժանդակելու եւ թեհրանահայ համայնքում կորոնավիրուսից տուժածներին նպաստելու համար

Համայնքում կորոնավիրուսի մահւան յստակ 26 դէպք է գրանցւել

Բէյրութի ահաւոր պայթիւնի հետեւանքով տուժած հայկական համայնքին զօրակցելու եւ նւիրահաւաքի նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընդունած որոշումների մասին հեռախօսազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:

Այդ մասին Թեմական խորհրդի ատենապետը նշել է. «Բէյրութի պայթիւնի հետեւանքով տուժած լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով՝ հինգշաբթի, օգոստոսի 6-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր գումարած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որ երկուշաբթի, օգոստոսի 10-ին հրաւիրելով համայնքի բարերարներին, նախաձեռնենք դրամահաւաք, որը յատկացւելու է Լիբանանի տուժած հայկական համայնքին, նաեւ որոշում է ընդունւել, որ եկեղեցիներում եւս կազմակերպենք դրամահաւաք, որպէսզի մեր սիրելի հայրենակիցները ցանկութեան դէպքում կարողանան իրենց նւիրատւութիւնները ցուցաբերեն: Այս առումով Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներին ուղղութիւն է տրւել, որ ամէն օր առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 5-ը ներկայ լինեն եկեղեցիներում ժողովրդի նւիրահաւաքները ընդունելու նպատակով »:

Հարցազրոյցի ընթացքում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով՝ կորոնավիրուսի համաճարկի հետեւանքով՝ համայնքում արձանագրւած յստակ մահացութեան թւային պատկերի մասին ասաց. «Դժբախտաբար մինչեւ օրս գրանցել ենք կորոնավիրուսով մահացութեան 26 դէպքեր, որոնց թաղման կարգը կատարւել է պրոտոկոլի համաձայն՝ ընդհանուր մահացածների միջին տարիքը եղել է 73 տարեկան, եւ վերջին շաբաթւայ ընթացքում գրանցւել է երեք դէպք, յուսանք ժողովուրդը յարգելով պրոտոկոլները, հեռու մնայ հիւանդութիւնից:

Օժանդակութեան առումով Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի միջոցով մօտաւորապէս 250 ընտանիքի մի քանի հանգրւանում պարէն է տրամադրւել նաեւ որոշւել է այն ընտանիքներին, որոնք տուժել են կորոնավիրուսից եւ անգործութեան են մատնւել, ամսական 10 միլիոն ռիալի օժանդակութիւն յատկացնել: ԿՕՄ-ի տւեալներով՝ 41 ընտանիքի ցանկ է ներկայացւել, որոնց ընդհանուր առմամբ օժանդակութիւն է յատկացւել մօտաւորապէս 410 միլիոն ռիալ: Բացի այդ հականեխիչ նիւթեր է տրամադրւել մեր ծերանոցներին, բուժարանին, գերեզմանատանը եւ այլ կենտրոններին, դպրոցներին, եկեղեցական խորհուրդներին՝ եկեղեցիների համար: Այս առումով մէկ հանգրւանում 120 միլիոն թուման եւ այլ հանգրւանով 200 միլիոն թուման բիւջէ է հաստատւել այս նիւթերը գնելու եւ տրամադրելու համար»:

«ԱԼԻՔ», Կ. Դ.

10.8.2020