Ուսուցման կառավարման համակարգ (LMS) հարթակի ներկայացումը հայոց դպրոցների տեսուչներին, փոխտեսուչներին և գրասենեակների պատասխանատուներին

Սոյն թւականի օգոստոսի 11-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր տեղեկատւական հանդիպում հայոց դպրոցների տեսուչների, փոխտեսուչների և գրասենեակների պատասխանատուների հետ, հայոց դպրոցներում LMS համակարգի ներդրման կապակցութեամբ:

Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը ողջունելով ներկաներին, հակիրճ ներկայացրեց արտակարգ իրավիճակի պայմաններում, Կրթական խորհրդի կողմից քննարկած ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենարները, կորոնավիրուսի համավարակի ակտիւացման կամ նւազման դէպքում, իհարկէ հիմք ընդունելով Կրթադաստիարակչութեան նախարարութեան որոշումները:

Նա մասնաւորապէս անդրադարձաւ մօտալուտ ուսումնական տարեշրջանում դասաւանդման միջոցներին, շեշտեց նաև, որ ներկայիս իրավիճակը ցոյց է տալիս, որ անկախ բոլոր հանգամանքներից դպրոցներում և նախակրթարաններում անխուսափելի է դասաւանդման առցանց ձևը, հետևաբար Կրթական խորհուրդը նախատեսում է դպրոցներում ստեղծել Learning Management System Ուսուցման կառավարման համակարգ (LMS), հարթակ հեռավար ուսուցման և դասաւանդումների համար:


LMS համակարգին քաջածանօթ պարոն Քեարիմին և «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը իրենց բացատրական տեղեակատւութիւնը ամենայն մանրամասնութեամբ ներկայացրեցին հանդիպմանը հրաւիրւած բոլոր ներկաներին: Իսկ ներկաները էլ իրենց բարձրացրած բազմաթիւ հարցերի միջոցով փորձեցին հասկանալ համակարգի հնարաւորութիւններն ու առաւելութիւնները:

Կրթական խորհուրդը խորին շնորհակալութիւն է յայտնում «Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ