Հայոց ազգային «Արաքս» դպրոցի նկուղում բռնկւած հրդէհը մեծ վնաս չի պատճառել

Հայոց ազգային «Արաքս» դպրոցից տեղեկացել ենք, որ երկուշաբթի՝ կէս գիշերը անց դպրոցում հրդեհ է բռնկւել:

Փետրւարի 16-ին, Ժամը 00:35-ին ակտիւացել է դպրոցի հրդեհային ազդանշանի համակարգը եւ միաժամանակ հեռախօսային ազդանշանով տեղեկացւել է դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը: Տեսչուհին դպրոցի պահակի հետ կապ հաստատելով տեղեկացել է իրավիճակի մասին եւ ժամը 00:38-ին հրշէջ կայանին կանչ է գրանցել: Նա անմիջապէս տեղեկացրել է նաեւ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ՝ Վիգէն Մակարեանին, ով իր հերթին տեղեկացրել է ծնողական խորհրդի անդամ՝ Արմոնդ Միրզախանեանին:
Դէպքից րոպէներ անց դպրոց են հասել հրշէջները, տեսչուհին եւ ծնողականա խորհրդի անդամները եւ վերահսկւել է իրավիճակը:

Հրդեհը բռնկւել է դպրոցի նկուղում գտնւող զուգարաններից մէկում՝ օդափոխչի հոսանքի լարերի մէջ առաջացած կարճ միացման բերումով: Հրշէջների անհապաղ ներկայութեամբ եւ դպրոցի պահակ՝ Էդիկ Ասատրեանի անմիջական գործողութիւններով եւ օգտւելով դպրոցում առկայ կրակմարիչներից, հրդեհը մարւել է նախքան տարածւելը: Այնուհետև մինչև ժամը 01:45-ը հրշէջները հրշիջային սարքերով զբաղւել են դպրոցի շէնքի բոլոր յարկերում տարածւած ծխի հեռացման գործով:

Ի դէպ, հարկ է նշել, որ «Արաքս» դպրոցի «հրդեհային ազդանշանի առկայութեան բերումով կանխւել է մարդկային եւ ֆինանսական անփոխարինելի կորուստները: Հրդեհից առաջացած թեթեւակի վնասների հարցով հետամուտ է Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը , համագործակցութեամբ Կրթական խորհրդի եւ Շինարարական մարմնի:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ