Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐ ՁԱՅՆԻ ԵՒ ԿՈՉՈՒՄԻ ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ ԱՒ. ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆ

Երեք օրեր են անցել այն պահից երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։

Աստւածաստեղծ մարդը իր կոչման եւ առաքելութեան իրագործման ընթացքում, կոչւած է գործել ըստ աստւածադիր օրէնքի, որպէսզի կարողանայ իրական ու վաւերական գործակիցը լինել Աստծու։ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ, որ Քրիստոսին հաւատացող մարդ արարածը, որ գործում է Աստուծոյ անդաստանում, վարձատրւում է իր աշխատանքի համաձայն, «Որովհետեւ, ասում է առաքեալը, մենք պարզապէս Աստծու գործակիցներ ենք» (Ա. Կրն. 3։9)։ Իսկ կորնթացիներին գրած իր երկրորդ թղթում առաքեալը առաւել շեշտադրութեամբ յիշեցնում է մեզ մեր Աստծու գործակից լինելու իրողութեան «Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ, մի վատնէք Աստծուց ստացած ձեր շնորհը»(6։1)։

Աստւածաշնչական վերոյիշեալ խօսքերով առաջնորդւած չորս կողմս եմ նայում։ Մի պահ էլ աւելի հեռուն եմ տարածում իմ նայւածքն ու հայացքը. Աստւած իմ, աշխարհը իր ողջ էութեամբ համաճարակով է վարակւած… աւելին, մահասարսուռ համաճարակի կողմից գերեվարւած է մարդկութիւնը…։ Մարդու բնական կեանքը անկանոնացել է, մեծ ու փոքր պետութիւնները շփոթահար ամէն միջոցի են դիմում վերագտնելու իրենց կեանքի խաղաղ ընթացքը։ Աշխարհն ու մարդկութիւնը կորցրեց եւ դեռեւս կորցնում է հարիւր հազարաւոր մարդիկ, աղքատ, մեծահարուստ, իշխան, մտաւորական ու եկեղեցու սպասաւորներ, յանձնառու հաւատացեալներ։

Թեհրանահայ մեր արդէն իսկ վիրաւոր համայնքը ինքն էլ իր կարգին մահաբեր համաճարակից հարւածւեց եւ ցայսօր աւելի քան 89 հոգի զոհ է գնացել։ Այդ զոհերից վերջինը եղաւ գաղութիս լաւագոյն քահանաներից եւ Քրիստոսի եկեղեցու յանձնառու, հաւատաւոր եւ ժողովրդանւէր սպասարկու հանգուցեալ Կոմիտաս Աւ. Քհնյ. Ղարախանեանը։

Այս պահին, աշխատասենեակիս առանձնութեան մէջ երբ մտածում եմ, որ Տ. Կոմիտաս Աւ. քահանան չկայ, չկայ պարթեւահասակ ֆիզիքականով, գեղեցիկ ու զօրեղ եւ հոգին յագեցնող ձայնով, իր ժողովրդին ընդհանրապէս եւ իր անմիջական հովանու ներքեւ գտնւող ժողովրդի յատկապէս իսկական հոգեւոր հայր եղող Կոմիտաս Աւ. Քահանան, աչքերս ակամայ խոնաւում են ու ձեռքս մի պահ դողդողում է եւ ակամայ շշնջում եմ, ինչո՞ւ այդպէս կանուխ գնացիր Տէ՛ր հայր եւ ապա նայւածքս երկինք բարձրացնելով ասում եմ, կամքդ օրհնեալ լինի, Տէր, ընդունի՛ր ծառայիդ հոգին քո օթեւաններում, քո հայրական անհուն ողորմածութեամբ ու սիրով։

Եկեղեցու անխոնջ սպասաւոր, իր ծխական ժողովրդի իսկական հայր, ընկեր, եղբայր եւ բարեկամ Կոմիտաս Աւ. քահանան աստւածաշնչական ճշմարտութեան համաձայն, իր մարմնով հող էր եւ ետ հողին վերադարձաւ, իսկ հոգին, որպէս բաղկացուցիչ մասը իր նիւթեղէն մարմնին վերադարձաւ իր երկնաւոր հօր։

Հանգուցեալ Տէր հայրը գիտակից իր կոչումին եւ առաքելութեան Աստծուց իրեն տրւած պարգեւ-կեանքը ապրեց յարաբերաբար իր ժողովրդի եւ եկեղեցուն, որովհետեւ հաւատքի մարդ էր եւ իր հաւատքը իր գործով արտայայտող մշակ, համաձայն առաքեալի պատւէրին որ ասում է «Այնպէս որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպէս էլ՝ հաւատն է մեռած առանց գործերի» (Յհ. 2։26)։ Հաւատքով ապրող ու գործող մարդը աստւածահաճ է ու Աստծու կամքը կատարող։

Կոմիտաս քահանան ճանաչեցի երբ իննսունական թւականների սկիզբը Կիլիկիոյ կաթողիկոսութեան քահանայից դասընթացքներին հետեւելու համար Լիբանան-Անթիլիաս էր եկել։

Ես Կիրակնօրեայ Դպրոցների Վարիչ Տնօրէն էի օրական երեւի մի քանի անգամ հանդիպում էր ինձ։ Իմ ուշադրութիւնը գրաւեց աշակերտի իր մեղուաջան ընթացքը։ Դասարանից դուրս միշտ պրպտողի, որոնողի ընթացքի մէջ էր. երբէք չգոհացաւ իրեն տրւածով, միշտ հետամուտ եղաւ աւելիին եւ այդ աւելին նրան ատակ դարձրեց, որ ապագային լաւ ու ժրաջան քահանայ լինի։

Յետագային երբ այնպէս տնօրինւեց, որ Թեհրանի թեմի առաջնորդութիւնը ստանձնեմ Ռաֆֆին արդէն Տ. Կոմիտաս էր դարձել, իրօք փոխակերպւել եւ եղել էր Աւետարանի մշակ ու եկեղեցու ու ժողովրդի սպասաւոր։

Հանգուցեալ Տէր հայրը եղաւ Աստծու խօսքի սերմնացանը. նախանձախնդիր աւետարանական ճշմարտութեան տարածման եւ ժողովրդականացման։ Որպէս Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հոգեւոր հովիւ հետամուտ եղաւ իր ժողովրդի կրօնական դաստիարակութեան եւ Աստւածաշունչ մատեանի գիտելիքների փոխանցման. սրա համար կազմակերպեց կանանց լսարաններ, դպիրների, սարկաւագների դասարաններ եւ ամենից կարեւորը կիրակնօրեայ դպրոցի աշխուժացման ուղղութեամբ հետեւողական աշխատանք։

Եկեղեցական արարողութեանց կանոնաւոր կատարման բծախնդիր Տէր հայրը եկեղեցու եկեղեցական խորհրդի հետ համագործակցաբար հետամուտ եղաւ դպիրների եւ կիսասարկաւագների, ինչպէս նաեւ երգեցիկ խմբի առաւել պայծառացման եւ վերակաորման։ Նոյն նախանձախնդրութեամբ հետեւում էր եկեղեցու ներքին եւ արտաքին պայծառութեան։
Իրական հովիւ էր իր ժողովրդին։ Հովւական իր այցելութիւններով, որոնք կատարւում էին մահւան եւ կամ ուրախ առիթներով, ժողովուրդը աւելիով եկեղեցու եւ հոգեւոր կեանքի ատակ էր դարձնում։ Յաճախակի այցելութիւններ էր տալիս ընտանիքներին, իր ծխական ժողովրդի աշխատատեղիներին, գործարաններին, խանութներին եւ քաջալերում նրանց եւ աղօթքով զօրացնում նրանց։ Ճանաչում էր իր ծուխի բոլոր անդամներին, փոխադարձաբար իր ծխականներն էլ նրան էին ճանաչում։ Աւետարանական հետեւեալ խօսքի թարգմանիչն ու արտայայտիչը եղաւ Տէր հայրը.«Ե՛ս եմ իսկական հովիւը։ Ճանաչում եմ իմ ոչխարներին, եւ նրանք էլ ինձ են ճանաչում»(Յհ. 10։14)։

Հանգուցեալ Տէր հայրը երիտասարդութեան հետ յարատեւ կենդանի հաղորդակցութեան մէջ էր։ Երիտասարդներին եկեղեցի բերելու գործում նախանձախնդիր էր եւ ուշադիր։

Մի հոգեւորականի կեանքի եւ գործունէութեան ամենակարեւոր ու էական երեսը կազմում է իր յարաբերութիւնը իր ծխական ժողովրդի հետ։ Եօթանասունական թւի սկզբնական շրջանին գործուղղւել էի Պասրա-Իրաքի թեմ, տեղւոյն գաղութին ծառայելու համար։ Փորձառութեամբ համոզւեցի, որ որեւէ մի հոգեւոր հովւի յաջողութիւնը անպայմանօրէն իր վկայականի եւ կամ գիտութեան մէջ չէ, թէեւ երկուքն էլ հոգեւորականի պարագային կարեւոր են, այլ իր ժողովրդին տւածի մէջ է, այդ լինի ծառայութիւն, գիտելիք եւ կամ մխիթարական-ցաւակցական, զօրակցական այցելութիւն։

Համայնքում այն ընտանիքների, որոնք ցաւալի երիտասարդ մահեր էին ունենում եւ կամ այլ ցաւալի պարագայի մէջ էին լինում, տւած այցելութիւններին յաճախ Տէր Կոմիտասը ընկերանում էր ինձ. լուռ ուրախութեամբ նկատում էի Տէր հօր մօտիկութիւնը իր ժողովրդին եւ փոխադարձաբար։

Որպէս Նարմաք - Զարքէշ շրջանում գտնւող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հոգեւոր հովիւ, շնորհիւ իր հաղորդական նկարագրի եւ շրջանի պետական այրերի հետ իր յարաբերութեանց, քաղաքապետարանի, պետական կառոյցների քաղաքային թէ զինւորական, ոստիկանութեան եւ թաղային մարմինների պատասխանատուների հետ, այդ յարաբերութիւնները օգտագործում էր իր քաղաքամասի կառոյցների, հաստատութիւնների եւ յատկապէս եկեղեցու եւ դպրոցների բարեզարդման ի խնդիր։

Բազմաշնորհ իր նկարագրով Կոմիտաս Աւ. քահանան իր հնարաւորութիւններն ու շնորհքը օգտագործեց իր եկեղեցու պայծառութեան ի խնդիր, ինչու չէ նաեւ հայ եկեղեցու ընտանեկան իրաւունքների պահպանման համար յաչս պետութեան։ Լաւապէս տեղեակ լինելով պարսկերէն լեզւի, պատմութեան եւ գրականութեան, նա սիրելի էր դարձել պետական այրերին եւ ժողովրդին։ Այս ունակութիւններով հանգուցեալ Տէր հայրը Սասուն քաղաքամասի մեր ժողովրդի զաւակների կողմից մեծապէս սիրւած ու յարգւած էր։

Երեք տարիների Անթիլիասում իր ուսումնառութեան շրջանին հանգուցեալ Տէր հայրը լաւապէս ճանաչեց Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն ու նրա առաքելութիւնը եւ մատուցած ծառայութիւնը մեր ժողովրդին, յատկապէս յետ Եղեռնեան շրջանին եւ սրա համար իր երկու զաւակներից մէկին՝ Սեբաստիային ընծայեց եկեղեցուն նրան ուղարկելով Անթիլիասի Զարեհեան դպրեվանք, որտեղ ութամեայ շրջանը յաջողութեամբ աւարտելուց յետոյ ձեռնադրւեց կուսակրօն եկեղեցական վերակոչւելով Վահրիճ Աբեղայ։ Այսօր հայր Վահրիճը որպէս վարդապետ հովւում է Վենեզուելայի հայ գաղութը։ Վստահաբար Տէր Կոմիտաս իր կողակցին՝ Լիդուշին եւ երկու զաւակներին փոխանցեց հոգեւոր եւ ազգային շունչ, եկեղեցասիրութիւն եւ աշխատունակութիւն։

Անկասկած կարելի է դեռ շատ երկարօրէն գրել Տ. Կոմիտասի մասին, որպէս մարդ, եկեղեցական, հոգեւոր հովիւ, ժողովրդի նւիրեալ սպասաւոր եւ իր կեանքով օրինակելի քահանայ։ Իր այս բոլոր նկարագրային բարենպաստ եւ շնորհաշատ յատկութիւնների շնորհիւ նւաճեց սիրտը իր շրջապատին։ Իր ծառայութեամբ եւ ժողովրդասիրութեամբ եղաւ յարգւած ու մնաց միշտ փնտռւած զրուցակից եւ ընկեր։

Այս տողերը գրելիս ակամայ մտաբերում եմ անմահանուն Վահան Թէքէեանի Հաշւեյարդար բանաստեղծութեան հետեւեալ տողերը.
Հաշուեյարդար. Ի՞նչ մընաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց.
Ինչ որ տըւի ուրիշին, տարօրինա՜կ, ա՛յն միայն.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ։
Ինչ որ գընաց ուրիշին՝ վերադարձաւ անուշցած
Ու զօրացած՝ հոգիիս մէջ մընալու յաւիտեան։

Այո՛, սիրելի Տ. Կոմիտաս ժողովրդիդ տւիր քո հոգուց, սրտից, էութիւնից եւ կեանքից ու այն կը մնայ միայն քեզ սիրողների սրտում եւ մտքում, այն կը մնայ նրանց աղօթքներում եւ մտածումներում, որովհետեւ «Հոգին առաւել է քան զմարմին» ասում է Աւետարանը, որի անյոգնատանջ մշակը եղար մինչեւ այն րոպէն երբ մահաբեր համաճարակը քեզ առաւ իր ճանկերի մէջ ու դու եղար յաւիտենականութեան բնակիչ։

Թող այս խօսքերը ընդունւեն, որպէս միւռոն հեղւած քո անշնչացած ճակտիդ եւ մխիթարութիւն քո սիրեցեալ կողակցին եւ երկու զաւակներին, որից մէկը որպէս միաբանակից վստահաբար շարունակելու է քո առաքելութիւնը, ինչու չէ նաեւ քո ծխական ժողովրդին, որ վստահ եմ դեռ շատ երկար պիտի յիշի եւ աղօթի քեզ համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Ամէն։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

7 Մայիս 2021
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ