Վերնատուն

Թւականիս փետրւարի 23-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 55-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:

Ինչպէս նախապէս տեղեկացրել էինք, «Վերնատուն» գրական 55-րդ հանդիպման թեման՝ Արշալոյս Սարազեան-Բերբերեանի հեղինակած «Կեանքիս եզերքով» յուշագրութեան շարունակութիւնն էր, որը ներկայացրեց Լիդա Բերբերեանը։ Նա յիշատակեց որ մինչ այժմ շարադրւած Վանի մասին գրւած գրքերի հեղինակները, եղել են տղամարդիկ, որոնք ներկայացրել են իրենց հետաքրքրող նիւթերը։ Սակայն Արշալոյս Բերբերեանը լինելով կին, իսկ 1915 թւականին արդէն տասնեօթ տարեկան, իր յուշագրութիւնը սկսելով եօթ տարեկանից, այն նւիրել է Վան քաղաքում ապրող հայերի ներքին կենցաղին՝ սովորոյթներին, ծէսերին, հարսանիքներին կամ օրինակ ինչպէս են դիմաւորել «Կաղանդ գիշերը» (Նոր տարին)։ Ինչպէս են ջրել այգիները, եւմի յուշ «Ամերիկացոց ժողովարան»-ի մօտ բնակւող Հայկ Մոդոյեանից։

Յուշագիրը մէկ առ մէկ յիշատակել է դպրոցում դասաւանդւող առարկաների եւ ուսուցիչների անուն-ազգանունները։ 

Հետաքրքրական էջերից էր Կափամաջեան Պետրոս Բէյի մասին տեղեկութիւնները, ով սերտ կապեր է ունեցել Վանի կուսակալի հետ ի նպաստ հայերի, եւ որն իր կնոջ Ալմաստի հետ ուխտի են գնում Երուսաղէմ Յիսուսի Սուրբ գերեզմանին եւ որում մանրամասն նկարագրում է 19-րդ դարում «Մահտեսի»(հաջի) դառնալու մեզ անծանօթ հետաքրքիր գործընթացը։ 

Յուշագրութեան մէջ յիշւում են աւագ սերնդին պատկանող անհատների կեանքը, նրանց անուն-ազգանունները, որոնք դառնում են ընտանեկան տոհմածառի սկիզբը, ինչպէս օրինակ Սիլւա Կապուտիկեանի պարագան է, որտեղ կան յիշատակումներ՝ նրանից քանի սերունդ առաջ ապրող նախնիներից։ 

Հետաքրքրական է նաեւ Վանի առօրեայ կեանքում հայերի եւ թուրքերի յարաբերութիւնները, իր հակասական կողմերով։ Պաշտօնական վայրերում, ինչպէս օրինակ դպրոցական տարեվերջի հանդէսն է, ներկայ են լինում «Վանի կուսակալը, կառավարական մեծամեծ պաշտօնեաներ, որոնք վերջում բեմից գոհունակութեան եւ շնորհակալութեան ջերմ խօսքեր են ասում»։ Իսկ մի ուրիշ անգամ երբ փողոցում թուրք տղաները յարձակւում են հայ տղաների վրայ եւ փող պահանջում, վերջիններս դիմադրում են եւ տեղի է ունենում ծեծկրտուք։ Միջամտում են ոստիկանները եւ կրակում։ Հայերից լինում են զոհեր, որը թւում է շատ բնական եւ թուրք կողմը մնում է անպատիժ, մի հանգամանք որը քայլ առ քայլ մօտեցնում է Վանի «Ապրիլեան հերոսամարտ»-ին։ 

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը ջերմ խօսքերով գնահատեց կատարւած աշխատանքը եւ խորհուրդ տւեց յուշագրութիւնը ոչ թէ բազմացնել սահմանափակ օրինակներով, ինչպէս որոշւած էր, այլ վերածել տպագրւած գրքի։ 

Վերջում Լիդա Բերբերեանը անդրադարձաւ, որ 9 փետրւարի «Ալիք» օրաթերթում տպագրւած «Գրական հանդիպում» զեկոյցի բնագրում եղել է երկու վրիպում, որն ուղղւում է հետեւեալ կերպ։ 

1- Կեանքը Վան քաղաքում որպէս՝ երկիր դրախտավայր, գաղթը՝ դժոխք, թափառումները՝ քաւարան, այնքան համահունչ Դանթէի բնութագրմանը։

2- Վանի բարբառում հ բաղաձայնը փոխարինւում է խ տառով, որը յիշատակ է մնացել արեւապաշտ խուռիներից։ 

Յաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մարտ ամսի 14-ին, երեկոյեան ժամը 7-ին, որտեղ ներկայացւելու է Վանի հերոսամարտին յաջորդող ամիսները եւ բռնագաղթը: