ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Կ.Օ.Մ.-Ի «ՍԱՀԱԿԵԱՆ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը թւականիս յունիսի 11-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում պարէնային փաթեթներ տրամադրեց, համաճարակից տուժած, ինչպէս նաև անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքներին։

Նոյն օրը կենտրոնում ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, թեմական խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանը, Ս. Վարդանաց եկեղեցու քահանայ հայրը, խորհրդի անդամները եւ հայ կանանց բարեգործական միութեան ներկայացուցիչները ու ազգային բարերարներ։

Ներկայները միասնաբար այցելելով «Սահակեան» բարեսիրական կենտրոնի երկրորդ և երրորդ յարկերը, ականատես եղան կենտրոնի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներին, որի գործընթացն իր աւարտին հասցնելուց յետոյ ժամանակաւորապէս տրամադրւելու է անօթևան հայորդիներին, կեցավայր ապահովելու նպատակով։
Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը լուսաբանական եւ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց շէնքի բարեկարգման աշխատանքների գործընթացից ըստ հետեւեալի, սոյն աշխատանքի իրականացման համար մինչ օրս յատկացւել է 900 միլիոն թուման, որի 450 միլիոն թումանը վճարւել է ազգային իշխանութեան կողմից իսկ շուրջ 450 միլիոն թումանը համայնքիս ազգային բարերաների միջոցով՝ շինանիւթի տրամադրմամբ եւ թէ նիւթական օգնութեամբ: Գործընթացն իր աւարտին հասցնելու համար պահանջւելու է նաեւ շուրջ 200 միլիոն թուման: Նա յաւելեց, որ ընթացքի մէջ է նաեւ Կ.Օ.Մ.-ի կանոնագրի վերատեսութեան աշխատանքը, որը մօտ ապագայում Թեմական խորհրդի հաստատմամբ գործադրման կը յանձնւի։ Պրն. Ծատրեանը իր շնորհակալական խօսքը ուղղեց բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս աշխատանքում:

Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը բարձր գնահատելով այս դժւար պայմաններում տարւած աշխատանքը, շեշտեց այն իրողութեան, որ ազգային աշխատանքերին միշտ իրենց մասնակցութիւնն են բերել ազգիս անվերապահ բարերարները։ Նա նաև այս ուղղութեամբ ներկայացրեց խորհրդի գործունէութիւնն եւ որոշումները:
Պատգամաւոր՝ պրն Արա Շահվերդեանը եւս իր շնոհակալական խօսքը ուղղելով բոլորին, յոյս յայտնեց հնարաւորինս շուտ շահագործման կը յանձնւի բարեսիրական կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկերը։

Հայ Կանանց բարեգործական միութեան նախագահ՝ տկն. Անահիտ Զարգարեանը նաեւ իր հերթին ելոյթ ունենալով իր գոհունակութիւնը յայտնեց կենտրոնի եւ միութեան փոխհամագործակցութեան համար։
Համեստ ընդունելութեան ընթացքին եղան մտքերի փոխանակում, ի վերջոյ թաղի հոգեւոր հովիւ Արժ. Տէր Մաշտոց Քահանայ Խաչատրեանը իր բարեմաղթանքներով եզրափակեց ծրագիրը։

Հարկ է նշել, որ համաճարակի ընթացքում կանոնաւոր կերպով պարէնանիւթեր են ստացել Կ.Օ.Մ.-ի ցանկում ներառւած կարիքաւորները, գործազուրկ դիմողները, նաև հայ կանանց բարեգործական միութեան կողմից ներկայացած ցանկերում ներառեալները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ