«Ալիք» Հաստատութեան կողմից կազմակերպւած՝ «ԶԼՄ-ների դերակատարութիւնը նախագահական ընտրութիւններում, առաւելագոյն թւով մասնակցութիւն ներգրաւելու գործում» թեմայով մամլոյ ասուլիս

Կիրակի, 2021 թւականի յունիսի 14-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի ունեացաւ «Ալիք» հաստատութեան Իրանի նախագահական ընտրութիւնների մամլոյ ասուլիս՝ «ԶԼՄ-ների դերակատարութիւնը նախագահական ընտրութիւններում, առաւելագոյն թւով մասնակցութիւն ներգրաւելու գործում» թեմայով:

Միջոցառմանը ներկայ էին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայացուցիչներ՝ Քահանայ հայրեր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանն ու Արժ․ Տ. Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանսը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ռոբերտ Վեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի տեղակալ՝ պրն. Ալի Փուրը, կրօնական միւս փոքրամասութիւնների նախկին եւ թէ ներկայ իսլամական խորհրդարանում պատգամաւորներն ու համայնքի այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Այս միջոցառման հաղորդավարն էր պրն. Արամ Շահնազարեանը։ Միջոցառման ընթացքին իրենց հերթին արտայայտւեցին՝ «Ալիք» հաստաութեան ներկայացուցիչը, Խորհրդարանի պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը եւ պրն. Ալիփուրը:

Քահանայ հայրերը եւս հերթաբար հանդէս եկան Մեծի Տանն Կոլոիկոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի եւ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի իրանահայութեանը իրանի նախագահական ընտրութիւններին մասնակցելու ուղղութեամբ հրապարակւած պատգամներով։

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը, իր պատգամում շեշտելով պատմութեան մէջ հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին, եւ Իրանի հայ համայնքը իրանեան ժողովրդի անբաժան մասնիկը համարելով անհրաժեշտ համարեց Իրանի նախագահական ընտրութիւններում մասնակցելը։

Սրբազան Հայրը նաեւ իր պատգամում յորդորեց մեր ժողովրդին իրենց գործօն մասնակցութիւնը բերեն ընտրութիւններին, որպէս Իրանի իսլամական Հանրապետութեան քաղաքացի, ի դիմաց բոլոր այն իրաւունքների որ վայելում ենք Իրանի Իսլամական հանրապետութեան սահմաններում։

Ծրագրի ընթացքին ներկայներին առիթ ընծայւեց արտայայտւել օրւայ առիթով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ