Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ՝ գնահատւեցին հայոց դպրոցների տեսչակազմերն ու տնօրէնները

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ հայոց դպրոցների տեսչակազմի եւ տնօրինութեան հետ հանդիպում, որի ընթացքում դպրոցների տնօրէնները պարգեւատրւեցին պառլամենտում Կրթութեան նախարարութեան տեղակալի անունից տրւած գնահատագրերով:

Միջոցառումը տեղի ունեցաւ երկուշաբթի, յունիսի 14-ի առաւօտեան՝ հայոց ազգ. «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում:

Նախաձեռնութիւնը տեղի էր ունենում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, իսկ այդ կազմից ներկայ էր Կրթական խորհրդի նախագահ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ինչպէս նաեւ Մելինդա Քարիմ Մասիհին եւ Կարօ Պետրոսեանը:

Արա Շահվերդեանը պատասխանելով «Ալիք»-ի հարցին, նշեց, որ հանդիպմանը ներկայ տնօրէնների կողմից շօշափւել եւ քննարկւել են համաճարակի բերումով ուսուցիչների աշխատանքները բարդացնող, ինչպէս նաեւ ուսումնադաստիարակչութեան ոլորտում աշխատող ուսուցիչների ու դաստիարակների աշխատանքային ապհովումն ու վճարման հետ կապւած հարցեր, ինչի մասին օրինագիծը գտնւում է խորհրդարանական քննարկումների սեղանին:

Ընթացքում Կրթական խորհրդի անունից հանդէս եկաւ ԿԽ-ի նախագահ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ով անդրադառնալով առցանց դասաւանդման նրբութիւններին ու նկատւող բացերին, յոյս յայտնեց, որ համատեղ ջանքերով ու համբերատարութեամբ հնարաւոր կը լինի յաղթահարել ժամանակի թելադրանքն ու հետեւանքները:

Վարչական ու ֆինանսական մտահոգութիւններով կիսւեցին նաեւ դպրոցների տնօրէնները, որտեղ առաւել շօշափելի խնդիրը աշակերտութեան քանակի նւազումն ու օպտիմալացման անհրաժեշտութեան հետ կապւող հարցերն էին:

Կրթական խորհրդից պարզեցինք, որ միջոցառման համար հրաւէր էր ուղղւել բոլոր դպրոցներին, սակայն տնօրէններից յարգելի պատճառներով բացակայ էր «Շանթ»-ի տեսուչը, իսկ հանդիպմանը «չհասցրեց մասնակցել «Գիւլբենգեան» դպրոցի տեսուչը, ում գնահատագիրը յանձնւել է «Մարի Մանուկեան» դպրոցի տնօրէնին նրան փոխանցելու համար:

Լուրը՝ Ալիքից