ՄԵԿՆԱՐԿԵՑ՝ «ՀԱՅԵՐԷՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻ ԵՒ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՅՔՆԵՐԻ» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Մշակոյթի շաբաթւայ առիթով չորեքշաբթի 13 հոկտեմբեր 2021-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, Սրբազան Հօր ձեռամբ եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ներկայութեամբ բացումը կատարւեց իր տեսակի մէջ իւրայատուկ՝ «Հայերէն դասագրքերի, դպրոցական համզգեստների եւ գրենական պիտոյքների» ցուցահանդէսի, որը կազմակերպւել էր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ու Կրթական խորհրդի եւ նախաձեռնութեամբ կազմակերպիչ յանձնախմբի:

Յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ տկն. Իռէն Աբնուսեանը: Նա ընդգծեց, որ ցուցահանդէսի նպատակն է ներկայացնել տարիներ ի վեր Իրանում եւ այլուր տպագրւած եւ դասաւանդւած հայոց լեզւի, հայոց պատմութեան եւ կրօնի դասագրքերը:

Թեմակալ Առաջնորդը նաեւ իր ելոյթի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ կազմակերպիչ յանձնախմբի մտածումին եւ նախաձեռնութեանը: Առաջնորդը հայոց լեզուն համարեց հայ ժողովրդի ինքնուրոյնութեան կնիքը եւ ընդգծեց, որ հայոց գիրը մեր ժողովրդի առջեւ բաց է անում հայ ժողովրդի սխրագործութեան եւ հոգեւոր, գրական ու մտաւոր հարստութիւնը, հետեւաբար որեւէ միջոցառում, որ նպաստում է մեզ այս ուղղութեամբ մեծապէս գնահատելի է եւ ներշնչող:

Միջոցառմանը ներկայ էին Ի.Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Հայ Աւետարանական եկեղեցու Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ ազգային-հասարակական գործիչներ:

Նշելի է, որ Ցուցահանդէսը շարունակւելու է հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, եւ հոկտեմբերի 28-ին եւ 29-ին Հ.Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 19-ը:

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ