Իր աւարտին հասաւ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 23-րդ նիստը

27 պատգամաւորների մասնակցութեամբ, մարտի 12-ի երեկոյեան ժամը 19:40-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 23-րդ նիստը, որի առաջին բաժինը գումարւել էր մարտի 8-ին:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Նորայր Արամեանի՝ նիստը մեկնարկւեց Տէրունական աղօթքով:

Ժողովը շարունակեց իր 8 կէտանոց օրակարգի 5-րդ կէտի քննարկումը: Նախկին նիստի ընթացքում ժողովը զբաղւել էր 4 կէտերով:

Ներկաների թւի ստուգումից յետոյ օրակարգի 5-րդ գլխի տակ պատգամաւորները ունկնդրեցին Թ. Հ. թեմի Հաշւեքննիչ մարմնի տարեկան զեկոյցը՝ 21 փետրւարի 2015-ից առ 6 մարտի 2016-ը: Մանրամասն զեկոյցը ներկայացրեց Արին Խոսրովեանը:

Զեկոյցի ընթերցումից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների: 

Օրակարգի 6-րդ գլխի տակ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ներկայացրեց առաջիկայ աշխատանքային տարւայ՝ իրանական 1395-ի ֆարւարդին ամսի 1-ից առ 1395-ի էսֆանդ ամսի 29-ի իր ծրագիրը:

Նախահաշիւը պարփակում էր զանազան գլուխներ եւ ենթագլուխներ, որոնք ներառում էին թեմի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի տարբեր մարմինների ու յանձնախմբերի առաջիկայ տարւայ գործունէութեան համար նկատի առնւած ծախսերը եւ եկամուտները:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Մինաս Աղանեանի միջոցով ներկայացւած նախահաշւի իւրաքանչիւր գլխից յետոյ պատգամաւորներին առիթ էր տրւում հարցումների, առաջարկութիւնների եւ տեսակէտների արծարծման: Այս գլխի մանրամասն քննարկումներից յետոյ, որը օրակարգի 7-րդ գլխի տակ էր ամփոփւած, պատգամաւորները եզրակացրեցին, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը երեք ամիս յետոյ վերանայելով ներկայացրած նախահաշիւը, պատգամաւորներին ներկայացնի նոր նախահաշիւ, առ ի հաստատում:

Օրակարգի 8-րդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների զեկոյցները: Հասարակական յանձնաժողովը իր զեկոյցը յանձնել էր դիւանին: Կրթական յանձնաժողովի զեկոյցը ներկայացրեց Շաքէ Աւետեանը, իսկ բիւջետային-տնտեսական յանձնաժողովի զեկոյցը՝ Հենրիկ Ջուակիմը:

Աւարտին երեք պատգամաւորներ հանդէս եկան ազատ ելոյթներով, որտեղ բարձրացրեցին համայնքին յուզող տարաբնոյթ հարցեր:

Եզրափակիչ խօսքով եւ յաջողութեան մաղթանքով արտայայտւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: